Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե կողմերն ունեն խաղաղություն հաստատելու իրական նպատակադրում, ապա փաստաթղթում պետք էր անվերապահորեն ամրագրված լիներ երկու դրույթ. Արթուր Ղամբարյան

Օգոստոս 13,2025 12:34

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի ֆեյսբուքյան գրառումը

«Խաղաղության հաստատման մասին (…) » վերտառությամբ փաստաթուղթն ըստ էության չի համապատասխանում իր բովանդակությանը։ Եթե վիճող կողմերն ունեն խաղաղություն հաստատելու ԻՐԱԿԱՆ նպատակադրում, ապա այդ փաստաթղթում պետք էր անվերապահորեն ամրագրված լիներ երկու դրույթ՝

1) ՀՀ տարածքից մյուս կողմից զորքերը կոնկրետ ժամկետներում դուրս բերելու պարտավորության մասին հստակ դրույթ, ինչպես որ գրված է միջպետական գանգատները հետ վերցնելու մասին դրույթում,

2) Ռազմագերիներին կոնկրետ ժամկետներում վերադարձնելու պարտավորության մասին հստակ դրույթ։

Քաղաքական իշխանությունը մեզ պետք է բացատրի, թե մյուս կողմը ին՞չ շարժառիթներով և հիմնավորումներով չի ցանկում, որ այս դրույթներն ամրագրվեն պայմանագրի տեքստում։ Բավարար չէ պարզապես նշել, որ մենք այս հարցում արդյունքի չենք հասել․ եթե կողմերը իրականում պարտավորվում են հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը (Հոդված 1) և նպատակ ունեն խաղաղություն հաստատելու, ապա հասկանալի չէ, թե որն է այն խոչընդոտող գործոնը, որը թույլ չի տալիս պայմանագրում ամրագրել ՀՀ տարածքներից մյուս կողմի զորքերը դուրս բերելու և ռազմագերիներին վերադարձնելու մասին դրույթներ։

Եթե կողմերից մեկը չի ցանկանում, որպեսզի պայմանագրում ամրագրվեն՝ խաղաղության մտադրությունից աներկբայորեն բխող այս երկու կարևորագույն դրույթները, ապա ծագում է բնական հարց, մյուս կողմը արդյոք ունի՞ խաղաղություն հաստատելու իրական մտադրություն, թե պարզապես ցանկանում է իրավաբանորեն հաստատել իրենց համար առանցքային նշանակության դրույթներ։

Քանի դեռ իրավասու մարմինները հասարակությանը չեն ներկայացրել, թե ՀՀ դիվանագիտությունն այս պարզ, սակայն մեզ համար կարևոր հարցերի վերաբերյալ ինչո՞ւ դրական արդյունք չի արձանագրել և Ադրբեջանը ի՞նչ բնույթի առարկություններ (պատճառաբանություններ) է ներկայացնում այս հարցերի վերաբերյալ, ապա հիմքեր կան ենթադրելու, որ Ադրբեջանի համար հրապարակված փաստաթուղթը ոչ թե խաղաղություն հաստատելու իրական մտադրության մասին է, այլ դիվանագիտական կեղծիք է (Diplomatic deception), կամ խաղաղության մտադրության պարտադրանք (իմիտացիա) է, իսկ ՀՀ քաղաքական իշխանության համար՝ նախընտրական քարոզչական գործիք է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031