Այսօր Գյումրու ավագանու հաստատմանը ներկայացվեց 1920 թվականի Շիրակի նահանգապետ Կարո Սասունիի՝ 2 մետր 40 սմ․ բարձրությամբ բրոնազաձույլ արձանը Գյումրի քաղաքի Պռոշյան և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում տեղադրելու հարցը։
Արձանի քանդակագործը Միսակ Մելքոնյանն է։
«Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի» տնօրեն Ինգա Ավագյանը ներկայացրեց նրա կենսագրականը՝ ասելով, որ 1914-1915 թվականներին Կարո Սասունին մասնակցել է հայ ազգի փրկությանը, Թալինում մասնակցել է Դաշտադեմի ամրոցի կռվին։
1919 թվականին ընտրվել է Առաջին Հանրապետության խորհրդարանի անդամ և 1920 թվականին նշանակվել է Ալեքսանդրապոլի նահանգապետ։
Կարդացեք նաև
«Նահանգապետ դառնալով՝ առաջինը նախաձեռնեց կոռուպցիայի դեմ պայքար, շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ վերջ տալ կոռուպցիային։
Ի՞նչ է արել, նա ձերբակալում էր և՛ տվողներին և՛ վերցնողներին, շատ խիստ էր վերաբերվում նաև տվողներին՝ հավասարաչափ պատժելով նրանց»,- ասաց Ինգա Ավագյանը։
Լսելով Կարո Սասունու այս աշխատաոճի մասին՝ դահլիճն աշխուժացավ։
Ինգա Ավագյանը մեկնաբանեց արձանը, ըստ նրա՝ շարֆը ազատամտության խորհրդանիշն է, ցուցամատը լավ կառավարիչ լինելն է, ծխամորճն էլ մտավորական լինելու խորհրդանիշն է։
Ավագանին համաձայնեց արձանը տեղադրել նշված վայրում, հատկապես, երբ կա բարերար, որը համաձայնել է 10 հազար դոլար տրամադրել տարածքը վերանորոգելու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ