Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 10 օրով․ «Ակնհայտ անօրինական որոշում է, դուք ի վիճակի չեք այս գործով օրինականություն իրականացնել»

Օգոստոս 15,2025 16:48

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժեց Միքայել սրբազանի խափանման միջոց կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունը։ Այս միջնորդությունն այսօրվա դատական նիստի ժամանակ ներկայացրել էր Միքայել սրբազանի փաստաբանական թիմը։

«Պաշտպանական կողմի բերած հիմնավորումները համոզիչ չէին, եւ այդ հիքմով կալանքից ազատելու միջնորդությունը հիմնավոր չէ, ենթակա է մերժման»,- ասաց դատավորը։ Նա մեջբերեց մեղադրական կողմի այն ձեւակերպումը, թե Միքայել սրբազանը կարող է ազդեցություն ունենալ գործի քննության վրա։ «Դատարանը գնահատում է, որ նախաքննության կողմից գործը դատարան ուղարկելու փաստն ինքնին այդ հիմքի չեզոքացման մասին չի կարող վկայել։ Այդպիսի պայմաններում դատարանը գտնում է, որ կալանքը պետք է պահպանվի։ Հաշվի առնելով վարույթի ոչ ծավալուն լինելը՝ կալանքի ժամկետը կերկարաձգվի 10 օր ժամկետով»,- հայտարարեց դատավորը։

Միքայել սրբազանի փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ դատավորն անհիմն որոշում կայացրեց։ «Ակնհայտ անօրինական որոշում է, եւ դուք ցույց տվեցիք, որ ի վիճակի չեք այս գործով օրինականություն իրականացնել»,- նշեց Երեմ Սարգսյանը։

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում ընթանում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով  առաջին դատական նիստը։  

Ըստ հրապարակված մեղադրական եզրակացության՝ «Գևորգ /Միքայել/ Արտաշեսի Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգեւոր աստիճան եւ հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետեւորդներ եւ հետեւաբար նաեւ՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաեւ՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031