Հասմիկ Նիկողոսյանը՝ մասնագիտությամբ կորեերեն–հայերեն թարգմանիչ, կորեերենի լեզվի և գրականության մասնագետ, այսօր հանդիսանում է Կորեայի տուրիզմի կոմիտեի առաջին հայ դեսպանը։ Նա ապրում է Հարավային Կորեայում, ուսումնասիրում է Կորեայի գրական ժառանգությունը, ճանապարհորդում երկրի ամենահեռավոր անկյուններով, ու այս ամենը ներկայացնում է հազարավոր հայ հետևորդներին՝ ոգեշնչելով, կրթելով ու մոտեցնելով երկու մշակույթներ։ Նրա ուղին կրթությունից մինչև տուրիզմի դեսպանություն վկայում է՝ սիրով, աշխատասիրությամբ ու նպատակասլացությամբ կարելի է նոր երկիրը ոչ միայն բացահայտել, այլ նաև դառնալ նրա պատմության մի մասը։
–Ինչպե՞ս սկսվեց Ձեր կորեերեն սովորելու, Կորեա գնալու ճանապարհը
-Ամեն ինչ սկսվեց կյանքիս ամենապատասխանատու պահից՝ վարժարանս ավարտելու տարում, որից հետո համալսարանի ճիշտ ընտրություն պետք է կատարեի։ Այդ ժամանակ էր, որ սկսեցի մեծ հետաքրքրություն տածել կորեական մշակույթի և պատմության նկատմամբ։ Նույն տարում իմացա, որ Հայաստանում առաջին անգամ բացվելու է կորեերեն-հայերեն թարգմանչական գործ բաժինը, և հասկացա, որ հենց այդ բաժինը պետք է ընդունվեմ։ Լեզուն ինձ հեշտ չտրվեց, բայց անքուն գիշերներ անցկացնելու և երկար ժամանակ հետևողականորեն աշխատելուց հետո վերջապես հասա այն կորեերենի մակարդակին, որն էլ հնարավորություն տվեց համալսարանը ավարտելուց առաջ դիմել Կորեայի կառավարության կրթաթոշակի ծրագրին։ Ամեն տարի այս ծրագրին դիմում են հազարավոր ուսանողներ աշխարհի տարբեր երկրներից, և միայն սահմանափակ թվով ընտրված ուսանողներին է հնարավորություն տրվում յուրաքանչյուր երկրից գալ Կորեա այս ծրագրով։ Դիմելու գործընթացում անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելուց, հարցազրույցներ անցնելուց հետո, 2018 թվականին Կորեայի կառավարության և իմ դիմած համալսարանի կողմից ստացա այդքան սպասված հրավերը և արդեն օգոստոսի վերջ մեկնեցի Կորեա՝ ուսումս շարունակելու։
Կարդացեք նաև
–Ինչպե՞ս ստացաք Կորեայի տուրիզմի դեսպանի կարգավիճակը։ Ի՞նչ ճանապարհ անցաք այդ նպատակին հասնելու համար
-Վեց տարի առաջ էր, երբ առաջին անգամ սկսեցի համագործակցել Կորեայի տուրիզմի կոմիտեի հետ։ Անկեղծ ասած, Կորեա տեղափոխվելուցս դեռ շատ ժամանակ չէր անցել, և տուրիզմի կոմիտեի կողմից առաջարկվող ծրագրերի մասին քիչ տեղեկություն ունեի։ Մի օր ընկերներս նկատեցին մի հայտարարություն, որտեղ նշվում էր, որ իրենց թիմ են հրավիրում արտասահմանցի ուսանողների, ովքեր սիրում են ճամփորդել և լավ են տիրապետում տարբեր լեզուներին, հատկապես ՝ կորեերենին ու անգլերենին։ Ընկերներիս խորհրդով դիմեցի ծրագրին։ Մեկ շաբաթ անց, ստացա շնորհավորական նամակ կոմիտեից որտեղ տեղեկացնում էին, որ անցել եմ նախնական փուլը և սիրով հրավիրում են երկրորդ՝ հարցազրույցի փուլին։ Հարցազրույցի ընթացքում ստուգեցին անգլերենի և կորեերենի իմացությունս, ինչպես նաև տարբեր հարցերով փորձեցին հասկանալ, թե ինչպես կարող եմ ներկայացնել Կորեայի տուրիզմը իմ հայրենակիցներին։ Եվս մեկ շաբաթ անց ստացա հերթական շնորհավորական նամակը, որն էլ այս անգամ տեղեկացնում էր, որ հաջողությամբ անցել եմ վերջին փուլը և ընդգրկվել եմ թիմ՝ դառնալով Կորեայի տուրիզմի կոմիտեի առաջին հայ դեսպանը։ Քանի որ ոլորտում նոր էի և շատ բան ունեի սովորելու, ինձ մեծ աջակցություն ցույց տվեցին աշխարհի տարբեր ծայրերից թիմում ընդգրկված փորձառու մասնակիցները։ Ջերմ մթնոլորտի շնորհիվ շատ արագ ընկերացանք և դարձանք միջազգային մի մեծ ընտանիք։
–Ի՞նչ է իրականում նշանակում լինել տուրիզմի դեսպան։ Ո՞րն է Ձեր հիմնական առաքելությունն այդ դերում
-Կորեայում տուրիզմի դեսպան լինելը ինձ համար բավականին մեծ պատասխանատվություն է, քանի որ այն ենթադրում է ոչ միայն ճամփորդել Կորեայի տարբեր քաղաքներ, այլ նաև պաշտոնական հանդիպումների ժամանակ ներկայացնել իմ երկիրը։ Այստեղ իմ հիմնական առաքելությունն է այցելել նախապես ընտրված քաղաքներ, ուսումնասիրել այնտեղի ռեստորանների և հյուրանոցների հյուրընկալության մակարդակը և որակը, ինչպես նաև ծանոթանալ տվյալ քաղաքի այցեքարտը համարվող տեսարժան վայրերին։ Այցելություններից հետո ես անկեղծ կարծիք եմ հայտնում տեսածիս մասին, որպեսզի տուրիզմի ոլորտում հնարավոր լինի իրականացնել առողջ և նպատակային բարեփոխումներ։ Եթե որևէ վայր ինձ իսկապես դուր է գալիս և ես կցանկանայի կրկին ու կրկին վերադառնալ այնտեղ, այդ դեպքում իմ դրական փորձով կիսվում եմ նաև իմ սոցիալական հարթակներում։ Այս կերպ մարդիկ կարողանում են մոտավոր պատկերացում կազմել, թե տվյալ քաղաքում ինչ կարելի է տեսնել, ինչ հետաքրքիր վայրեր կարելի է այցելել և այլն։
–Կորեայի տուրիզմը ինչպե՞ս է զարգանում վերջին տարիներին՝ հատկապես սոցիալական մեդիայի միջոցով։ Ինչպիսի՞ նոր միտումներ եք նկատում
-Վերջին տարիներին Կորեայի տուրիզմը մեծ աճ է ապրել, հատկապես համավարակից հետո։ Կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները ակտիվորեն զարգացնում են ոչ միայն մեծ քաղաքները, ինչպիսիք են Սեուլը և Բուսանը, այլև փոքր քաղաքները, գյուղական շրջաններն ու կղզիները՝ զբոսաշրջիկներին առաջարկելով նոր տեսարժան վայրեր և մշակութային տարբեր փորձառություններ։ Սոցիալական մեդիան այս գործընթացում առանցքային մեծ դեր ունի։ Կարելի է ասել Instagram-ը, TikTok-ը և YouTube-ը դարձել են Կորեայի տուրիզմի «փափուկ ուժը»։ Թե Կորեայում գտնվող, և թե արտասահմանից հրավիրված ազդեցիկ մարդիկ, ովքեր մեծ լսարան ունեն համագործակցում են տուրիզմի կառույցների հետ, և իրենց լսարանի հետ կիսվում են ոչ միայն հայտնի, այլև ոչ այդքան հայտնի վայրերով, որից հետո տեղի բնակիչները մեծ շարժ և փոփոխություններ են սկսում նկատել։
Տուրիզմի զարգացմանը վաղուց մեծ խթան են հանդիսացել կորեական դրամաների և ֆիլմերի նկարահանման վայրերը։ Նկարահանումների ավարտից հետո այդ վայրերն այցելում են հազարավոր մարդիկ, որի շնորհիվ էլ նախկինում սովորական մի վայրը կարող է վերածվել սոցիալական մեդիայի ամենաթրենդային լուսանկարների վայրերից մեկի։ Կան նույնիսկ տուրիստական ընկերություններ, որոնք կազմակերպում են ամբողջական թեմատիկ տուրեր այն վայրերում, որտեղ նկարահանվել են հայտնի K-pop խմբերի տեսահոլովակները, որպեսզի խմբերի երկրպագուները կարողանան սեփական աչքով տեսնել իրենց սիրելի տեսանյութերի նկարահանման վայրերը և քայլել նույն տեղում, որտեղ իրենց սիրելի արտիստն է եղել։ Այս և նմանատիպ մի շարք նախաձեռնությունների շնորհիվ Կորեայի տուրիզմը դառնում է ավելի բազմազան և գրավիչ ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղացի այցելուների համար։
–Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչն է առավել գրավում հայ զբոսաշրջիկներին Կորեայում։ Որո՞նք են այն եզակի կողմերը, որոնք հատկապես պետք է ընդգծել հայկական լսարանի համար։
-Կորեան միշտ գրկաբաց է ընդունում իր հյուրերին և յուրահատուկ կերպով կարողանում է այնպես անել, որ մարդիկ, անգամ մեկ անգամ այցելելով, ցանկանան կրկին վերադառնալ՝ նոր հիշողություններ կերտելու։ Մեր հայ զբոսաշրջիկներն էլ գալիս են և սիրահարվում այս երկրին։ Հիմնականում նրանց գրավում է այն հանգամանքը, որ անվերջ վեր խոյացող բարձրահարկ շինությունների կողքին կարելի է տեսնել հին, պատմական արժեք ունեցող կառույցներ, մինչ օրս կանգուն թագավորական պալատներ և այլն։ Այստեղ անցյալն ու ներկան կողք կողքի են և ներդաշնակորեն լրացնում են միմյանց, ինչը մեծ տպավորություն է թողնում բոլոր այցելուների վրա։ Հայ զբոսաշրջիկների սիրելի վայրերից են հատկապես Սեուլի եռուզեռով, բազմամարդ թաղամասերը, որտեղ միաժամանակ կարելի է և համեղ սնվել, և տարվել գնումներով։ Կորեական խոհանոցը շատ բազմազան է, և բոլորը կարողանում են գտնել իրենց ճաշակին և քիմքին համապատասխան ուտեստներ։ Բացի այդ, շատերին զարմացնում, որ նախուտեստներն ու ջուրը ռեստորաններում անվճար են և կարող են անսահմանափակ թարմացվել։
–Ո՞րն է եղել ամենահուզիչ կամ հիշարժան փորձառությունը Ձեր տուրիստական արշավների ընթացքում
-Մինչ Կորեա գալս, գիդ էի աշխատում կորեացի զբոսաշրջիկներին ներկայացնելով Հայաստանը իր ողջ հմայքով և խորը պատմությամբ։ Երբ արդեն պետք է տեղափոխվեի Կորեա, ինձ փոխարինեց կորեացի մի գիդ, ում մանրամասն իր փորձաշրջանի ժամանակ պատմել էի ոչ միայն տեսարժան վայրերի, այլև մեր հետաքրքիր ասացվածքների և լեգենդների մասին՝ այնպիսի բաներ, որոնք վստահ էի, որ դժվար կարող էր ինքնուրույն գտնել։ Կորեա գալուց հետո, երբ արդեն ակտիվորեն ճամփորդում էի, մի օր արշավներից մեկի ժամանակ նկատեցի կանանց մի խումբ, ովքեր ցանկանում էին լուսանկարվել մոտակա լճի հետ, բայց ոչ ոք չկար նրանց օգնելու։ Մոտեցա և հարցրեցի, թե կարո՞ղ եմ օգնություն առաջարկել։ Նրանք էլ շատ ուրախացան և հեռախոսը մեկնեցին ինձ, որ լուսանկարեմ իրենց։ Երբ լուսանկարները ցույց տվեցի և հեռախոսը վերադարձրի, նրանք շատ զարմացան, որ արտասահմանցի աղջիկը իրենց հետ կորեերեն էր խոսում։ Հարցրեցին, թե որ երկրից եմ և ինչ եմ անում Կորեայում։ Երբ ասացի, որ Հայաստանից եմ, նրանք շփոթված իրար նայեցին։ Պարզվեց, որ կանանցից մեկը ընդամենը մեկ շաբաթ առաջ էր, ինչ վերադարձել Հայաստանից և դեռևս շատ տպավորված էր իր այդ ճամփորդությունից։ Հետո ինձ ասաց, որ մի հայ աղջիկ կա ում ինքը և իր հետ Հայաստան ճամփորդած թիմակիցները շատ կցանական հանդիպել Կորեայում: Խնդրեցի, որ ասի անունը՝ հնարավոր է ճանաչեմ, քանի որ մեր հայ համայնքը այդքան էլ մեծ չէ և գրեթե բոլորս բոլորին ճանաչում ենք: Ասաց, որ այդ աղջիկը մի քանի ամիս է, ինչ Հայաստանից եկել է Կորեա, և որ իրենց գիդը անընդհատ իրենց ճամփորդության ընթացքում այդ աղջկա պատմած հայկական լեգենդներն է իրենց պատմել, և ողջ թիմին շատ է հետաքրքրել այդ աղջկա պատմվածքներն ու լեգենդները: Ասաց՝ անունն էլ, եթե չեմ սխալվում, Համիկ էր, ասում են՝ հայերեն ժասմին ծաղիկ է նշանակում։ Այդ կնոջ խոսքերից հետո ես ապշահար եղա ու ժպտալով ասացի՝ «Գուցե Հասմի՞կ», և որ այդ աղջիկը ում ողջ թիմով ցանկանում են հանդիպել կանգնած է հենց իր առջև։ Բոլորս ապշահար մնացինք, թե որքան փոքր է աշխարհը և որքան անսպասելի կարող են մարդիկ հանդիպել ամենաանսպասելի վայրերում ճամփորդելիս։ Նրանք ինձ ավելացրին իրենց՝ Հայաստան ճամփորդած թիմի խմբում և սիրով հրավիրեցին իրենց քաղաք իրենց բոլորի հետ ծանոթանալու։
–Ինչպիսի՞ վերաբերմունք եք ստանում կորեացի գործընկերներից՝ որպես օտարերկրացի, բայց ակտիվ ներգրավված տուրիստական գործիչ
-Կորեացի գործընկերներիս հետ միշտ շատ ջերմ հարաբերություններ եմ ունեցել։ Թեև օտարերկրացի եմ, սակայն տեղացիների մեծամասնությունից շատ եմ ճամփորդել և ծանոթ եմ տուրիզմի ներքին խոհանոցին, հետևաբար գործընկերներս էլ հաշվի առնելով փորձս հաճախ են դիմում ինձ ներգնա տուրիզմի որևէ նոր հետաքրքիր ուղղության հարցում իրենց օգնելու համար։ Կարող եմ ասել, որ կորեական մշակույթին երկար տարիներ ծանոթ լինելով և լեզվի իմացությունս շատ են օգնում արագ հաստատել վստահություն և համագործակցային միջավայր։ Կորեացի գործընկերներիս հետ միշտ շատ ջերմ հարաբերություններ եմ ունեցել։
Կարող եմ ասել, որ բազմաթիվ տարիներ կորեական մշակույթին մոտ լինելս և լեզվին տիրապետելը շատ են օգնում արագ մտերմանալ և ստեղծել արդյունավետ համագործակցային միջավայր։
–Քանի որ Դուք լավ եք ճանաչում ինչպես Կորեան, այնպես էլ Հայաստանը՝ ի՞նչ հնարավորություններ եք տեսնում երկու երկրների զբոսաշրջային ոլորտի համատեղ նախագծերի, պլատֆորմների կամ փաթեթների համար
-Վերջին տարիներին զբոսաշրջիկների զգալի աճ է նկատվում ինչպես Հայաստանում, այնպես էլ Կորեայում, ինչը կարելի է համարել շատ մեծ դրական տեղաշարժ, հատկապես համավարակից հետո։ Համատեղ պլատֆորմների և նախագծերի միջոցով հնարավոր է կազմակերպել փոխադարձ մշակութային օրեր, խոհարարական վարպետաց դասեր, ձեռագործության ցուցադրություններ և նույնիսկ համատեղ գովազդային արշավներ սոցիալական մեդիայում՝ երկու երկրների տուրիստական կառույցների համագործակցությամբ։
Նման նախագծերը ոչ միայն կխթանեն զբոսաշրջային հոսքերը, այլ նաև կնպաստեն երկու ժողովուրդների միջև մշակութային կապերի ամրապնդմանը։ Կորեայում այսպիսի նախաձեռնություններ հաճախ իրականացվում են այստեղ գործող տարբեր երկրների դեսպանատների միջոցով, որոնք պարբերաբար հայտարարում են իրենց երկրների մշակութային օրեր և հետաքրքիր միջոցառումներ կազմակերպում։ Ցավոք, այս պահին երկու երկրներում էլ դեսպանատներ չունենք, սակայն վստահ եմ, որ մոտալուտ ապագայում, երբ հնարավոր լինի բացել դրանք, դեսպանատների ակտիվ ներկայությունը մեծ խթան կհանդիսանա ոչ միայն զբոսաշրջության ոլորտի, այլև ընդհանուր մշակութային և տնտեսական կապերի զարգացման համար։
Լուսինե Սարգսյան