«Մեր ընկերությունն անմիջականորեն մասնակցելու է Կարապետյանի գործին, սպասում եմ փաստաբանների պալատից հաստատման»,- Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ Նա Հայաստան է եկել անձնական նախաձեռնությամբ՝ Հայ Առաքելական Եկեղեցու, նրա օգտին հանդես եկած գործարար Սամվել Կարապետյանի եւ կալանավորված արքեպիսկոպոսների շահերը պաշտպանելու նպատակով։
Փաստաբանների պալատում Ռոբերտ Ամստերդամից իր փաստաթղթերի թղթային տարբերակներն են պահանջել, որոնք իր ձեռքի տակ չեն, բայց 1-2 օրվա ընթացքում կներկայացվեն։ Վաղը՝ Սամվել Կարապետյանի գործով կայանալիք նիստին Ռոբերտ Ամստերդամը կմասնակցի, բայց ոչ որպես փաստաբան։
Փաստաբանն այն համոզմունքն ունի, որ Սամվել Կարապետյանի գործը քաղաքական է․ «Ցանկացած դատավարություն, որն այստեղ տեղի է ունենում, կարող է համեմատելի լինել ինչ-որ շոուի, ցուցադրական դատավարության հետ»։ Ռոբերտ Ամստերդամը մեկ այլ բանում էլ է համոզված՝ գլխավոր դատախազի, ով վարչապետի աշխատակազմում սերտ կապեր ունի, կողմից առաջադրված մեղադրանքը օրենքի դատարանում չի կարող հիմնավոր ճանաչվել, դա անընդունելի է։
Ռոբերտ Ամստերդամը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի լսել Սամվել Կարապետյանի կողմից ՀԱԵ մասին արտահայտված բառերը, ուստի հրապարակային պայքար է սկսել վերջինիս դեմ․ «Նա ասել է բառեր, որոնք եւ սպառնացող են, եւ վիրավորական, օգտագործել է բառեր, որոնցից բխում է, որ նա պետության ողջ իշխանությունը գործադրելու է պարոն Կարապետյանի դեմ։ Ժողովրդավարական հասարակությունում դա չլսված բան է»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Փաստաբանը ոչ նորմալ է համարում ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությունը Սամվել Կարապետյանի գործին, ինչպես նաեւ նրա ձերբակալման հանրային բնույթը՝ բազմաթիվ ոստիկանների մասնակցությամբ՝ աղաղակող եւ ոչ բարոյական մեթոդներով։ Համոզված է՝ «Սամվել Կարապետյանի ազատազրկումը քաղաքական վրեժխնդրություն էր»։
Ռոբերտ Ամստերդամն աննախադեպ է համարում նաեւ Եկեղեցու դեմ ՀՀ իշխանության հրապարակային արշավը, իր 45 տարվա գործունեության ընթացքում չի հանդիպել իրավիճակ, երբ կառավարության ղեկավարն է սկսում այդ արշավը եւ անձամբ գլխավորում։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ