«Հայաստանը ստանում է ապաշրջափակված ճանապարհներ՝ մեր տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սուվերենության պահպանմամբ, ինչը շատ կարեւոր է»,- կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ է ստանում Հայաստանը՝ ԱՄՆ-ում նախաստորագրված խաղաղության համաձայնագրով։
Դավիթ Խուդաթյանի ձեւակերպմամբ՝ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը մեզ մի քայլ մոտեցնում է խաղաղությանը։ Իսկ լրագրողների մնացյալ բոլոր հարցերին, որոնք վերաբերում էին սահմանային եւ մաքսային վերահսկողությանը, բանախոսը միեւնույն պատասխանն ուներ՝ դրանք տեխնիկական եւ մասնագիտական հարցեր են, որոնց պատասխանները կլինեն աշխատանքային խմբերի ձեւավորումից հետո։ Մինչ այժմ հրապարակված տեղեկություններին եւ մանրամասներին հավելելու ոչինչ Դավիթ Խուդաթյանը չունի։ Նա հայտարարեց՝ որ պահին կառավարությունն անհրաժեշտ գտնի հավելյալ տեղեկատվություն տրամադրել՝ կտրամադրի։
Դավիթ Խուդաթյանը հեգնանքով նկատեց՝ չարագուշակ մեկնաբանություններ էին արվում «Խաղաղության պայմանագրի» տեքստի մասով, բայց տեքստի հրապարակումից հետո, իր գնահատմամբ, պարզվեց, որ այնտեղ ՀՀ-ի համար ոչ մի սարսափելի, ողբերգական եւ չարագուշակ բան չկար․ «Մենք սովոր ենք, որ այդպիսի մեկնաբանություններ կարվեն այնքան ժամանակ, մինչեւ գա պահը ավելի մանրամասնելու փաստաթղթի իրականացման ճանապարհային քարտեզը»։
Ճշտող հարցին՝ Հայաստանը ի՞նչ ճանապարհ է ստանում եւ որտեղից, օրինակ, Ադրբեջանը գնում է Նախիջեւան, Դավիթ Խուդաթյանը պատասխանեց․ «ՀՀ-ի համար բացվում են այն ճանապարհները, որոնք անցնելու են Ադրբեջանով, որովհետեւ ապաշրջափակումը երկկողմանի գործընթաց է»։
Կարդացեք նաև
Գերիների վերադարձի եւ Ադրբեջանի նոր պահանջների մասին հարցին էլ նա պատասխանեց․ «Խաղաղության գործընթաց ենք սկսել, որի ընթացքում ձեր թվարկած բոլոր խնդիրները լուծվելու են»։
Մանրամասները՝ տեսանյութում
Երասխի հատվածում ներդրումներ եւ կառուցապատում իրականացնելու մասին հարցին, նախարարը կրկին պատասխանեց, որ նույն տեխնիկական հարցերն են քննարկում լրագրողները, իսկ դրանք հասցեագրվելու են աշխատանքային խմբերին։ Աշխատանքային խմբերի ձեւավորման հստակ ժամկետներ չասաց, բայց վստահեցրեց՝ հնարավորինս կարճ ժամկետում կլինի ամեն ինչ։
Հարցին՝ ՀՀ-ԱՄՆ երկկողմ հուշագիրը ինչո՞ւ չի հրապարակվում, արդյոք բոլոր հարցերը տվյալ համաձայնագրում մանրամասնված չեն, Դավիթ Խուդաթյանը կրկին ասաց՝ տեխնիկական հարցի մասին եք խոսում։ Նա վստահեցրեց՝ բոլոր հնարավոր ռիսկերը հաշվարկված են, եւ հաշվի են առնվելու ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ փոխադարձելիության սկզբունքների համատեքստում։ Հավելեց՝ այս սկզբունքները ՀՀ-ի համար կարմիր գիծ են լինելու։
Լրագրողներից մեկը նկատեց՝ կարեւոր քաղաքական հարց է՝ հայ սահմանապահներն ու մաքսավորնե՞րն են վերահսկողություն իրականացնելու, մինչդեռ նախարարն այն տեխնիկական է որակում, Դավիթ Խուդաթյանը պատասխանեց՝ քաղաքական ամենակարեւոր հարցը, որը ձեւակերպվել է փաստաթղթում, ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պահպանումն է։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ