Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ հասկանում Փաշինյանի համեմատությունը ավտոբուսի հետ, ինչի՞ միայն իր անվտանգությունը պիտի ապահովե՞ն»․ Սոնա Մնացականյանի հայր

Օգոստոս 13,2025 14:17

«Մենք իրավական պետության մեջ ենք ապրում, թող իրավական պետությունն էլ որոշում կայացնի՝ ով է մեղավորը և պատժի», – լրագրողները խնդրեցին գնահատական տալ՝ Նիկոլ Փաշինյանը մեղավո՞ր է, թե՝ ոչ, Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված եւ մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը։

Մյուս հարցին՝ իսկ մարդկային, բարոյական առումո՞վ, Մնացական Մնացականյանն ի պատասխան ասաց․ «Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել ինձնից, իմ վշտին ցավակցել է։ Բայց ես բացարձակ չեմ հասկանում նրա մոտեցումը, որ նա այս վթարը համեմատեց ավտոբուսում նստած ուղևորի հետ։ Դա հարցի ի՞նչ մոտեցում է»։

Ըստ նրա՝ պետական կառավարման հարց է․ անձի հարց չէ․ «Եթե ժամանակին կարողանային փողոց փակել, ժամանակին տեղյակ պահեին, երբեք այդ դեպքը չէր կատարվի։ Ի՞նչ է նշանակում՝ այդ ձայնագրությունները չկան, կորել են, փչացել են։ Ամեն հարցում այդքան անփույթ գտնվել կարելի՞ է»։

Լրագրողները հիշեցրին՝ մեղադրյալն իրեն մեղավոր չի ճանաչում և հարցրին՝ ի՞նչ կասեք նրա պահվածքի հետ կապված, Մնացական Մնացականյանը պատասխանեց․ «Փաստացի ապացուցվել է, որ ինքը գերազանցել է սահմանած արագությունը։ Ինքը միջոցներ չի ձեռնարկել վթարը կանխելու համար, եթե ժամանակին միջոցներ ձեռնարկեր, վթարը տեղի չէր ունենա, ուրեմն ինքը մեղավոր է»։ Լրագրողների հստակեցմանը՝ միայն ի՞նքը, Սոնա Մնացականյանի հայրն արձագանքեց․ «Ոչ, միայն ինքը չէ, մենք նաև դատապաշտպանի օգնությամբ շարասյան ղեկավարների հանդեպ ենք բողոք ներկայացրել»։ Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը մեղավո՞ր է, հարց են տալիս նրան, ասում է՝ ես ուղևոր եմ եղել, Մնացական Մնացականյանն այսպես պատասխանեց․ «Ես չեմ կարող ասել՝ ինչու է ինքը մտածում այդպես։ Էդ էլ դուք հասկացեք՝ ոնց եղավ, որ ինքը տենց է մտածում»։

Լրագրողների փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը մշտապես արագ է սլանում և նրանք պատճառաբանում են, որ դա արվում է՝ անվտանգությունից ելնելով, Մնացական Մնացականյանն այսպես արձագանքեց․ «Պետք է նաև անցորդների նկատմամբ կարողանան ապահովել անվտանգություն։ Թող անցորդների նկատմամբ կարողանային անվտանգություն ապահովել, ինչի՞ Նիկոլ Փաշինյանի համար անվտանգություն կարելի է ապահովել, անցորդները ՀՀ քաղաքացիներ չե՞ն, որ նրանց անվտանգությունը չապահովեն»։

Այն շահարկումներին, թե Սոնա Մնացականյանը քաղաքական դրդապատճառով է այդ քայլին դիմել, Մնացական Մնացականյանն այսպես պատասխանեց․ «Ի՞նչ ասեմ՝ յոթ ամսական հղին կարող է հատուկ գնա՞ր, քաղաքական ակցիա անե՞ր։ Իմ աղջիկը նոր էր եկել ՀՀ, դրսում էր աշխատում և դրսից IT ընկերություն էր ղեկավարում. ի՞նչ քաղաքական։ Քաղաքականն այն է, որ աղջիկս, հավատալով ՀՀ-ում փոփոխություններին, Դանիան թողեց, եկավ ՀՀ և դուստր ձեռնարկություն բացեց։ Ասում է՝ կադր չունենք, կադր չունենք, որովհետև այստեղ ապահովված չեն զգում, դրա համար թողնում, հեռանում են»։

Հարցին՝ գո՞հ եք երկուսուկես տարվա դատավարությունից, Մնացական Մնացականյանը պատասխանեց․ «Առայժմ գոհ եմ, մի քանի անգամ տուժողի կողմի պատճառով անհիմն հետաձգվում են դատական նիստերը։ Դա անում  են, որ ժամանակ շահեն, որ հինգ տարին լրանա։ Այս անգամ էլ չկային, միտումն այն է, որ ժամանակ շահեն, և վաղեմության ժամկետն անցնի»։

Լրագրողները հիշեցրին՝ պահանջել է 10 միլիոն դրամ գումար հուշաքարի, գերեզմանի վերանորոգման աշխատանքների և մնացած ծախսերի համար և հետաքրքրվեցին՝ ի՞նչ է կարծում՝ այդ պահանջը կբավարարվի՞, Մնացական Մնացականյանը պատասխանեց․ «Ի՞նչ բավարարելու հարց է, այստեղ ոչ մի գումար էլ ինձ չի բավարարի. ես երիտասարդ աղջիկ եմ կորցրել»։ Լրագրողները պարզաբանեցին՝ նկատի ունեն դատարանը կբավարարի՞ իր պահանջը, նա պատասխանեց՝ չի կարող ասել։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031