Լրահոս
Օրվա լրահոսը

Տարվա ընթացքում առանց վարորդական իրավունքի 2-րդ անգամ մեքենա վարելը քրեական պատասխանատվության կհանգեցնի․  օրենսդրական փոփոխություն

Օգոստոս 12,2025 14:18

Ավտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։

Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն են։

Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությամբ օգոստոսի 2-ից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարող անձինք այսուհետ ենթակա են վարչական պատասխանատվության՝ առավել խստացված կարգով՝ նախկին կարգավորմամբ սահմանված 25․000 ՀՀ դրամը դարձել է 50․000 ՀՀ դրամ։ Ավելին՝ նույն խախտումը կրկին կատարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության։

ՊԾ պետի տեղակալ Արման Չիլինգարյանի խոսքով՝ Քրեական օրենսգրքում կատարված մեկ այլ փոփոխության համաձայն, եթե անձը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին վարում է տրանսպորտային միջոց՝ առանց վարորդական իրավունքի վկայականի, ապա նա արդեն ենթակա է քրեական պատասխանատվության․ արարքը քրեականացվում է։

Նկարագրված արարքի քրեականացումն ինքնանպատակ չէ․ այն հետապնդում է պատժի սպառնալիքով առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի նվազման նպատակ՝ կանխելով հնարավոր հետևանքները։

ՆԳ նախարարության նախաձեռնած այս փոփոխությունները միտված են բացառապես հանրային անվտանգության ու անվտանգ վարորդական մշակույթի ամրապնդմանը։

Հայաստանի Հանրապետություն
ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031