Aravot.am-ի տեղեկություններով՝ հուլիսի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Սասուն Մխիթարյանի նախագահությամբ ընթացող դատական նիստի ընթացքում գործով մեղադրյալներից մեկի ու դատավորի միջեւ միջադեպ է գրանցվել:
Տեղի ունեցածի վերաբերյալ դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քր. օրենսգրքի 489 հոդվածի 2-րդ մասով (Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով):
Դատավորը իրավապահներին հայտնել էր, որ իր վարույթում քննվող քրեական գործով հիմնական դատալսումների ժամանակ, երբ քննարկման առարկա է դարձվել մեղադրյալ Արմեն Քամալյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանքը փոխելու, վերացնելու կամ դրա ժամկետը երկարաձգելու հարցը և որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու մասին։
Քամալյանը որոշումը լսելուց հետո բորբոքվել է ու անհարգալից արտահայտություններ թույլ տվել դատավորի հասցեին. «Հարգելի դատարան, Դուք ինքնասիրություն ունե՞ք ընդհանրապես, դու ի՞նչ ես ներկայացնում քեզանից, հլա մի հատ կոնկրետ իմ հարցին պատասխանի, քեզ ինքնասիրություն չունես ընդհանրապես, դու անինքնասերի մեկն ես, դու անինքնասեր ես»։ Դատավարական սանկցիա կիրառելուց հետո էլ, ըստ դատավորի ներկայացրած հաղորդման, մեղադրյալ Քամալյանը չի հանդարտվել ու շարունակել է նույն ոճով. «Ինչ ուզում ես կայացրու, ինչ չես կայացնի, սրանից հետո կարաս դաժե տանես քրեակատարողական հիմնարկ, դու ինքնասիրություն չունես, հաշվի չես առնում ոչ մի բան, ոչ մի բան։ Դու անինքնասեր ես»:
Կարդացեք նաև
Նկատենք, որ Արմեն Քամալյանը ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման գործով մեղադրյալներից է: Քամալյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա Սուրեն Մանուկյանի, Մուրադ Մուրադյանի, Թաթուլ Պողոսյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2022 թվականի հուլիսի 27-ին ժամը 7-ի սահմաններում առևանգել են Գրիշա Քոքոբելյանին և վերջինիս տեղափոխելով Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ծաթեր բնակավայր, մինչև 2022 թվականի օգոստոսի 2-ը պահել են նշված վայրում վարձակալած տանը և նույն օրը ազատ արձակել: Նշված ժամանակահատվածում 2022 թվականի հուլիսի 29-ին Գրիշա Քոքոբելյանի որդուց՝ Խաչատուր Քոքոբելյանից հորն ազատ արձակելու դիմաց, շորթմամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերի՝ 3000000 ԱՄՆ դոլար, որից փաստացի ստացել են 40000 ԱՄՆ դոլար՝ կրիպտոարժույթի տեսքով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ