Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին թույլ չեն տվել այցելել կալանքի տակ գտնվող Միքայել սրբազանին։ Այս մասին այսօրվա դատական նիստի ժամանակ ասաց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Նա նշեց, որ քննիչը մերժել է կաթողիկոսի՝ Միքայել սրբազանին տեսակցելու մասին միջնորդությունը: Նա նշեց, որ մերժման համար որեւէ պատճառ չկար, իսկ կաթողիկոսի հանդիպումը ոչ մի կերպ չէր կարող խոչընդոտել քննությանը։
Նշենք, որ Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում այսօր մեկնարկել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստը։
Ըստ հրապարակված մեղադրական եզրակացության՝ «Գևորգ /Միքայել/ Արտաշեսի Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան եւ հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետեւորդներ եւ հետեւաբար նաեւ՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաեւ՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ