Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագիծ. ՀՀ-ում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները

Օգոստոս 11,2025 12:26

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի մշակումը պայմանավորված է գիտության ոլորտում պետական քաղաքականության թիրախավորված և համալիր միջոցառումների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման
2026-2030 թվականների գերակայությունների սահմանման անհրաժեշտությամբ: Այն կապահովի ՀՀ տնտեսական և տեխնոլոգիական մրցունակության բարձրացումը, սոցիալ-տնտեսական և հումանիտար մարտահրավերների հասցեագրումը, շրջակա միջավայրի և ապագա մարտահրավերների նկատմամբ կայունության բարձրացումը, առաջադեմ տեխնոլոգիաների արդյունավետ կլանման կարողության ձևավորումը, ինչպես նաև դրանց մշակման շղթաներում որակյալ մասնակցությունը։

ՀՀ-ում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունների մշակման գործընթացում ուսումնասիրվել և համադրվել են միջազգային կազմակերպությունների և մի շարք պետությունների կողմից ձևավորված գիտության և տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթություններն ու ռազմավարական կանխատեսումները՝ հաշվի առնելով ՀՀ գիտական և տեխնոլոգիական ներուժը, ինչպես նաև գիտելիքահենք տնտեսության ձևավորման համար անհրաժեշտ մրցունակ էկոհամակարգի կայացման անհրաժեշտությունը:

Ըստ նախագծի՝ գերակայությունները դասակարգվել են պատրաստվածության չորս մակարդակների՝ հիմնվելով հետևյալ չափորոշիչների՝ մարդկային ռեսուրսների, հրապարակումների ակտիվության, մասնավոր հատվածի ներգրավվածության և ենթակառուցվածքների առկայության վրա։ Այս համակարգված դասակարգումը տրամադրում է հստակ ճանապարհային քարտեզ թիրախավորված պետական միջամտությունների և ֆինանսավորման համար: Գերակայությունների քաղաքականությունը կխթանի կիրառական հետազոտությունների զարգացմանը, մասնավոր հատվածի կազմակերպություններում հետազոտությունների և մշակումների արդյունքների ներդրումը, կզարգացնի մարդկային կապիտալը և կարողությունները, կբարձրացնի միջազգային հարթակներում բովանդակային ներկայությունը և կստեղծի ենթակառուցվածքներ փորձարարական մշակումների համար, ինչպես նաև կներդնի հետազոտական և մասնավոր հատվածի երկխոսության ինստիտուցիոնալ մեխանիզմներ:

Այս մոտեցումը նպատակ ունի ապահովելու, որ ծրագրերը իրականացվեն գործող պետական ֆինանսավորմանը լրացուցիչ՝
կենտրոնանալով միջազգային մրցունակության և հետազոտությունների գերազանցության վրա։ Յուրաքանչյուր գերակա
ուղղության համար կձևավորվեն մասնագիտական խմբեր՝ գլոբալ միտումներն ուսումնասիրելու և այն թեմատիկ
ուղղությունները բացահայտելու համար, որտեղ Հայաստանը կարող է նշանակալի դերակատար լինել։ Կմշակվեն համալիր
զարգացման ծրագրեր՝ ժամանակացույցերով և կատարողականի ցուցիչներով՝ ապահովելու կայուն աճը և խուսափելու
չափազանց արագ միջամտությունների հնարավոր ռիսկերից։

Նախագծով սահմանված գերակա ուղղություններին կարելի է ծանոթանալ որոշման նախագծի հավելվածից։

Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2025 թ. օգոստոսի 24-ը ներառյալ
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում կամ ուղարկել Բարձրագույն կրթության և
գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ [email protected]):

Նախագծի վերաբերյալ հանրային լսումը տեղի կունենա օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Բարձրագույն կրթության և
գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրներ 22, Երևան)։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031