Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Դավիթ Ղազինյանի՝ արբիտրաժն էլ է «շոկի» մեջ ՀՀ կառավարության վարքագծից. «Հրապարակ»

Օգոստոս 12,2025 11:27

Կառավարությունը «անդաստիարակ երեխայի» նման չի կատարում ՀԷՑ-ի մասով Սամվել Կարապետյանի օգտին կայացրած Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի Արտակարգ արբիտրի հրատապ որոշումը։ Շուրջ 20 օր առաջ միջազգային բարձր դատարանը որոշում կայացրեց` մասնակիորեն հօգուտ Սամվել Կարապետյանի։
«Եթե ՀՀ կառավարությունը շարունակի չկատարել հայցի ապահովումը, ստացվում է, որ սպասելու են արբիտրաժի վերջնական որոշմանը։ Սակայն չկատարումը հղի է լուրջ հետեւանքներով, գուցե չերեւացող լինի, քանի որ չկա հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, որ ստիպի, բայց միջազգային վարկի եւ հետագա ռիսկերի առումով պրոբլեմատիկ է»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի նախկին փոխտնօրեն Դավիթ Ղազինյանը։

Ըստ Դավիթ Ղազինյանի՝ արբիտրաժն էլ է «շոկի» մեջ ՀՀ կառավարության վարքագծից։

«Պաշտոնյան պետք է խոսելուց առաջ մտածի։ Ըստ իշխանականների՝ միջազգային դատարանի որոշումը պետք է ներքին օրենքներով անցկացնեն, սպասեն, որ դատավորն ասի՝ ճիշտ է կամ սխալ։ Մեր օրենսդրությամբ միջազգային պայմանագրերն ավելի բարձր են, քան ներքին օրենքները։ Միջազգային պայմանագրերը կնքվում են էն դեպքում, երբ անցնում են ՍԴ-ով։ Այսինքն, երբ մեր ներքին օրենսդրությունը հակասում է միջազգային պայմանագրին, պետք է կատարվի միջազգային պարտավորությունը եւ փոխվի ներքին օրենսդրությունը, համապատասխանեցվի միջազգային պայմանագրին։ Այս ամենից հետո մեր «խելոքներն» ասում են՝ պետք է ներպետական ատյաններ դիմեն»,- նշեց Ղազինյանը։

Ռոմանոս Պետրոսյանը չնայած ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ է, սակայն իրեն զգում է ինչպես «ձուկը ջրում»։ Ընկերության մասնաճյուղերի տնօրեններ է փոխում, անգործ մնացած ՔՊ-ականներին գործի է տեղավորում, ու բնավ էական չէ՝ մասնագետնե՞ր են, գործից հասկանո՞ւմ են, թե՞ ոչ։ Մասնաճյուղերի տնօրենների կտրուկ փոփոխությամբ, ըստ Դավիթ Ղազինյանի, իշխանությունը հերթական անգամ ապացուցում է, որ ոչ թե պրոֆեսիոնալիզմն է հետաքրքրում իրեն, այլ՝ անձինք։

«Ոչ միայն «սվոյ» լինելը, այլեւ կուսակցական պատկանելությունն է իրենց համար կարեւոր։ Գործի են տեղավորել մարդկանց, որոնք մեկ օր անգամ այս համակարգում չեն աշխատել, սակայն դարձել են կարեւոր ստորաբաժանման ղեկավար։ Առաջարկում եմ զանգել նշանակվածներին, հարցնել՝ ի՞նչ է ենթադրում ձեր աշխատանքային գործունեությունը, պարտականություններն ասեք, չգիտեն, չեն կարող ասել»,- նշեց Ղազինյանը։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031