Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ապրել առանց ոտքի

Օգոստոս 13,2025 10:00

Իմ գործընկեր Նիկոլայ Թորոսյանը մի հրաշալի համեմատություն է անում: Մի մարդ իր առողջությանը բացարձակապես չի հետեւում՝ ամբողջ օրը խմում է, ծխում է, վնասակար ուտելիքով է սնվում: Արդյունքում նրա մոտ տրոմբոզ է առաջանում, եւ ոտքը ստիպված են լինում կտրել: Դրանից հետո նրա շրջապատը սկսում է հրճվանքի աղաղակներ արձակել՝ «ա՜խ, ինչ հրաշալի լուծում էր, ի՜նչ իմաստուն որոշում էր ոտքը կտրելը»:

Զարգացնելով այդ միտքը՝ կարող ենք արձանագրել, որ իշխանական քարոզչական բրիգադը պնդում է, որ «ոտքը կտրելը», այսինքն՝ Վաշինգտոնում փաստաթղթեր ստորագրելը, մեր հերթական «հաջողության պատմությունն» էր, որից հետո սկսվելու է մեր անհոգ ու երջանիկ կյանքը: Այնինչ՝ իրենց (նախեւառաջ, իհարկե, իրենց շեֆի ու կուռքի) 2020-25 թվականների վարքն է հասցրել այս «երջանիկ հանգուցալուծմանը»: Ճիշտ այնպես՝ ինչպես 2018-20 թվականների ոչ կոմպետենտ եւ անպատասխանատու վարքագծի տրամաբանական հանգրվանն էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Այսպես ասած՝ «նախորդ հաջողության պատմությունը»:

Մի խոսքով, ըստ իշխանության, առանց ոտքի ապրելը մեծ երջանկություն է:

Իսկ ի՞նչ է ասում ընդդիմությունը: Ընդդիմությունն էլ ասում է, որ ինչ-ինչ հատուկ հանգամանքներում ոտքը նորից աճելու է: Դա նույնքան անհնարին է, որքան իշխանության խոստացած «հավերժ խաղաղությունը»:

Ցավալի, ամոթալի, խայտառակ փաստն արդեն տեղի է ունեցել: Քաղաքական ուժերը պետք է պատասխան տան, թե ինչպես է հնարավոր ապրել այս՝ էականորեն վատթարացած անվտանգային պայմաններում: Մասնավորապես, հնարավո՞ր է արդյոք այնպես անել, որ «անխոչընդոտ միջանցքը» չսաստկացնի Հայաստանի տրանսպորտային շրջափակումը, որն այսօր կա, եւ որը Թուրքիան ու Ադրբեջանը բացարձակապես չեն պատրաստվում վերացնել: Եթե պատրաստվում են, ապա ինչո՞ւ վաշինգտոնյան «հրաշալի» եւ «աննման» փաստաթղթերում դրա մասին ոչ մի բառ չկա: Բայց ի՞նչ անել՝ հարավից շրջափակման վտանգը կանխելու համար, դա հարց է, որի պատասխանն առայժմ չկա:

Քանի որ իշխանությունն այս 7 տարիների ընթացքում ստում էր՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»-ից սկսած եւ «Ղարաբաղի հայերի անվտանգությամբ ու իրավունքներով» վերջացրած, կասկած չկա, որ այն, ինչ ասվում է խաղաղության եւ ապաշրջափակման մասին, նույնպես սուտ է: Եթե այս իշխանությունը մնա, պարզ է, որ ամեն ինչ գնալու է վատթարագույն սցենարով: Սակայն ամենեւին էլ պարզ չէ, թե ինչ սցենար են առաջարկում ընդդիմադիրները:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ The Economist- ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031