Լրահոս
«Սաղ ժողովուրդը»…
Օրվա լրահոսը

Հուլիսի 15-ի դրությամբ Ստեփանակերտից անհետացել են բոլոր 25 արձաններն ու կիսանդրիները՝ նշանավոր անձանց հիշատակին

Օգոստոս 14,2025 12:26

Ստեփանակերտի մոնումենտալ ժառանգության լիակատար ոչնչացում – մարտահրավեր միջազգային հանրությանը եւ Հայաստանի Հանրապետության իշխանություններին

Հուլիսի 15-ի դրությամբ Արցախի մայրաքաղաքից անհետացել են բոլոր 25 արձաններն ու կիսանդրիները, որոնք կանգնեցված էին նշանավոր անձանց հիշատակին, ու տասնամյակներով ձևավորում էին քաղաքի մշակութային դիմագիծը։

Այս փաստը հաստատվել է Google Earth-ի արբանյակային լուսանկարների վերլուծությամբ և ադրբեջանական սոցիալական ցանցերում տեղադրված հրապարակումներով։

Քաղաքի տարածքից ջնջված են.
Հայրենական Մեծ պատերազմի հերոսներ- մարշալ Հովհաննես Բաղրամյան, ծովակալ Հովհաննես (Իվան) Իսակով, օդաչու-աս Նելսոն Ստեփանյան։

Մշակույթի գործիչներ – Հենրիխ Բարխուդարյան, Հովհաննես Թումանյան, Խաչատուր Աբովյան, Վահրամ Փափազյան, Շառլ Ազնավուր, Հովհաննես Այվազովսկի, իրավապաշտպան Անդրեյ Սախարով, (Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու ճակատագիրը դեռ ճշտման փուլում է)։

Ազատագրական շարժման մասնակիցներ և հայրենիքի պաշտպաններ – Աշոտ Գուլյան (Բեկոր), Քրիստափոր Իվանյան, Անատոլի Զինևիչ, Յուրի Պողոսյան։

Բոլշեւիկյան Հեղափոխական գործիչներ-Ստեփան Շահումյան, Ալեքսանդր Մյասնիկյան, Ալեքսանդր Ծատուրյան։

Տեղահանված քանդակների ճակատագիրը պաշտոնապես հայտնի չէ, սակայն, հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման շարունակական պրակտիկան, բարձր հավանականությամբ կարելի է ենթադրել դրանց լիակատար ոչնչացումը։

Այս հուշարձանների արժեքը պայմանավորված էր ոչ միայն նրանց պատմա-մշակութային նշանակությամբ, այլև հեղինակությամբ․ դրանց հեղինակների թվում կային թե՛ հանրահայտ հայ վարպետներ, թե՛ միջազգային ճանաչում ունեցող արտասահմանյան քանդակագործներ, այդ թվում ռուս հայտնի հեղինակներ Սալավաթ Շչերբակովը և Գրիգորի Պոտոցկին, որոնք Այվազովսկու եւ Սախարովի արձանների հեղինակներն էին։

Լուսանկարում Ստեփանակերտի առաջին տապալված արձանն է՝ Ստեփան Շահումյան, որի անունով ավելի քան հարյուր տարի առաջ անվանակոչվել է Արցախի Հանրապետության մայրաքաղաքը:

Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031