Լրահոս
Օրվա լրահոսը

Տիրոջ իրավունքով վերադարձն իրականություն դարձնելու համար Արցախի անկախության միջազգային ճանաչումը հրամայական անհրաժեշտություն է. Ստեփան Հասան-Ջալալյան

Օգոստոս 12,2025 16:24

Արցախի Հանրապետությունը Հայաստանի և Արբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի համատեքստում

2025թ. օգոստոսի 11-ին հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը (այսուհետև՝ Համաձայնագիր):
Համաձայնագրի նախաբանում հիշատակված միջազգային իրավական բոլոր ակտերում արձանագրված է ժողովուրդների ինքնորոշման մասին:

Այսպես՝

  • համաձայնագրում հիշատակված 1945թ. հունիսի 26-ին ընդունված Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետև՝ ՄԱԿ) կանոնադրության համաձայն՝ ինքնորոշման սկզբունքը սահմանված է որպես նպատակ, իսկ տարածքային ամբողջականությունը՝ որպես սկզբունք:
    Կանոնադրության 1-ին հոդվածի 2-րդ մասով, մասնավորապես, սահմանված է. «Միավորված ազգերի կազմակերպության նպատակներն են… Զարգացնել ազգերի բարեկամական հարաբերությունները՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա…», իսկ կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասով, մասնավորաբար, սահմանված է. «Կազմակերպությունը և նրա անդամները, հետամուտ լինելով 1-ին հոդվածում շարադրված նպատակներին, գործելու են հետևյալ սկզբունքների համաձայն…. 4. Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և/կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից:»:

Մեջբերումներից պարզ է դառնում, որ ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածում շարադրված սկզբունքները պետք է հիմք հանդիսանան կանոնադրության 1-ին հոդվածում շարադրված նպատակներին հասնելու համար: Այսինքն՝ տարածքային ամբողջականությունը, որպես ՄԱԿ-ի սկզբունք, պետք է հիմք հանդիսանա՝ հասնելու ժողովուրդների ինքնորոշմանը որպես ՄԱԿ-ի նպատակի:

Փաստորեն, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ժողովուրդների ինքնորոշումը տարածքային ամբողջականության նկատմամբ ունի գերակա դիրք:

Տարածքային ամբողջականության նկատմամբ ազգերի ինքնորոշման իրավունքի գերակա դիրքի մասին է վկայում նաև Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությունը:

Արդարադատության միջազգային դատարանը 2010թ. հուլիսի 22-ին ընդունել է խորհրդատվական եզրակացություն միջազգային իրավունքի նորմերին Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման համապատասխանության վերաբերյալ:

Դատարանը քննության է առել նաև «տարածքային ամբողջականություն» հասկացությունը և տվել հետևյալ մեկնաբանությունը. «տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակը սահմանափակվում է միջպետական հարաբերությունների ոլորտով»:

Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ տարածքային ամբողջականության սկզբունքի մասին կարելի է խոսել միայն միջպետական հարաբերությունների ոլորտում, այսինքն՝ երկու կամ ավելի պետությունների միջև հարաբերությունների ոլորտում: Այդ ոլորտից դուրս չի կարելի խոսել տարածքային ամբողջականության սկզբունքի մասին: Տարածքային ամբողջականության սկզբունքը կարելի է կիրառել միայն պետությունների միջև հարաբերությունների մասին խոսելիս:

Քանի որ Ադրբեջան-Արցախ հակամարտությունը միջպետական հարաբերությունների ոլորտում գտնվող հակամարտություն չէ, հետևաբար այս հակամարտության պարագայում չի կարելի խոսել տարածքային ամբողջականության սկզբունքի մասին:

Այսպիսով, Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման հետ կապված ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության լույսի ներքո օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանն Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման համատեքստում չի կարող խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման մասին:

  • Համաձայնագրում նշված 1970թ. հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրի մեջ, մասնավորապես, արձանագրված է. «ՄԱԿի կանոնադրության մեջ ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի ուժով բոլոր ժողովուրդներն իրավունք ունեն ազատորեն, առանց արտաքին միջամտության, որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը և հետամուտ լինելու իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը, և յուրաքանչյուր Պետություն պարտավոր է հարգել այդ իրավունքը՝ (ՄԱԿի Ս. Հ.-Ջ.) Կանոնադրության դրույթներին համապատասխան:
    Անկախ և ինքնիշխան Պետության ստեղծումը, անկախ Պետության հետ միացումը կամ միավորումը, կամ որևէ այլ քաղաքական կարգավիճակի հաստատումը, որը ազատորեն որոշվել է ժողովրդի կողմից, հանդիսանում են տվյալ ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման ձևեր»:
  • Համաձայնագրում հիշատակված 1975թ. օգոստոսի 1-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ստորագրված Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի (ԵԱՀԽ) եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի տասը սկզբունքներից ութերորդ սկզբունքի համաձայն՝ «Ժողովուրդների իրավահավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքի հիման վրա բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն, երբ և ինչպես ցանկանում են, լիակատար ազատության մեջ, առանց արտաքին միջամտության որոշել իրենց ներքին և արտաքին քաղաքական կարգավիճակը և հետամուտ լինել իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը, ինչպես իրենք ցանկանում են:»:

Վերը հիշատակված միջազգային իրավական ակտերի ուժով, ինչպես նաև հետևելով «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» սկզբունքներին և հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին վկայող 1966թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» և «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրերն ու ԽՍՀՄ 1977թ. հոկտեմբերի 7-ի խմբագրությամբ Սահմանադրության 70-րդ հոդվածն ու «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքը, մասնավորապես՝ օրենքի 3-րդ հոդվածը, որն ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք էր վերապահում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակի մասին հարցը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում՝ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը, արձանագրելով, որ Ադրբեջանը, դուրս գալով ԽՍՀՄ-ից, հռչակել է իր անկախությունը՝ վերականգնելով 1918-1920թթ. ընթացքում 23 ամիսների կյանք ունեցած պետական անկախությունը, 1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում:

Հանրապետության հռչակման մասին հռչակագրի ընդունումից ավելի քան երեք ամիս անց՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, ութ երկրներից՝ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Իսպանիայից և Ուկրաինայից Արցախ ժամանած գրեթե չորս տասնյակ անկախ միջազգային դիտորդների ներկայությամբ Արցախի Հանրապետությունում անցկացվել է հանրաքվե արդեն հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հարցով, որին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 82.2%-ը: Արցախի Հանրապետության անկախությանը կողմ է արտահայտվել քվեարկության մասնակիցների 99.89%-ը:

Հետևաբար, Արցախի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կազմող ազգությամբ հայերի՝ տիրոջ իրավունքով և կարգավիճակով իրենց հազարամյակների բնօրրան՝ Արցախ, վերադարձն իրականություն դարձնելու և Արցախի Հանրապետությունում նրանց երաշխավորված, անվտանգ և ստեղծարար կենսագործունեությունն արդյունավետ կերպով ապահովելու համար Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը հրամայական անհրաժեշտություն է:

Նախաստորագրված համաձայնագրում հիշատակված է նաև 1991թ. դեկտեմբերի 21-ին ստորագրված Ալմա-Աթայի հռչակագիրը, որի ստորագրման արդյունքում, ինչպես համաձայնագրում է նշված «նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմանները և որպես այդպիսին ճանաչվել են միջազգային հանրության կողմից…»:

Հարկ է նշել, որ Արցախի Հանրապետության ժողովրդի, Արցախի վտարանդի վարչակազմի, ինչպես նաև միջազգային հանրության կարծիքով Ադրբեջան-Արցախ հակամարտությունը չի կարգավորվել: Չկարգավորված հակամարտության համատեքստում Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրմամբ Արցախի Հանրապետությունը չի ճանաչվել Ադրբեջանի Հանրապետության մաս:

Բանն այն է, որ 1991թ. դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում ԽՍՀՄ 15 միութենական հանրապետություններից 11-ի ղեկավարների ստորագրած հռչակագրի մեջ, մասնավորապես, արձանագրված է. «ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը»:

Մեջբերումից պարզվում է, որ փաստաթղթով նկատի են առնվել այն սահմանները, որոնք Խորհրդային Միության անդամ պետություններն ունեցել են ԽՍՀՄ-ում գտնվելու տարիներին, այսինքն` խոսքը վերաբերում է նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը:

Սակայն, սույն ձևակերպումը չի կարող վերաբերել Ադրբեջանին: Ինչո՞ւ: Բանն այն է, որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1991թ. օգոստոսի 30-ին ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը, իսկ նույն թվականի հոկտեմբերի 18-ին ընդունել է նաև «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը:

Թե՛ հռչակագրով և թե՛ սահմանադրական ակտով Ադրբեջանը հայտարարել է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը:

Իսկ ունեցե՞լ է արդյոք 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետությունը հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ: Պատասխանն ավելի քան միարժեք է՝ ՈՉ, քանզի 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետությունը եղել է միջազգայնորեն չճանաչված: Ներկայիս ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի լիգայի 4-րդ և 5-րդ կոմիտեները 1920թ. դեկտեմբերի 1-ին բացասական եզրակացություն են տվել Ազգերի լիգային անդամակցելու մասին Ադրբեջանի Հանրապետության 1920թ. նոյեմբերի 1-ի գրավոր դիմումին: Եվ Ադրբեջանի անդամակցությունն Ազգերի լիգային մերժվել է նախկինում երբեք պետություն չլինելու, հարևան պարսկական նահանգի անվանումը յուրացնելու ու սեփական պետության անվանում դարձնելու և հարևան երկրների հետ ունեցած սահմանային վեճերի պատճառով Ադրբեջանի ճշգրիտ սահմանները որոշելու անհնարինության պատճառներով:
Չունենալով հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ՝ Ադրբեջանի Հանրապետությունը 1920թ. ապրիլի 28-ին լքել է աշխարհի քաղաքական քարտեզը որպես դե ֆակտո պետություն, որի իրավահաջորդը հանդիսանում է ներկայիս Ադրբեջանը:

Անհրաժեշտ է նշել նաև, որ Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, Արցախի Հանրապետությունը հանդիսացել է, գրեթե, չորս ամսվա դե ֆակտո անկախ պետություն:

Պետք է նշել նաև, որ նախաստորագրված համաձայնագիրը հակասում է նաև Արցախի Հանրապետությանը վերաբերող ՀՀ ներպետական օրենսդրությանը:

Այսպես, ՀՀ Գերագույն խորհուրդը, «հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա, հայտնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա ազգաբնակչության իրավունքները պաշտպանելու վճռականությունը,… նշելով, որ կպաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,», 1992թ. հուլիսի 8-ին ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» որոշում, որտեղ, մասնավորաբար, արձանագրել է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:»:

Կոպտորեն խախտելով հիշյալ որոշումը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք՝ 2020թ. հուլիսին, հրապարակված ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ, 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների առիթով հրապարակված Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում և ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրում Ադրբեջան-Արցախ չկարգավորված հակամարտությանը վերաբերելի դրույթները՝ ՀՀ գործող վարչակազմը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի հետ նախաստորագրել է վերոնշյալ համաձայնագիրը:

Այսպիսով, հիմնվելով վերոնշյալ փաստերի ու փաստաթղթերի հիման վրա կատարված վերլուծության վրա՝ հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց, կամ նրա իշխանությունից հեռանալուց և ազգային, պետական շահերը սպասարկելու հետագիծ, ցանկություն ու կարողություն ունեցող Հայաստանի Հանրապետության նոր վարչակազմի ձևավորումից հետո Նիկոլ Փաշինյանն անխուսափելիորեն պետք է կանգնի Հայաստանի Հանրապետության քրեական դատարանի առաջ առնվազն Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությունն ու իրավական ակտերը կոպտորեն խախտելու միջոցով Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչելու մեղադրանքով:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031