Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն այլեւս միակ որոշողը չէ, իսկ Ադրբեջանը ձգտում է առաւել ինքնիշխան դերակատարութեան հասնել. «Դրօշակ»

Օգոստոս 13,2025 10:51

Վերջին ամիսներին Ռուսաստանը եւ Ադրբեջանը յայտնուել են քաղաքական լարուածութեան կիզակէտում․ երբեմնի ռազմավարական գործընկերների յարաբերութիւններն այսօր նմանւում են փոխադարձ անվստահութեամբ լի մրցակցութեան։ Դրա հիմքում ոչ միայն առանձին միջադէպեր են, այլ նաեւ խորքային փոփոխութիւններ՝ արտաքին քաղաքական ուղղութիւնների, հասարակական ընկալումների ու պետական հռետորաբանութեան մակարդակներում։

Բաքուն սկսել է աւելի քիչ յենուել Ռուսաստանի զէնքի վրայ, ինչը փոխյարաբերութիւնների փոփոխութեան կարեւոր ցուցիչներից մէկն է։

Այս ամէնին գումարուել է նաեւ տնտեսական բաղադրիչը, քանի որ տնտեսական յարաբերութիւնները նոյնպէս զգալի փոփոխութիւնների են ենթարկուել։ Ներգաղթեալների եւ աշխատողների՝ ռուսական շուկայում եղած ադրբեջանական համայնքի նկատմամբ բռնութիւնները, ինչպէս նաեւ տնտեսական պատժամիջոցները, զգալիօրէն ազդում են երկու կողմերի փոխյարաբերութիւնների վրայ։ Վերլուծաբանները նշում են, որ ռուսական շուկան կորցնում է ռազմավարական դերը Բաքուի համար, որի տնտեսութիւնը խարսխւում է նաւթի ու գազի արտահանման վրայ։ Ըստ այդմ, տնտեսութիւնը դառնում է եւս մէկ դաշտ, որտեղ արձանագրւում են շահերի բախումներ, ինչը լրացուցիչ հարուած է հասցնում դիւանագիտական յարաբերութիւններին։

Փաստացի այս ճգնաժամը նոր փուլ էր ռուս-ադրբեջանական յարաբերութիւններում՝ պայմանաւորուած ոչ միայն ռազմաքաղաքական խնդիրներով, այլեւ հասարակական ու տեղեկատուական դաշտերում ձեւաւորուած հակադրութիւններով։

Պետական հռետորաբանութեան մակարդակում կրքերը թէժացել են այնքան, որ Ադրբեջանի արտաքին գործոց նախարարը յստակօրէն խօսել է ԵԱՏՄի «դաշնակիցների հետ վստահութեան խաթարման մասին», իսկ Մ. Զախարովան Ադրբեջանին մեղադրել է «զգացական արկածախնդրութեան» մէջ։

Ադրբեջանական ընդդիմադիր եւ անկախ լրատուամիջոցներն անգամ գրում են, թէ Ռուսաստանը «թաքուն վրէժխնդրութիւն է փորձում իրականացնել»՝ Ղարաբաղից դուրս մղուելուց յետոյ։ Ադրբեջանական AZTV պետական հեռուստաալիքն հանրային խօսքում Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինին անգամ անուանել է «նացիստ»՝ համեմատելով նրան Ի. Ստալինի, իսկ նրա քաղաքականութիւնը՝ 1937ի հետ։ Ադրբեջանական ազգային հեռուստաալիքում արծարծուել է, որ Ռուսաստանն ունի «ազգայնամոլ մշակոյթ», որը շարունակւում է «ցարական եւ խորհրդային ժամանակներից»։ Թելեգրամեան ալիքներում էլ Ռուսաստանի կողմից կազմակերպուած յարձակումների եւ տեղեկատուական ձեռնավարութիւնների վերաբերեալ մեղադրանքներ են շրջանառւում։ Բացի այդ, բողոքներ կան, որ Մոսկուան, իբրեւ թէ, խոչընդոտում է ադրբեջանական ապրանքների մուտքը ԵԱՏՄ շուկայ։

Մոսկուան ու Բաքուն գտնւում են մի կէտում, որտեղ վստահութիւնը թէ՛ քաղաքական, թէ՛ հանրային մակարդակներում խիստ մաշուած է։ Պաշտօնական հռետորաբանութիւնը շարունակաբար կոշտանում է, իսկ հասարակական տրամադրութիւններն արդէն ձեւաւորում են վտանգաւոր աշխարհաքաղաքական պատկեր։ Սա պարզապէս հերթական ճգնաժամ չէ։ Սա տարածաշրջանում քաղաքական ուժերի դասաւորութեան վերափոխման ազդակ է, որտեղ Ռուսաստանը այլեւս միակ որոշողը չէ, իսկ Ադրբեջանը ձգտում է առաւել ինքնիշխան դերակատարութեան հասնել։

Լիանա ՊԵՏՐՈՍԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ ՀՅԴ «Դրօշակ» պաշտոնաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031