Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. Բաղրամյան համայնքի ղեկավարը պետությանը և համայնքին պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս

Օգոստոս 12,2025 22:52

Aravot.am-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը հայտնվել է իրավապահների ուշադրության ներքո՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման կամ լիազորությունների անցման կասկածով:

Ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ 2021թ. դեկտեմբերի 17-ից մինչ օրս Առաքելյանը՝ զբաղեցնելով ղեկավարի պաշտոնը, համայնքում մշտապես իրականացնելով կազմակերպչական եւ վարչատնտեսական գործառույթներ, իր իշխանական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն ի վնաս համայնքի շահերին է օգտագործել:

Ըստ իրավապահներին հասած տվյալների՝ համայնքապետը խախտել է ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածի 10-րդ մասով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման արոտավայրեր փոխանցելու արգելքը, համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացրել, իսկ հետագայում ստանալով համաձայնություն՝ համայնքի վարչական սահմաններում գտնվող 0.33 հեկտարից մինչև 20 հա մակերեսներով ընդհանուր շուրջ 256.000.000 դրամ շուկայական արժեքով 7 ընդհանուր օգտագործման արոտավայրերը 2022թ. ընթացքում աճուրդային եղանակով օտարել է 6 ֆիզիկական անձանց՝ ընդամենը մոտ 5.411.000 դրամ արժեքով:

Իսկ ՀՀ կադաստրի կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք, իրենց հերթին անտեսելով հիշյալ օրենսդրական կարգավորումը, իրենց ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական շահերին օգտագործելով՝ կատարել են նշված գործարքների պետական գրանցումը, որի արդյունքում պետության և համայնքի օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Մեր տեղեկություններով՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել: Բաղրամյանի համայնքապետի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել, մեր բոլոր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031