«Հստակեցնենք, որ շրջանառվող անուններն անհետ կորածների անուններ են, այն էլ միայն 2023-ի սեպտեմբերի ագրեսիայի համատեքստում տեղի ունեցած պայթյունի, և որևէ կերպ կապված չեն այս պահին հաստատված գերիների անունների հետ»,- Aravot.am-ի փաստմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունից հետո, թե 23 հայ քրիստոնյա կա Բաքվում, և ես Ալիևին կասեմ՝ ազատ արձակի նրանց, 23 հոգանոց ցուցակ է շրջանառվում, և մտահոգություններ կան, որ դրանում չկան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների անունները ու հարցին՝ տեղյա՞կ եք՝ ի՞նչ ցուցակ է շրջանառվում, այսպես պատասխանեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
Նա վստահեցրեց՝ այստեղ աղավաղում կա և պարզաբանեց․ «23 թիվն այն հաստատված գերիների թիվն է, որոնք պաշտոնապես պահվում են Ադրբեջանում, նրանց գտնվելու վայրը հաստատված, հայտնի է, նրանք անազատության մեջ են, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր գործունեության ընթացքում կարողացել է այցելել, տեսակցել նրանց, կապվել ընտանիքի անդամների հետ։ Այս անձանց անունները հաստատված են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացող գործընթացներում։ ՄԻԵԴ-ին Ադրբեջանը ևս տեղեկություն է տրամադրում նշված անձանց վերաբերյալ։ Այլ հարց է, որ 2023-ի սեպտեմբերին պայթյունի հետևանքով անհետ կորածներ կան, և նրանց թիվը ևս 23-ն է, ու ինչ- ինչ պատճառներով շրջանառվող անունները կապվում են անհետ կորածների հետ, այլ ոչ թե գերիների։ Անհետ կորածների ճակատագրերը ևս պարզման ենթակա են, այդ ուղղությամբ աշխատանքներն անխուսափելիորեն պետք է տարվեն։ Լիահույս եմ, որ ընթացող բանակցություններն անդրադարձ կկատարեն ոչ միայն հաստատված գերիների հայրենադարձման խնդրին, այլև անհետ կորածների, բռնի անհետացածների ճակատագրի պարզմանը։ Օրակարգում պետք է մնա նաև այս անձանց չլուծված խնդիրը, որը անկեղծ ասած՝ ընտանիքներին պահում է անորոշության մեջ և այնպիսի ցավ ու տառապանք է պատճառում, որը նաև հաղթահարում է անմարդկային վերաբերմունքի և հոգեբանական խոշտանգման շեմերը»։
Հստակեցմանը՝ կա՞ տեղեկություն՝ ի՞նչ ցուցակ տրվել է Դոնալդ Թրամփին, որի շուրջ եկել են համաձայնության, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Գերիների մասը, անկեղծ ասած, անկախ նրանից՝ պետությունը կոնկրետ ցուցակ տրամադրում է, թե՝ ոչ, այս խնդիրը բարձրացված է։ Ե′վ ԱՄՆ Պետքարտուղարությունը, և′ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, այլ գործընկերներ հստակ տեղեկացված են, թե որոնք են 23 հայերը՝ այդ 23 գերիները։ Նաև այդ տվյալները հրապարակային են։ Չեմ կարծում, որ այստեղ խնդիրներ կարող են լինել։ Եթե մենք խոսում ենք ազատ արձակման խնդրի վերաբերյալ, ակնհայտ է և վիճելիությունից դուրս է, թե որ 23 -ի ազատ արձակման խնդիրը պետք է դրվի։ Այսինքն՝ բացառապես գերիների։ 23-ից 8-ը Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներն են, 8-ը 2023-ի պատերազմի հարձակման պատճառով գերեվարված այլ անձինք են, և մենք ունենք նաև 7 անձ, որոնք գերեվարվել են ավելի վաղ ժամանակահատվածում՝ 2020, 2023-ի նախքան սեպտեմբերի հարձակումը։ Նրանք այս պահին՝ ըստ ադրբեջանական օրենսդրության ունեն դատապարտյալի կարգավիճակ»։
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է պատճառը, որ շրջանառվում է անհետ կորածների 23 հոգանոց ցուցակը, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ սա կարող է անփութության հետևանք լինել, քանի որ թվակազմն է համընկել 23 և 23։ Հավանաբար ճշտողական գործողություններ չեն կատարել նախքան սկզբնական նյութի հրապարակումը, և այստեղ այդ քաոտիկ իրավիճակն է ստեղծվել։ Բայց չեմ կարծում, որ որոշում կայացնողները մոլորության մեջ են։ ԱՄՆ կառավարությունը, ՀՀ կառավարությունը և Ադրբեջանի իշխանությունները հստակ տեղյակ են, թե որ 23-ի մասին պետք է խոսքը գնա»։
Կարդացեք նաև
Հարցին՝ համոզմունք ու վստահություն Ձեզ մոտ Սպիտակ տանը հնչած հայտարարություններից հետո ձևավորվե՞լ է, որ կլինի գերիների ազատ արձակում, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Նման համոզմունք ես ունեմ, որի մասին նաև բարձրաձայնել եմ։ Նշել ենք, որ խնդիրը քաղաքականացված է, և գերիները, պատանդներ լինելով, օգտագործվում են՝ որպես լրացուցիչ լծակներ խաղաղությանն առնչվող փաստաթղթի ստորագրմանը հասնելու նպատակով։ Նրանց խնդիրը ինքնուրույն չի քննարկվում, այլ սերտորեն կապված է հենց խաղաղությանն առնչվող փաստաթղթի ստորագրման։ Մենք ականատես եղանք, որ տևական ժամանակ որևէ տեղեկություն չեղավ մարդասիրական խնդիր լուծելու ուղղությամբ։ Սա վերահաստատում է մեր մտահոգությունը, որ չլուծված խնդիրը հավանաբար ճնշում է ՀՀ իշխանությունների նկատմամբ։ Կարծում եմ՝ այդ փաստաթղթերի ստորագրման գործընթացին զուգահեռ առաջընթաց կգրանցվի գերիների ազատ արձակման հարցում՝ նաև նկատի ունենալով Թրամփի անձը, ազդեցությունը, որ բարձրաձայնել է Ալիևին նման խնդիրներով դիմելու խնդրի վերաբերյալ։ Կարծում՝ եմ արդեն իսկ ակնհայտ է, որ նման նախնական պայմանավորվածություններ այդ առնչությամբ կարող էին ձեռք բերված լինել։ Այսինքն՝ կողմերն ունեն փոխադարձ ընկալում, որ խնդիրը պետք է լուծվի, կարող է լուծում ստանալ ամերիկյան կողմի աջակցությամբ, և Թրամփի անձնական ներգրավվածությունը կարևոր կլինի նաև Ալիևի համար գերիներին ազատ արձակելու հարցում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ