Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության է առել Չախոյանի վարքն ու գռեհիկ բառապաշարը։ Մասնավորապես, համաձայն հրապարակումների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարել է ենթադրյալ վիրավորական արտահայտություններ («տավարապետ», «բարբաջող», «ցողունային բջիջնե՞ր է ընդունել», «6-րդ պալատից վեղարով փախած քաղաքական հոգեխանգարված») պարունակող գրառումներ։
Հանձնաժողովն արձանագրել է, որ «տավարապետ» բառի գործածմամբ Տ. Չախոյանը նկատի ունի Վարդան Ղուկասյանի կողմից գործածած «товаровед» բառը, որը նման սխալ գործածմամբ հանդիպել է նաև զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներում։ Հաշվի առնելով այս հանգամանքը, նկատի ունենալով, որ հրապարակումները կատարվել են Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում և նպատակ են ունեցել քննադատելու համայնքի ղեկավարի թեկնածուին ու նրա գաղափարական մոտեցումները, իսկ նախընտրական քարոզարշավի ժամանակաշրջանում թեկնածուներին ուղղված քննադատական խոսքն ինքնին օգտվում է առավել լայն պաշտպանության շրջանակից, Հանձնաժողովը գտել է, որ Տ. Չախոյանի նշված գրառումները չեն հատել իրավաչափության սահմանը։
Ըստ այդմ, Հանձնաժողովը նշված 3 գրառումների կապակցությամբ արձանագրել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման բացակայություն և որոշել դրանց առթիվ չհարուցել վարույթ։
4-րդ գրառման առնչությամբ Հանձնաժողովն արձանագրել է, որ «6-րդ պալատից վեղարով փախած քաղաքական հոգեխանգարված» արտահայտության կիրառմամբ Տ. Չախոյանը հասարակական-քաղաքական գործչին կոչել է հոգեկան առողջության խնդիր ունեցող։
Կարդացեք նաև
Ըստ այդմ, Հանձնաժողովն արձանագրել է, որ նշված գրառման կատարումը պարունակում է վարքագծի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներ։
Այնուամենայնիվ, Հանձնաժողովը որոշել է նշված դեպքի առթիվ չհարուցել վարույթ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գրառմամբ շոշափվել են կոնկրետ անձի իրավունքները, որը Հանձնաժողովին դիմում չի ներկայացրել, իսկ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մնացած նախապայմանները բացակայել են։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։