Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդ համայնքի նախկին ղեկավարն էլ է կասկածվում համայնքին ու պետությանը խոշոր չափի գույքային վնաս պատճառելու մեջ

Օգոստոս 14,2025 23:39

Aravot.am-ի տեղեկություններով՝ իրավապահները օպերատիվ տվյալներ են ստացել Տավուշի մարզի Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանի պաշտոնեական լիազորությունների անցման վերաբերյալ։

2017 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2022 թ. նոյեմբերի 13-ը, զբաղեցնելով Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնն ու համայնքում մշտապես իրականացնելով կազմակերպչական եւ վարչատնտեսական գործառույթներ, Մանուչարյանը, ըստ ստացված փաստական տվյալների, իր լիազորություններն ի վնաս համայնքի շահերի է օգտագործել։ Խախտել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման արոտավայրեր փոխանցելու արգելքը։

Համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացրել, իսկ հետագայում, ստանալով համաձայնություն, համայնքի վարչական սահմաններում գտնվող 0.008 հա-ից մինչև 1 հա մակերեսներով, ընդհանուր մոտ 4.845.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով թվով 4 ընդհանուր օգտագործման արոտավայրերը 2020-2022 թթ. ընթացքում աճուրդային եղանակով օտարել է 3 ֆիզիկական անձանց՝ ընդամենը մոտ 1.909.000 ՀՀ դրամ արժեքով։

Իսկ ՀՀ կադաստրի կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք, իրենց հերթին անտեսելով հիշյալ օրենսդրական կարգավորումը, իրենց ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական շահերին օգտագործելով, կատարել են նշված գործարքների պետական գրանցումը, որի արդյունքում պետության և համայնքի օրինական շահերին պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս։

Մեր տեղեկություններով՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։ Ընթանում է նախաքննություն։

Բերդի նախկին համայնքապետի հեռախոսահամարն անհասանելի է, մեզ չհաջողվեց նրա հետ կապ հաստատել։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031