Լրահոս
Օրվա լրահոսը

Առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից

Օգոստոս 12,2025 17:19

Մարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։

Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են մաքուր օդի պայմաններում։

Nature Communications ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը պարզել է, որ նույնիսկ PM-ի բարձր խտությունների կարճաժամկետ ազդեցությունը վատթարացրել է մասնակիցների ընտրողական ուշադրությունը և հուզական ճանաչումը՝ անկախ նրանից, թե նրանք սովորական կերպով էին շնչում, թե միայն բերանով։ Սա կարող է ազդել անհատի՝ առաջադրանքների վրա կենտրոնանալու, շեղող հանգամանքներից խուսափելու և սոցիալապես ընդունելի վարքագիծ դրսևորելու ունակության վրա։

«Օդի աղտոտվածությանը ենթարկված մասնակիցներն ավելի վատ էին խուսափում շեղող տեղեկատվությունից: Սա նշանակում է, որ առօրյա կյանքում դուք կարող եք ավելի հեշտությամբ շեղվել։ Սուպերմարկետում գնումներ կատարելը լավ օրինակ է. ա կարող է նշանակել, որ դուք ավելի հակված կլինեք իմպուլսիվ գնումներ կատարելու, քանի որ չեք կարողանում կենտրոնացած մնալ ձեր նպատակների վրա», – ասում է Բիրմինգհեմի համալսարանի դոկտոր Թոմաս Ֆաերթին՝ ուսումնասիրության համահեղինակը։

Ուսումնասիրությունը նաև պարզել է, որ PM-ով աղտոտված օդի ազդեցությունից հետո մասնակիցներն ավելի վատ են կատարել հուզական ճանաչումը գնահատող ճանաչողական թեստերը։
«Նրանք ավելի վատ էին ընկալում, թե արդյոք դեմքն արտահայտում է վախ, թե ուրախություն, և դա կարող է հետևանքներ ունենալ այլ մարդկանց հետ մեր վարքի վրա», – ասում է Ֆաերթին։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մասնակիցների աշխատանքային հիշողությունը չի տուժել, ինչը վկայում է այն մասին, որ ուղեղի որոշ գործառույթներ ավելի դիմացկուն են աղտոտվածության կարճաժամկետ ազդեցության նկատմամբ։

Օդի աղտոտվածությունը հանրային առողջության համար ամենամեծ բնապահպանական ռիսկերից մեկն է աշխարհում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ դրսի օդի աղտոտվածությունը տարեկան մոտ 4.2 միլիոն վաղաժամ մահվան պատճառ է դառնում։
Հետազոտողներն ասում են, որ ուսումնասիրության արդյունքները կարող են ունենալ նշանակալի սոցիալական և տնտեսական հետևանքներ՝ ազդելով կրթական մակարդակի և աշխատանքի արտադրողականության վրա։

«Ուսումնասիրությունն անցկացվել է կլինիկորեն առողջ չափահաս բնակչության շրջանում, ինչը նշանակում է, որ նրանք լավ առողջություն ունեին և չունեին կլինիկական շնչառական կամ նյարդաբանական խնդիրներ… Որոշ այլ խմբեր կարող են ավելի խոցելի լինել այս ազդեցությունների նկատմամբ:

Ուսումնասիրությունը ավելի մեծ նախագծի մի մասն է, որը կփորձարկի աղտոտիչների տարբեր աղբյուրների ազդեցությունը, ինչը, հետազոտողների հույսով, կօգնի մշակել ապագա քաղաքականություն և հանրային առողջապահական միջոցառումներ։

💬«Ավելի մեծ նախագիծը դիտարկում է աղտոտիչների տարբեր, ավելի տարածված աղբյուրներ, ինչպիսիք են խոհարարությունից, փայտի այրումից, մեքենաների արտանետումներից և մաքրող միջոցներից առաջացած արտանետումները, որպեսզի պարզենք, թե արդյոք կարող ենք քաղաքականության վրա ազդել՝ այն որոշակի ուղղությամբ տանելու համար», – ասում է Ֆաերթին։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031