«ՀՀ վարչապետի՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ արված հայտարարությունն ամբողջովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց միջազգային հայտնի իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։
Նա Հայաստան է ժամանել պաշտպանելու «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի շահերը։ Հայտնեց, որ վաղն այցելելու է իր պաշտպանյալին քրեակատարողական հիմնարկում։
Լրագրողների դիտարկմանը՝ իշխանությունները հաստատակամ են Սամվել Կարապետյանին ուղղված իրենց գործողություններում, փաստաբանն արձագանքեց․ «Բազմաթիվ գործիքներ կան․ Հայաստանը միակը չէ։ ՀՀ առաջնորդները երեք միլիոնանոց երկրի ներկայացուցիչ են, երկիր, որը կախվածության մեջ է բազմաթիվ այլ երկրներից, տնտեսական, քաղաքական, իրավական աջակցության իմաստով։
Սամվել Կարապետյանի մեղադրանքի անընդունելի բնույթը կապշեցնի օտարերկրյա առաջնորդներին, ՄԱԿ-ի նման կազմակերպություններին, նրանք կազդեն ՀՀ-ի վրա քաղաքական իմաստով՝ կարճաժամկետ առումով, երկարաժամկետ կտրվածքով՝ տնտեսական առումով։ Չես կարող Քրիստոսին հետապնդել, չես կարող եկեղեցու նկատմամբ ոտնձգություն իրականացնել։ Ես ասում եմ ՀՀ կառավարությանը՝ մտեք երկխոսության մեջ քաղհասարակության հետ, հասկացեք, որ եկեղեցին աջակցում է մարդկանց, երկրին, կառավարությանը, բավական է նման անընդունելի վարքագիծ ցուցաբերելը։ Նախատեսված է, որ պետք է լինի գործադիր, դատական իշխանությունների տարանջատում քննչական մարմիններից։ Քննչական մարմինները չպետք է քաղաքական իշխանության կամքի թելադրանքով գործեն։ Այս գծերը ՀՀ-ում ամբողջովին պղտորվել են, չի կարող նման բան գոյություն ունենալ Եվրոպական կոնվենցիայով։ Ժամանակն է, որ կառավարությունն արթնանա և իրենց նեղ տեսակետներից հեռու հայացք նետեն և հասկանան, թե աշխարհի համար դա ինչ տպավորություն է թողնում»։
Կարդացեք նաև
Փաստաբանն ասաց, որ ՀՀ կառավարության համար իրենց ձեռքը պարզած է, որ հանդիպեն․ «Մենք դա արել ենք բազմաթիվ երկրներում։ Եթե չլսի կառավարությունը, կան միջազգային կազմակերպություններ։ ՀՀ-ն բարեբախտաբար հզոր սփյուռք ունի, մենք մտադիր ենք աշխատել նաև սփյուռքի հետ։ Փորձել եկեղեցուն առանձնացնել ՀՀ-ից, դա երբևէ տեղի չի ունենա։ Հիմարի զբաղմունք է հարձակումը եկեղեցու նկատմամբ, երբ ազգաբնակչության 93 տոկոսը հավատացյալներ են։ Դա անխելք բան է, որը կառավարությունը հիմա անում է եկեղեցու նկատմամբ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ