Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում իմ առաքելությունն է` պաշտպանել Եկեղեցին, եկեղեցու զավակներին, Քրիստոսի զավակներին, ովքեր ապօրինաբար զրկվել են ազատությունից»․ Ռոբերտ Ամստերդամ

Օգոստոս 11,2025 11:28

Գիշերը Հայաստան է ժամանել քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը: Օդանավակայանում, լրագրողների հետ զրույցում փաստաբանը հայտարարեց՝ եկել է պաշտպանելու Հայ Առաքելական Եկեղեցու, ՀԱԵ հետեւորդ գործարար Սամվել Կարապետյանի շահերը։ Aravot.am-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Ամստերդամը Հայաստան է եկել սեփական նախաձեռնությամբ։

«Հայաստանում իմ առաքելությունն է` պաշտպանել Եկեղեցին, եկեղեցու զավակներին, Քրիստոսի զավակներին, ովքեր ապօրինաբար զրկվել են ազատությունից: Երբ մարդիկ հավատացյալ են, սիրում են իրենց եկեղեցին եւ իրենց երկիրը, ինչպես Սամվել Կարապետյանը, սակայն նրանց բիզնեսներն ապօրինաբար հարձակումների, «ռեյդի» են ենթարկվել, ուրեմն ինչ-որ բան այն չէ, եւ անհրաժեշտություն կա կառավարության և Եկեղեցու միջև երկխոսության: Ես հույս ունեմ, որ կսկսվի այդ երկխոսությունը, այդ մեղադրանքները կկարճվեն, և այդ գործընթացի արդյունքում Եկեղեցին կլինի պաշտպանված: Եկեղեցին Հայաստանում առանցքային նշանակություն է ունեցել եւ ունի լեզվի, կրոնի համար և բոլոր մարդկանց համար, ընդ որում, ոչ միայն Հայաստանի, այլ ողջ աշխարհի բոլոր քրիստոնյաների համար: Հավատացյալ բոլոր մարդիկ պետք է պաշտպանեն Եկեղեցին Հայաստանում»,- լրագրողներին ասաց հայտնի փաստաբանը։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ աշխարհում կա՞ այդպիսի նախադեպ, որ պետությունը պայքարի Եկեղեցու դեմ։

«Ես շատ հին փաստաբան եմ, ես պաշտպանում եմ Եկեղեցին Ուկրաինայում, ես պաշտպանել եմ ուղղափառ եկեղեցին 45 տարի առաջ: Դժբախտաբար, այսօր կա երկրների մի ամբողջ շարք, որոնցում Եկեղեցին հարձակման ներքո է: Ըստ իս՝ չկա ավելի սրբազան պարտականություն, քան Եկեղեցին պաշտպանելն է եւ իրավունքի գերիշխանությունը պաշտպանելը: Երբ տարիքդ առնում ես, կրոնը, Եկեղեցին և հավատքը տարիքին զուգընթաց ավելի կարևոր են դառնում: Դժբախտաբար, իշխանավորները, որոշ պարագաներին, Եկեղեցին ծառայեցնում են քաղաքական նպատակների, արտաքին քաղաքական նպատակների, փոխանակ դրան որպես պաշտամունքի վայրեր վերաբերվելու: Ուստի, սա ինձ համար շատ կարևոր գործ է, շատ կարևոր առաքելություն: Ես հասկանում եմ խնդրի զգայունությունը Հայաստանում, և այն փաստը, որ Հայաստանը դեռեւս Ադրբեջանում ունի քրիստոնյա պատանդներ. ահա, թե ինչու եմ քայլ անում դեպի կառավարություն` երկխոսության և քննարկման համար»:

Ռոբերտ Ամստերդամը հավելեց, որ ԱՄՆ-ում հայկական շրջանակների հետ ունեցել  է որոշ հանդիպումներ, բայց Հայաստանում ևս հանդիպումների կարիք ունեի․ «Ժամանակ, ջանք և քննարկումներ են ինձ անհրաժեշտ, որպեսզի կարողանանք սայլը տեղից շարժել և պաշտպանել Քրիստոսի զավակներին»:

Հարցին՝ մտավախություն չունի՞ Ռոբերտ Ամստերդամը, որ իր դեմ ճնշումներ կգործադրի ՀՀ կառավարությունը, մանավանդ, որ տեղեկություններ կային, որ ՀՀ կառավարությունը հավանական է իր մուտքը Հայաստան արգելի։ Ռոբերտ Ամստերդամը պատասխանեց․ «Այսպես ասեմ, ես շատ սովոր եմ կառավարությունների կողմից գործադրվող ճնշման։ Ռուսաստանում ինձ ձերբակալել են, յոթ երկրներում արգելել են իմ մուտքը։ 50 տարի է, ինչ ես այս գործով եմ զբաղվում: Հասկանալի է, որ կարող են լինել ճնշումներ, բայց որպեսզի ճնշումը նպատակին հասնի, պետք է լինի մեկը, ով կճկվի: Բայց մենք ճնշումներից չենք ճկվում, կրոնը պաշտպանելիս չենք ճկվում, իրավունքի գերիշխանությունը պաշտպանելիս չենք ճկվում»:

Լրագրողի դիտարկմանը, որ օրերս Վաշինգտոնյան եռակողմ հանդիպան ժամանակ հայ գերիների հարցով քննարկումներ չեղան եւ հարցին՝ արդյո՞ք  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա ինչ-որ բան անել այդ հարցով, Ռոբերտ Ամստերդամը պատասխանեց, որ թեման շատ զգայուն է․ «Ես նույնիսկ մեկնաբանություն չեմ անելու դրա վերաբերյալ, քանի որ երբ մարդիկ պատանդառված են, պետք է թողնել, որ կառավարությունները բանակցեն, և ես անգամ բառ չեմ ուզում այդ մասին ասել: Բոլորս պետք է աղոթենք նրանց ապահով վերադարձի համար»:

Պատրաստեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031