«Մեզ սպասվում է նախընտրական աշուն, որովհետեւ ընդհուպ մոտեցել ենք 2026թ խորհրդարանական ընտրությունների ցիկլին, եւ աշունը ակտիվ վերադասավորումների փուլ է լինելու՝ բոլոր առումներով: Իշխանությունը փորձելու է ներսում վերջին ֆիլտրումներն իրականացնել, ներքին վերադասավորումներ եւ կադրային փոփոխություններ անել, նաեւ ընդդիմության դաշտում տեղի են ունենալու վերադասավորումներ: Մենք գուցե լսենք նաեւ նոր դաշինքների մասին, եւ ես որպես մի պրոցեսի մասնակից՝ դա ամենեւին չեմ բացառում: Կուրվագծվեն 4-5 բեւեռներ, որոնք հայտ կներկայացնեն խորհրդարանական ընտրություններում ունենալ որոշակի մեծ դերակատարություն»,- Sputnik Արմենիայի մամուլի սրահում ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը:
Նրա ձեւակերպմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնից փորձում էր պոկել այն փաստաթուղթը, որը խաղարկելու է ներքաղաքական գործընթացներում. «Փաշինյանը փորձելու է դիրքավորվել՝ որպես խաղաղության օրակարգի կրող, եւ հակառակը՝ փորձելու է թիրախավորել բոլոր ընդդիմախոսներին՝ նրանց ներկայացնելով որպես խաղաղության հակառակորդներ: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այս հնարքը թույլ չտանք, որովհետեւ սա կեղծ, մտացածին բաժանում է:
Ես ասել եմ՝ Վաշինգտոնում Հայաստանը չի շահել ոչինչ, տեսնում ենք, թե Նիկոլ Փաշինյանը ոնց է մանիպուլացնում այդ փաստաթղթերը, իրենք ոնց են նենգափոխում դրանց բովանդակությունը, ոնց են սեւը սպիտակի վրա գրվածը գլխիվայր շուռ տալիս, եւ հենց այդ ամեն ինչը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանի համար թղթի բովանդակությունը կարեւոր չէ, թղթի փաստն է կարեւոր՝ ընտրություններում հասարակությանը հերթական անգամ մանիպուլացնելու համար: Ակտիվ աշուն, նոր դաշինքներ, նոր սրացումներ: Չեմ կարծում, թե աշնանը գործընթացները կհանգեն արտահերթ զարգացումների, դա գրեթե անհնար եմ համարում; Վաշինգտոնյան պրոցեսից հետո ավելի շատ գործընթացները տանում են հերթական ընտրություններին: Եթե անկեղծ լինենք, ընդդիմադիր դաշտի դերակատարները եւս ավելի շատ հերթական ընտրության ռեժիմով են պլանավորում իրենց անելիքները, քան՝ արտահերթ»:
Սուրեն Սուրենյանցը համոզված է, որ առաջիկայում կլինեն նոր ձերբակալություններ. «Հայաստանում գործ ունենք դասական լիբերալ ֆաշիզմի հետ, Նիկոլ Փաշինյանը իր ներքին օրակարգը սպասարկելու, ինչպես նաեւ իր իշխանության արտաքին պատրոնների հանձնարարականները կատարելու նպատակով վերացնում է դիմադրության բոլոր օջախները»:
Կարդացեք նաև
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդն ասաց, որ ՊԵԿ-ի նախկին ղեկավար Վարդան Հարությունյանին չի ճանաչում, նույնիսկ հակված չէ մտածելու, որ նրա գործունեության մեջ սխալ դրվագներ չեն եղել, որոնք կարող էին քննության առարկա դառնալ, բայց նրա խոսքով, տարակուսելին այն է, որ մարդը կալանավորվում է 7 տարի առաջ կարճված քրեական գործով. «Վարդան Հարությունյանը կալանավորվում է, որովհետեւ մամուլում խոսակցություններ պտտվեցին, որ Սամվել Կարապետյանի թիմի հնարավոր թեկնածուն կարող է լինել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ Վարդան Հարությունյանը այդ 2 անձանց հետ շատ սերտ հարաբերություններ ուներ: Իշխանությունը, փաստորեն, տոտալ գրոհի է գնում բոլոր ուղղություններով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ