«Խնդրում եմ քեզ, Բահրուզ, մի՛ փորձիր ինքնասպանություն գործել, հացադուլի մի՛ դիմիր»։ Այս խոսքերով հանդես է եկել Հայաստանի հետ հաշտություն խրախուսելու համար դավաճանության հոդվածով 2025թ. հունիս ամսին 15 տարի ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող ադրբեջանցի ակտիվիստ Բահրուզ Սամադովի տատը՝ Զիբեյդա Օսմանովնան։ Բահրուզը բանտում մեկ անգամ արդեն ինքնասպանության փորձ արել էր:
Բաքուն արդեն մի քանի տարի է, հայտարարում է՝ Հարավային Կովկասում պատերազմներն ավարտվել են, խաղաղության ժամանակն է, բայց, բացի հայերին պատանդառելուց, իշխանությունները հետապնդում են ադրբեջանցի այն քաղաքացիներին, որոնք ձգտում են խաղաղության:
Քրիստոնեություն ընդունած Բահրուզ Սամադովին դավաճան հռչակելն ի հայտ է բերում ալիեւյան քաղաքականության իրական էությունը։
Բանտապաններից Աստվածաշունչ խնդրած Սամադովին խոշտանգել են․ «Վատագույնն այն է, որ ինձ բարբարոսաբար ծեծել են միայն նրա համար, որ Աստվածաշունչ եմ խնդրել։ Ծեծվելիս՝ ես աղոթում էի Աստծուն եւ մտածում մի մարդու մասին, որին սիրում եմ», – հայտնել է Սամադովը բանտարկված լրագրող Ուլվիյյա Ալիին տված հարցազրույցում։
Կարդացեք նաև
Խաղաղությունն ու խաղաղության համաձայնագիրը տարբեր բաներ են․ Բաղդասարյան
Քաղաքական մեկնաբան, «Ուղիղ խոսք» հաղորդաշարի հեղինակ Արմեն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կարելի է բացատրել Ադրբեջանի գործելակերպը՝ ներկայանալ իբրեւ խաղաղության ջատագով՝ լռեցնելով խաղաղասեր ակտիվիստներին։
«Հակասություն առանձնապես չկա․․․Ադրբեջանին խաղաղություն պետք չէ։ Ադրբեջանին պետք է խաղաղության համաձայնագիր։ Դրանք տարբեր բաներ են։ Նրանց պետք է խաղաղության համաձայնագիր, որպեսզի նրանք այդ համաձայնագրի հիման վրա՝ հասնեն իրենց նպատակներին»։
Արմեն Բաղդասարյանը տարանջատում է խաղաղությունն ու հաշտությունը։
«Երկու հասկացություններ կան․ «խաղաղություն + հաշտություն» եւ «խաղաղություն՝ առանց հաշտության», – մեկնաբանում է Բաղդասարյանը, շարունակում՝ «Ադրբեջանում ավելի շատ հալածվում են նրանք, ովքեր խոսում են «խաղաղություն + հաշտություն» սխեմայի մասին, իսկ ովքեր ընդամենը խաղաղության՝ խաղաղության համաձայնագրի, մասին են խոսում, նրանց առանձնապես չեն հալածում»։
Այս գործելաոճի դրդապատճառների մասին քաղաքական մեկնաբանը շեշտում է․ «Եթե լինի «խաղաղություն + հաշտություն», Ադրբեջանը չի կարող հասնել իր առջեւ դրված նպատակներին։ Իրենց հասարակության մեջ հարց կառաջանա՝ եթե մենք հաշտվում ենք, ինչո՞ւ ենք վերացնում հայկական հետքն ամբողջ Արցախում եւ ամբողջ Ադրբեջանում․․․ նրանք դեռ հարյուրավոր վանքեր պիտի ավիրեն, ջնջեն հայկական արձանագրությունները, վերացնեն բնակավայրերը։ Հայկական հետքն ընդհանրապես պետք է վերացնեն, ջնջեն այնտեղից»։
Եվ հենց այս պատճառով էլ «նրանց առայժմ պետք չէ «խաղաղություն + հաշտություն»»։
Նպատակը՝ ռեպարացիաներ պահանջել ՀՀ-ից
Մեր ճշտող հարցին՝ ստացվում է, որ կլինի ոչ-պատերազմական իրավիճակ, բայց թշնամությունը կշարունակվի՞, Արմեն Բաղդասարյանը պատասխանում է. «Առանց դրա իրենք չեն կարող հասնել իրենց նպատակներին։ Հակառակ դեպքում իրենց մոտ հարց կառաջանա՝ ինչո՞ւ են հայ գերիներին դատում Բաքվում․․․ Ադրբեջանը անձնական վրեժխնդրությունից ելնելով չի իրականացնում այդ դատավարությունները։ Նրանք ունեն հստակ նպատակ՝ ցուցմունքների, դատավարության միջոցով ամբողջ աշխարհին Հայաստանը ներկայացնել որպես ագրեսոր եւ ֆաշիստական երկիր եւ դրա արդյունքում ռեպարացիաներ պահանջել»:
Ըստ Բաղդասարյանի՝ հնարավոր է, որ մեր հայրենակիցներին ազատ արձակեն այն ժամանակ, երբ Հայաստանի «ռազմական հանցագործություններն» ադրբեջանական դատարանը համարի ապացուցված։
Ավելին՝ Բահրուզ Սամադովի մասին
2022 թվականի սեպտեմբերին Հայաստան ադրբեջանական ներխուժմանը հաջորդած հոդվածում Բահրուզ Սամադովը կշտամբել էր նախագահ Ալիեւին՝ Բաքվի ագրեսիվ հռետորաբանության համար: Նա, մասնավորապես, գրել էր. «Երկրորդ պատերազմի ավարտից հետո․․․[Ադրբեջանի] ղեկավարները տարածքային պահանջներ են ներկայացնում Հայաստանի ամենահարավային Սյունիքի մարզի նկատմամբ եւ հրաժարվում որեւէ իմաստալից կերպով հարաբերվել Լեռնային Ղարաբաղի հայկական ղեկավարության հետ։ Այս պահանջներն իրենց բնույթով իրեդենտիստական են՝ քաջալերում են օտար տարածքների անեքսիան՝ պատմական կամ էթնիկ ենթադրյալ կապերի հիման վրա»։
Չեխական Կարլի համալսարանում դոկտորական կրթությունը հարկադրաբար անավարտ թողած Սամադովի տեսակետները հայերի եւ Հայաստանի վերաբերյալ ակներեւաբար անկախ են պետության կողմից քարոզվող հայատյացությունից։ X-ի էջի գրառումներում նա նշել է, որ ԼՂ-ում կարելի է բողոքի ակցիաներ անցկացնել, Ադրբեջանում՝ ոչ, անընդունելի համարել հայ զինվորներին ապամարդկայնացնող ռազմավարի պուրակի գոյությունը, 1915 թվականի Եղեռնը անվանել ցեղասպանություն, շնորհավորել հայկական Սուրբ Ծնունդը։
Արցախի հայաթափման օրերին Բահրուզ Սամադովը գրել էր․ «Վերջնական նպատակը Լեռնային Ղարաբաղը հայերից ազատելն է։ LՂ-ում Ադրբեջանի կողմից պահպանվող գոյաբանական վտանգը մի քաղաքականություն է, որն ունի վերջնակետ՝ ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի ինքնագործունեությունը։ Շրջափակման եւ ռմբակոծման նույն քաղաքականությունը արդեն կատարվել էր 1990-ականներին»։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Գլխավոր լուսանկարում՝ իրավապահները Բահրուզ Սամադովին նստեցնում են մեքենան