Լրահոս
«Սաղ ժողովուրդը»…
Օրվա լրահոսը

Ապօրինի որդեգրումները Հայաստանում

Օգոստոս 15,2025 22:00

Երեխաների իրավունքների պաշտպանությունը կարևորվում է ամբողջ աշխարհում, մշտապես հիշատակվում է խաղաղ երկնքի տակ ապրելու անհրաժեշտության մասին, սակայն պատերազմները գնալով երկիր մոլորակի վրա շատանում են, իսկ երեխաների իրավունքների ոտնահարումները, առք ու վաճառքը, ապօրինի որդեգրումները, օրգանների վաճառքը չի դադարում մեր իրականությունից։ Երեխայասեր, ամեն առիթով երեխաների կենացը խմող Հայաստանում թվում էր, թե նման դեպքեր ուղակի ֆանտաստիկայի ժանրից կարող են լինել, բայց արի ուտես՝ ոչ։

Երեխաների վաճառքի խնդիրը Հայաստանում արդիականացավ, երբ 2019 թվականի հունվարի 10-ին ներկայիս ԱԳ նախարար, իսկ նախկինում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Կառավարության նիստի ժամանակ բարձրաձայնեց երեխաների ապօրինի որդեգրման և օրգանների հնարավոր վաճառքի վտանգների մասին։

Այս հայտարարություններից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը մամուլի հաղորդագրություն տարածեց, այն մասին, որ Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ։ Սույն անձի շուրջ աղմուկ բարձրացավ նաև Հայկուհի Խաչատրյանի երեխայի հնարավոր մահվան դեպքից հետո, երբ ծնողները փնտրում էին իրենց երեխայի դին, սակայն Հանրապետական հիվանդանոցի բուժանձնակազմը հրաժարվեց տրամադրել հոդաբաշխ բացատրություն ծնողներին, ոչ դին հայտնաբերվեց, ոչ՝ երեխան։ Ազատություն Ռադիոկայանի ռեպորտաժում հղիություն վարած բժիշկը մեկնաբանում էր, իբրև Հայկուհի Խաչատրյանն ինքն է հրաժարվել երեխայի դին տեսնելուց ու մինչ ծննդաբերությունը պտուղը մահացած էր։ Սակայն Հայկուհին մինչ օրս փնտրում է իր երեխային՝ համարելով, որ վաճառել են։ Դրանում մեղադրում է «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին։ Հարուցված քրեական գործով Ռազմիկ Աբրահամյանին երեխաների թրաֆիքինգի եւ առեւտրային կաշառքի վերաբերյալ գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 200 հոդվածի 3-րդ կետով, այն է ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը եւ առեւտրային կաշառքը։ Սույն գործով մեղադրյալը մնաց ազատության մեջ՝ ի շնորհիվ դատավոր Դավիթ Բալայանի, այս մասին տեղեկանում ենք 2020 թվականի փետրվարի 1-ի Ազատության ռեպորտաժից։

Գործի մասին միակ հրապարակային տեղեկատվությունը մնաց այն, որ Ռազմիկ Աբրահամյանը չի կալանավորվում, իսկ այս պահին ընթացող քրեական գործով, որտեղ ներգրավված են շուրջ 11 անձ, այս գործը Դատալեքս համակարգում պարզապես փակ է, դատական նիստերի նշանակման կամ ընթացքի մասին տեղեկատվությունը հայտնի չի։ Հայտի չեն նաև տուժողները, ոչ էլ իրենց փաստաբանները։ Անուշ Մարտիրոսի Գարսանցյանը, Անի Աշոտի Մխիթարյանը, Ալբերտ Սոսի Վիրաբյանը, Լիանա Հովհաննեսի Կարապետյանը, Իդա Ռոբերտի Խաչատրյանը, Ռազմիկ Արշալույսի Աբրահամյանը, Արշակ Սարգսի Ջերջերյանը, Արամ Մանուկի Շահբազը, Քրիստինե Ժորայի Նարինյանը, Լենա Հրաչիկի Հայրապետյանը, Անուշ Սերյոժայի Բադալյանն այն անձինք են, ովքեր մեղադրվում են Ռազմիկ Աբրահամյանի հետ երեխաների ապօրինի որդեգրումների հանցավոր արարքի մեջ։

Փաստաբան Սուսաննա Սարգսյանը մինչև 2021 թվականը եղել է Հայկուհի Խաչատրյանի փաստաբանը։ Նա համոզված է, որ Ռազմիկ Աբրահամյանի շուրջ աղմուկը բարձրացավ դերակատարներին փոխելու դրդապատճառներով, սակայն համարում է, որ Ռազմիկ Աբրահամյանը միակ անձը չէ, ով թաթախված է եղել այդ անօրինական գործարքների մեջ։

Նա համարում է, որ այս արատավոր երևույթը Ռազմիկ Աբրահամյանի հետ չի եկել դաշտ և իր գնալով չի գնալու սա շատ լուրջ շրջանակ է ներգրավված։
Սուսաննա Սարգսյանը նշում է շուրջ 800 ծնողի, ովքեր դիմել են իրեն և տուժածները շատ ավելի շատ են, սակայն ոչ բոլորն ունեն քրեական գործով տուժողի կարգավիճակ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին օգնական Մուշեղ Հովսեփյանն էլ նշում է՝ ի՞նչն է որդեգրումն ապօրինի դարձնում, այն որ որդեգրումը չի արվել կենսաբանական ծնողների իրազեկ համաձայնության հիման վրա։

-Ծնողները որդեգրման համաձայնությունը տվել են առանց գիտակցված համաձայնության կամ ամբողջական պատկեր ունենալու, այսինքն ծնողը չի իմացել, որ երեխան ունի էս առողջական խնդիրը եւ այդ խնդիրն այս մակարդակի է, որ երեխան չի մահանալու կամ, որ չի մահացել, այսինքն, ինֆորմացիան, որ արգելված է ծնողի փոխանցումը, դրա հիման վրա ինքը տալիս է համաձայնություն, կամ եթե կա տեղեկատվություն, որ ինքը իրազեկի դարձվածով ազատ է եղել էտ որդեգրումն ամբողջ դարձնումա ապօրինի։

Գործը հենց նման դեպքերի մասին է, այլ ոչ դեպքերի մասին, որոնք կարող են տեղի ունենալ ոչ ֆորմալ որդեգրումների տեսքով, օրինակ ընտանիքը որոշի երեխային նվիրել կամ վաճառել մեկ այլ ընտանիքի էս գործերին ու հարցերին չի վերաբերվում։

Փաստաբան Սուսաննա Սարգսյանն իր հետաքննություն է իրականացրել, տարբեր հարցումներ արել բժշկական կենտրոններ։

Սուրբ Աստվածամայր ծննդատուն հարցում կատարեցինք, պարզվեց տարօրինակ կերպով կոյուղաջրերը որոշել էին արխիվի որ դարակները պետք է վնասեն, սա, բնականաբար, օբյեկտիվ պատասխան չէ, չի կարող կոյուղաջրերը լցվեն դարակների վերին մասերը մնան անվնաս կողքի եւ ներքեւի մասերը եւս մնան անվանս, իսկ մեջտեղի դարակները վնասվեն։

Մենք ունենք հայտարարություններ, որտեղ ՌԴ -ից էլ են մարդիկ երեխաներ պատվիրում Հայաստանից, մաշկի գույնով, սեռով աչքերի գույնով, ծննդյան թվերով։ Մենք չենք կարող Ռազմիկ Աբրահամյանի շուրջ նեղացնել օղակը, սա լուրջ շուկա է, լուրջ խաղացողներով շուկա է։ Հայաստանից երեխաները դուրս են բերվում շուրջ 60 000 եվրոյի չափ գումարի դիմաց։ Բնականաբար որգեգրողն էլ որդեգրմամբ զբաղվող կազմակերպությանն էլ հայտնի է եղել, որ սա օրինական գործընթաց չէ, այլապես, եթե օրինական որդեգրումը Հայաստանում արժի 2000 դոլար, ինչի՞ է անձը պատրաստ վճարել 60 000 եվրո գումար էսպես անցնել տարբեր քրեածին տարրերով ու ոլորտներով։ Այստեղ հարց է առաջանում որդեգրողն ուզում է ունենալ հայ երեխա, թե՞ նպատակներն այլ են։

 

Գործող համակարգի մասին խոսելիս փաստաբաններ Սուսաննա Սարգսյանը և Արայիկ Պապիկյանը նշում են մի քանի օղակ, հիվանդանոց, թաղապետարան, ՔԳԱԿ, դատարան։
Ըստ փաստաբան Արայիկ Պապիկյանի՝ առաջին օղակը Ռազմիկ Աբրահամյանն է, սակայն ինքը մենակ չի գործել, առնվազն երկու բուժաշխատող կա։ Փաստաբանը պատմեց Սյուզաննա Պատվականյանի դեպքի մասին, երբ անչափահաս կինը ծննդաբերել է Հանրապետական հիվանդանոցում, Ռազմիկ Աբրահամյանի թեթև ձեռքով երեխան անհետացել է , իսկ հետո պարզվել է, որ որդեգրել են։ Փաստաբանը նշում է, որ Ռազմիկ Աբրահամյանի ազատության մեջ գտնվելը խնդրահարույց է, ամեն օր տասնյակ քաղաքացիներ գնում են և օգտվում են այդ հիվանդանոցի ծառայությունից։

-Սյուզաննա Պատվականյանի գործով իրավապահ մարմինն անգործություն է ցուցաբերում, հիմնականում մեզ հակադարձում է Ռազմիկ Աբրահամյանի փաստաբանը։ Սյուզաննա Պատվականյանի քրեական գործի քննությունն ավարտվել է ներպետական ատյաններում, այն գտնվում է ՄԻԵԴ-ում։ Տարօրինակն այն է, որ Ռազմիկ Աբրահամյանը Սյուզաննա Պատվականյանի գործով չունի իրավական կարգավիճակ, անգամ քրեական վարույթ չկա։ Մենք լսեցինք աղմկահարույց քրեական գործի մասին, դիմում տվեցինք տուժող ճանաչվելու համար, սակայն հարցաքննվելուց հետո Սյուզաննան տուժողի կարգավիճակ չստացավ։
2000-ական թվականին, երբ Սյուզաննա
Պատվականյանը ծննդաբերել է պաշտոնապես ձեւակերպել են, որ նա երեխայից հրաժարվելու դիմում է գրել, եթե այդպիսի դիմում գրվել է, ապա դիմումը պետք է լիներ երեխայի վերաբերյալ այն գործում, որով իրականացվել է որդեգրումը, ըստ կարգի, սակայն 2013-2014 թվականին այն Ռազմիկ Աբրահամյանի դարակից է գտնվում, ինքն է հանում, տալիս քննությանը։ Ողջամիտ հարց է առաջանում, եթե Սյուզաննա Պատվականյանը հրաժարվել է իր նորածին երեխայից, ապա այդ հրաժարվելու փաստաթղթի հիման վրա թաղապետարանը որոշում է կայացրել որդեգրման գործընթաց սկսելու վերաբերյալ։ Եթե այդ փաստաթուղթը գաղտնի փաստաթուղթ է, պետք է լիներ որդեգրման փաստաթղթերի մեջ, ինչպե՞ս 14 տարի անց այդ թուղթը հայտնաբերվել Ռազմիկ Աբրահամյանի աշխատասենյակի պահարանի դարակում։


Փաստաբան Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ հիվանդանոցների հետ աշխատել է Քաղաքացիական ակտերի կացության գրանցման ԶԱԳՍ-ի Աջափնյակ համայնքի թաղապետը եվ ԶԱԳՍ-ի վարիչը, քանի որ Արմենիա ԲԿ-ն գտնվում է Աջափնյակ թաղամասում։

ԱԳՍ-ի ղեկավարը ծննդյան վկայական է տրամադրել, համայնքի վարչական ղեկավարը որոշում է կայացրել որդեգրման մասին, իսկ երեխային՝ կներեք, մատակարարել է ծննդատունը, այս երկու մարմինները փաստաթղթավորել են։

Մուշեղ Հովսեփյանը 2019-2020 թվականներին աշխատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում և պատմում է, որ Ռազմիկ Աբրահամյանի և ևս 10 անձի վերաբերյալ հարուցված քրեական գործի նյութերին ծանոթացել է ի պաշտոնե։

-Էս գործը ընդհանուր առմամբ երեխաների մասին չի, այլ որ տարբեր դերակատարներ պետական պաշտոնյաներ եվ որդեգրման գործակալությունների ներկայացուցիչներ ստացել են լրացուցիչ եկամուտներ, որն արգելված ա Հաագային կոնվենցիայով, այսինքն չի ասում այ էս ինչ երեխան որդեգրվել է ապօրինի, այլ այս անձինք ստացել են լրացուցիչ եկամուտներ, որդեգրման գործընթացի հաշվին։ Գործում կան մի քանի տասնյակ երեխաների ապօրինի որդեգրումների օրինակներ, բայց ինչու՞ իրենք չունեն ներկայացուցիչ դատարանում, տուժող կողմ չեն դատարանում, որովհետեւ նախ պիտի հասկանալ ո՞վ է տուժողը, կենսաբանական ծնո՞ղը, երեխա՞ն, թե որդեգի՞ր ընտանիքը․ ըստ էության այս երեք կողմն էլ տուժել է։ Որդեգիր երեխային ներգրավվել որպես տուժող, նշանակում է բացահայտել, որ ինքը որդեգրված ա, կենսաբանական ծնողին ներգրավվելով կարող ենք խախտել արդեն որդեգիր ծնողի իրավունքը, որը չի ուզում, որ կապ հաստատվի իր երեխայի հետ։

Մուշեղի Հովսեփյանի խոսքով գործով անցնող մեղադրյալները և որդեգիր ծնողն ու երեխան սոցիալական ցանցերում ունեն իրար հետ լուսանկարներ և կապեր, որոշ ինստագրամյան՝ էջեր արդեն ջնջված են, իսկ կենսաբանական ծնողների մասին գրեթե անհնար է իմանալ տեղեկատվություն։ Կան դեպքեր, երբ որդեգրված երեխաները գիտեն իրենց կենսաբանական ծնողների մասին, կապ ունեն կենսաբանական ծնողների հետ։
Մուշեղ Հովսեփյանը պարզաբանում է, թե ինչու է փակ տվյալ քրեական գործը դատալեքս համակարգում

-Քրեական գործը փակ է, քանի որ գործում կան անձնական տվյալներ, չէր կարող բաց լիներ դա գաղտնիք ա, բայց կասկածելի ա, առնվազն, թե ինչու՞ պետությունը էս գործով թափանցիկ չի։ Մեխանիզմը գործել է հետեւյալ կերպ, դա առաջին հերթին ծննդատունն է, որտեղից հղի կինը սկսում է ճամփորդությունը, համայնքը, խնամակալության մանկաբարձության մարմինն առանձին, համայնքի սոց բաժինը՝ Երեւանում, իսկ մարզերում՝ մարզպետարանի բաժինը։ Մյուսը՝ արդարադատության նախարարությունն է ՔԳԱԿ-ը, Աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարությունը, ով կենտրոնական հաշվառում է անում երեխաներին, Աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարության ներքո գտնվող տեխնոլոգիական ընկերությունը, որը կազմակերպում է էտ սիստեմայի աշխատանքները։ Այդ ընթացքում բժշկական կենտրոնները կարող են ներգրավված լինել երեխաների առողջության վերաբերյալ փաստաթղթերի հիմնավորումներ ստեղծելով, իրավապահներով երաշխավորում են, որ ոչինչ տեղի չի ունենա, որդեգրման ծառայությունները, որոնք ունեն միջնորդական դերը, նոտարները ովքեր տարբեր փաստաթղթեր են հաստատում թարգմանություններով եվ այլն, եվ դատարանները։

Մուշեղ Հովսեփյանն ասում է՝ գործում առկա տվյալներից ըստ իրավապահների՝ մի քանի տասնյակ երեխա է տուժել, սակայն խոսքը գնում է մի քանի հարյուր երեխայի մասին։Հիմնական ուղղությունը Հայաստանց եղել է Իտալիա և ԱՄՆ, այդ ուղղություններով որդեգրված երեխաների թիվը մի քանի հարյուրն է։

Արայիկ Պապիկյանն էլ արդարացի մտահոգություն է արտահայտում, որ ՀՀ կառավարության նիստի ժամանակ 2019 թվականին բարձրաձայնվեց ապօրինի որդեգրումների ու երեխաների վաճառքի դեպքերի մասին, սակայն մինչև այսօր չկա ոչ մի հրապարակային բացատրություն արդյո՞ք այդ դեպքերն իրական էին, ապացուցվեցին, թե՞ ոչ։
Մեր արդարադատությունը շատ դանդաղ է աշխատում, իսկ նման գործերի դեպքում ուղակի չի աշխատում

Ծնողների հետ խոսել նոր տվյալներ հավաքել հնարավոր չեղավ, գրեթե բոլորը վախեցած են և չեն ցանկանում թիրախավորվել։

Փաստաբանները պնդում են, որ ապօրինի որդեգրման դեպքերը կազմակերպվել են հանցավոր խմբի միջոցով, Ռազմիկ Աբրահամյանը կամ թաղապետը ինքնուրույն չէին կարող անել, եթե ավելի բարձր պաշտոնյաներ թույլ չտային, չմասնակցեին, առանց Արդարադատության նախարարի, կամ Առողջապահության նախարարի մասնակցության կամ աջակցության չէին կարող անել, էլ չասենք ԱԱԾ-ի մասին։

 Թեհմինե Ենոքյան

 Օգտագործված արխիվային տեսանյութերը՝ Ազատություն ռադիոկայան, Առավոտ

 Հոդվածը պատրաստվել է Journalismfund Europe-ի ֆինանսական աջակցությամբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031