Ըստ Դոնալդ Թրամփին մտերիմ «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու անդամ եւ հայամետ ակտիվիստ Ջոել Թեննիի՝ ԱՄՆ պետքարտուղարությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին այդ երկրում պահվող հայ պատանդների վերաբերյալ հայց է ներկայացրել։ Այս մասին Թեննին հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։
Նման զարգացման մասին Վաշինգտոնից պաշտոնական տեղեկություն չի տարածվել, եւ Aravot.am-ը չի կարող հաստատել այս պնդման իսկությունը։
«Կյանքի Խոսք»-ի անդամն ավելացրել է, որ այս թեման Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ քննարկվել է նաեւ Օվալաձեւ աշխատասենյակում վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Թրամփի երկկողմ հանդիպման ժամանակ։
Թեեւ ՀՀ կառավարության հրապարակած տեսանյութում Փաշինյան-Թրամփ հանդիպմանը հնչում է ամերիկացի առաջնորդի խոսքը Բաքվում ապօրինաբար պահվող հայերի ազատ արձակման անհրաժեշտության մասին, հրապարակված կադրերում Թրամփին ՀՀ վարչապետի արձագանքը սահմանափակվում է «այո» բառով եւ գլխի շարժմամբ։ Այնուամենայնիվ, վարչապետի մամուլի խոսնակի վստահեցմամբ՝ նախագահի հետ հանդիպմանը ռազմագերիների թեման քննարկման առարկ է դարձրել հենց վարչապետը։
Կարդացեք նաև
Ի՞նչն է խոչընդոտում արցախահայերի հայրենադարձմանը
Ջոել Թեննին իր ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է նաեւ Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան բանակցությունների համատեքստում Արցախ՝ հայերի վերադարձի խնդրին։
Նրա խոսքով՝ այս հարցը նույնպես քննարկման առարկա է։ Հայամետ գործիչն ավելին չի մանրամասնել, եւ բարդ է հասկանալ, թե ինչ մակարդակի քննարկումների մասին է խոսքը, եթե պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքական օրակարգում բացակայում է արցախահայության հայրենադարձման բաղադրիչը։
Թեննին մեկնաբանել է՝ արցախցիների վերադարձի հարցը «մի քանի խնդիրներ ունի»։ Առաջին, Բաքվին մտահոգում է ապագա անջատողականության վտանգը, եւ երկրորդ, անհավանական է, որ արցախցիները կցանկանան ադրբեջանական քաղաքացիություն ընդունել։
Ամփոփելով՝ Ջոել Թեննին կարծիք է հայտնել, որ Արցախի հարցը «ինչ-որ առումով մի կողմ է դրվել», քանի որ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի Հանրապետության մաս՝ հավելելով, սակայն, որ հարցը «մեր, Ռուբիոյի, Ալիեւի, Նիկոլի եւ նախագահ Թրամփի նման մարդկանց մտքում շարունակում է գոյություն ունենալ»։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ