«Հրապարակը» զրուցել է արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հետ:
– ՀՀ արտաքին գործերի նախարարության հրապարակած նախաստորագրված համաձայնագրի դրույթներից հատկապես մի քանիսը, կարծես, խնդրահարույց են: Օրինակ` դրանցից մեկում ասվում է, որ կողմերը պարտավորվում են «հասցեագրել երկու Կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց եւ բռնի անհետացումների դեպքերը, այդ թվում՝ ուղղակիորեն կամ հարկ եղած դեպքում համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով», եւ «Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման եւ ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարության ապահովման կարեւորությունը` որպես հաշտեցման եւ վստահության ամրապնդման միջոց», ինչի առնչությամբ հետագա «կարգավորումները կբանակցվեն եւ մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով»։ Սրանից կարո՞ղ ենք ենթադրել, որ առաջիկայում ազերները կարող են Հայաստան գալ, ինչ-որ մասունքներ փնտրելու, կամ` կարո՞ղ են գործեր հարուցվել պատերազմների հերոսների նկատմամբ` այն դեպքում, երբ Ադրբեջանը դեռեւս չի վերադարձրել անգամ հայ ռազմագերիներին….
– Առհասարակ` բոլոր դրույթները խնդրահարույց ե: Ինչո՞ւ, որովհետեւ հասցեագրված չեն այն բոլոր խնդիրները, որոնք պատճառահետեւանքային կապ են ունեցել այս ամեն ինչի մեջ, սկսած արցախյան բուն հիմնահարցից, վերջացրած բոլոր հումանիտար խնդիրներով: Օրինակ, այդ դրույթներում հասցեագրված չէ բռնի ուժով տեղահանված մեր 150 հազար հայրենակիցների մասին, որեւէ հասցեագրում չկա այն մշակութային ժառանգության մասին, որը ոչնչացվում է, հողին է հավասարեցվում ադրբեջանցիների կողմից: Փորձ է արվում՝ ջնջելու հայկական մշակույթն ու Հայոց պատմությունը, սակայն ոչ մի հիշատակում չկա այդտեղ: Ոչ մի խոսք չկա հարաբերությունների կարգավորման երաշխավորների մասին: Այդ հոդվածներն այնքան բացեր ունեն, որ անգամ տասը հատորից բաղկացած գիրք կարելի է գրել, թե որքան թերի է այն: Օրինակ` խոսվում է ռասայական խտրականության մասին: Ստացվում է, որ ցանկացած լրագրողի, ցանկացած հասարակական-քաղաքական գործչի կարող են մեղադրել այս հոդվածով: Այժմ մենք զրուցում ենք, եւ մեր այս հարցազրույցը կարող են տվյալ հոդվածի հիման վրա համարել հանցագործություն եւ գործ հարուցել, քանի որ մենք խոսում ենք ադրբեջանական վայրագությունների մասին: Այսինքն` ստացվում է, որ եթե անգամ ադրբեջանցին ինչ-որ մեկի կոկորդը կտրի կամ հայկական եկեղեցի հողին հավասարեցնի, հայ քաղաքացին չի կարող այդ մասին բարձրաձայնել: Ոչինչ, որ ադրբեջանցին կարող է հայի ունեցվածքը յուրացնել, հայը պետք է լռի, փոխարենն Ադրբեջանը ստանում է Մինսկի խմբի լուծարում, Սյունիքն է ստանում` անունը փոխած, արդեն Թրամփի անունով: Այնպես որ, այս բոլոր պրոցեսները պրոադրբեջանական, պրոթուրքական են:
– Բայց ՔՊ-ականները, Հանրային հեռուստաընկերությունը, իշխանական քաղաքագետները վստահեցնում են, որ Հայաստանը թեւակոխում է նոր պատմական աննախադեպ փուլ: Պնդում են, որ Հայաստանը թե՛ տնտեսապես է հզորանալու, թե՛ անվտանգության առումով դառնալու է կայուն ու ապահով:
Կարդացեք նաև
– Ծիծաղելի է ուղղակի: Նրանց նպատակը այդ թղթի կտորը թափահարելով վարկանիշ բարձրացնելն է: Այս ամենը մտնում է ՔՊ-ի քարոզչական մեխանիզմների մեջ: Ինչպես Չեմբեռլենն էր ժամանակին Բրիտանիային խաղաղություն բերում, այնպես էլ Նիկոլ Փաշինյանն է խաղաղություն բերում, պարզապես` Հայաստանը Բրիտանիա չէ, եւ ամեն ինչ ավելի վատ ավարտ է ունենալու: