Հայաստանցիների մոտ 65%-ը չի հավատում, որ Ադրբեջանի հետ բանակցություններով կարելի է հասնել կայուն եւ երկարատեւ խաղաղության։ Ընդամենը 34%-ն է խաղաղության հասնելը համարում հնարավոր։ Այս վիճակագրությունն է մեզ հետ զրույցում մատնանշում «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը` հղում անելով ընդամենը 2 ամիս առաջ` հունիսին, իրենց կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքներին, որոնք ուղղակիորեն արտահայտում են հանրային ընկալումներն ու մտահոգությունները:
«Իրականում, հասարակության առնվազն 2/3-ը չի տեսնում երկարատեւ խաղաղության հեռանկարը։ Վերջին տարվա ընթացքում տարբեր ամիսներին արված հարցումների պատկերը գրեթե չի փոխվել․ փոքր տատանումները հիմնականում կապված են տվյալ պահի քաղաքական օրակարգի ու հանրային քննարկումների հետ։ Սա միայն վիճակագրական տվյալ չէ, վկայում է հանրային խոր անվստահության մասին, որը ձեւավորվել է տարիների փորձից, պատերազմի հիշողություններից եւ ադրբեջանական կողմից շարունակվող թշնամական վարքագծից։ Երբ հասարակության մեծ մասը խաղաղությանը չի հավատում, նույնիսկ ամենաբարի մտադրություններով բանակցությունները կարող են ընկալվել ոչ թե որպես ապագայի հույս, այլ որպես աղետաբեր ռիսկ»,-նշում է զրուցակիցս:
Վերջին սոցիոլոգիական հարցման ժամանակ Ա. Խաչիկյանն իրենց կողմից իրականացված հարցումներում Արցախի վերաբերյալ մի կարեւոր պնդում է առանձնացնում, այն է` «Արցախի կորուստը ժամանակավոր է, պետք է հզորացնենք մեր բանակը, պաշտպանենք մեր հայրենիքն ու հետ բերենք կորցրածը»․ այս պնդման հետ համաձայն է 90.7%-ը։