Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԿՀ-ն եզրակացրել է, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է վարքագծի կանոնները. «Հետք»

Օգոստոս 15,2025 19:44

«Հետք». Վարույթի հարուցման մասին որոշումը հանձնաժողովը հունիսի 5-ին ուղարկել է Փաշինյանին՝ միաժամանակ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ՝ վարույթի շրջանակներում քննվող փաստական հանգամանքների վերաբերյալ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը օգոստոսի 14-ի նիստի ժամանակ քննության է ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հարցը։

ԿԿՀ-ն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարույթ էր հարուցել հունիսի 2-ին, վերջինիս կողմից ֆեյսբուքյան իր էջում կատարած աղմկահարույց գրառումից երեք օր հետո։

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Ն․ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։

Վարույթի հարուցման մասին որոշումը հանձնաժողովը հունիսի 5-ին ուղարկել է Փաշինյանին՝ միաժամանակ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ՝ վարույթի շրջանակներում քննվող փաստական հանգամանքների վերաբերյալ։

Հանձնաժողովը նաև որոշում է կայացրել, որ անհրաժեշտ է անցկացնել  լեզվաբանական փորձաքննություն։ Փորձաքննությունն իրականացրել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Հունիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր դիրքորոշումը, որում ասվում է.

««Դոմփել» բառը թեև խոսակցական, այնուհանդերձ, անպարկեշտ բառ չէ։ Ինչ վերաբերում է Ն. Փաշինյանի կողմից այդ բառի կիրառման կոնկրետ դեպքին, այն ուղղված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու արժեքների ու հիմունքների պաշտպանությանը, որոնք սահմանված են «Կանոնագիրք հայոց»-ով»։

Ըստ փորձագիտական եզրակացության՝ «դոմփել» բառը հայերենում ունի երկու իմաստ՝ առաջինը խփել, հարվածել, և երկրորդը՝ սեռական հարաբերություն ունենալ։ Հաշվի առնելով Փաշինյանի մայիսի 30-ի գրառմանը հաջորդող գրառումները՝ հանձնաժողովը եզրակացրել է, որ այն կիրառվել է երկրորդ՝ սեռական հարաբերություն ունենալու իմաստով։

«Վերոգրյալից ելնելով հանձնաժողովը արձանագրում է, որ Գրառում 1-ը (մայիսի 30-ի գրառում, խմբ.) թեև կատարվել է ի պատասխան քննադատությունների և առնչվել է հանրային հետաքրքրություն ունեցող հարցի, այնուամենայնիվ, իր բառընտրության հետևանքով ունի կոպիտ և անվայելուչ նրբերանգ»,- նշված է ԿԿՀ-ի եզրակացությունում։

«Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները սահմանվում են ԿԿՀ-ի ընդունած վարքագծի կանոնագրքով։

ԿԿՀ-ն եզրակացրել է, որ վարչապետի գրառումը պարունակում է այդ կանոնագրքի 48-րդ հոդվածի խախտման հատկանիշներ։

Ըստ ԿԿՀ-ի ընդունած կանոնագրքի 48-րդ հոդվածի՝ հանրային ծառայողները պետք է զերծ մնան սոցիալական ցանցերի օգտահաշիվներում այնպիսի գրառումներ, հավանումներ անելուց կամ վերաբերմունք արտահայտող այլ նշաններ կիրառելուց, որոնք կարող են վնասել, նսեմացնել կամ այլ եղանակով արատավորել հանրային ծառայության հեղինակությունը։

«Հաշվի առնելով վերոգրյալ հիմնավորումները և հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 33-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը՝ Հանձնաժողովը, գնահատելով գործում առկա ապացույցները, բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ՝

Եզրակացնում է`

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնի խախտման առկայության մասին»,- նշված է ԿԿՀ-ի եզրակացությունում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031