Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե համաձայնագիրն այս կերպ ստորագրվի, այն չի տա իրավական պաշտպանության մեխանիզմներ բռնի տեղահանված անձանց համար, որ իրենց իրավունքները վերականգնեն»․ Արա Ղազարյանը՝ խաղաղության համաձայնագրի մասին

Օգոստոս 16,2025 17:21

«Այս համաձայնագրում խնդիր կա այն առումով, որ եթե այս կերպ այս պայմանագիրը ստորագրվի, այն չի տալիս իրավական պաշտպանության մեխանիզմներ բռնի տեղահանված անձանց համար, որպեսզի իրենք իրենց իրավունքները վերականգնեն։ Դա նրանց վերադարձն է, գույքային բազմաթիվ իրավունքներն են և բազմաթիվ այլ խնդիրներ, որ սովորաբար տեղի են ունենում բռնի տեղահանված անձանց հետ պատերազմների ժամանակ։ Դրանք անհետ կորած անձինք են, խոշտանգված անձինք են»,- Aravot.am-ի հարցին՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստի օրինակ՝ հոդված XV-ը համապատասխանո՞ւմ է ՀՀ Սահմանադրությանը, բխո՞ւմ է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիաների տրամաբանությունից, այսպես պատասխանեց միջազգային քրեական իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

Նշենք, որ հոդված XV-ով սահմանված է․ «Չհակասելով հոդված XIV-ին՝ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած և բոլոր միջպետական ​​հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը, որոնք վերաբերում են մինչև սույն Համաձայնագրի ստորագրումը Կողմերի միջև առկա խնդիրներին, և չեն նախաձեռնի այդպիսի հայցեր, գանգատներ, բողոքներ, առարկություններ, վարույթներ և որևէ կերպ չեն ներգրավվի որևէ երրորդ կողմի կողմից մյուս Կողմի դեմ ներկայացվող գանգատներում, բողոքներում, առարկություններում, վարույթներում։ Կողմերը դիվանագիտական, տեղեկատվական և այլ ոլորտներում որևէ կերպ չեն իրականացնի, խրախուսի կամ ներգրավվի միմյանց նկատմամբ սույն Համաձայնագրին հակասող թշնամական գործողություններում և կանոնավոր խորհրդակցություններ կանցկացնեն այդ նպատակով»։

Արա Ղազարյանը, կենտրոնանալով նաև գույքային իրավունքի վրա, նկատեց․ «Սա կոչվում է խաղաղության պայմանագիր, բայց ավելի շատ ես կկոչեի, որ սա դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին պայմանագիր է։ Պայմանագիրը ստորագրվում է պատերազմից հետո։ Եթե կա պատերազմ, ուրեմն եղել են բռնի տեղահանված անձինք, ուստի այս պայմանագիրը պետք է նախատեսեր մանրամասն՝ ոչ թե հռչակագրային բնույթի մեխանիզմներ վերադարձի վերաբերյալ, ռեպարացիայի վերաբերյալ․ օրինակ՝ գույքը վերացրել են, կամ հիմա այնտեղ ադրբեջանցիներ են ապրում, այդ անձանց պետք է փոխհատուցել։ Սա և′ միջազգային հումանիտար իրավունքի, և′ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, և′  բազմաթիվ կոնվենցիաներով է նշված։ Այս պայմանագիրը բացարձակապես այդ խնդրին չի անդրադառնում, հետևաբար ինչպե՞ս է այդ հարցը լուծվելու։ Պայմանագրի՝ Ձեր նշած կետում ընդամենը երկու բառ կա՝ ասում է՝ «կամ այլ կերպ կլուծեն հարցերը»։ Չի ասում՝ կոնկրետ ինչ հարցեր։ Ընդհանրացված ասում է՝ այլ կերպ։ Դա չի բավարարում որոշակիության սկզբունքին։ Մեխանիզմներ են պետք։ Բայց երևի Ադրբեջանը դեմ է եղել, որ մեխանիզմներ նշվեն պայմանագրում։ Եթե մենք նման իրավիճակում այս պայմանագիրը ստորագրենք, ուրեմն ՀՀ-ն այդ 120 հազար մարդկանց պետք է առաջարկի ներպետական իրավունքով սահմանված իրավական օգնության մեխանիզմ, որը մենք չունենք, որովհետև մենք ունենք օրենքներ, բայց դրա մեխանիզմները պետք է Ադրբեջանը ներդնի, որովհետև այդ մարդկանց գույքը մնացել է Ադրբեջանում։ Եվ դա պետք է կարգավորեր այս պայմանագիրը, բայց այդտեղ էլ չկան այդ մեխանիզմները։ Խնդիրը սա է»։

Մեր հստակեցմանը՝ այսինքն՝ քանի որ այս ամենը չի սահմանում այս համաձայնագիրը, հետևաբար այս պայմանագրի՝ առնվազն այս կետով այն նաև հակասության մե՞ջ է միջազգային տարբեր կոնվենցիաների և միջազգային իրավունքի հետ, Արա Ղազարյանն այսպես արձագանքեց․ «Կա իրավական պաշտպանության միջոց՝ վերադարձի իրավունք, ռեպարացիան և այլն։ Հակասության մեջ է մտնում այն իմաստով, որ այս անձինք այդ պայմանագրով չեն կարողանում ստանալ իրավական մեխանիզմ այդ իրավունքն իրացնելու համար, հետևաբար այս պայմանագրի հետ խնդիր կա։ Այս պայմանագիրը պիտի ունենար հավելված՝ վերադարձի վերաբերյալ, կամ վերադառնալիս տեսնելով, որ գույքն ավերվել ու թալանվել է, դրա ռեպարացիայի՝ փոխհատուցման վերաբերյալ։ Պայմանագրեր կան, որ նման մեխանիզմներ սահմանված են․ այստեղ չկան։ Այսինքն՝ եթե սա ստորագրվի, վավերացվի, սա կոնկրետ իմ վստահորդներին, որոնց գործն արդեն Եվրադատարան եմ ուղարկել, ոչնչով չի օգնելու»։ Մեր հարցին՝ խանգարելո՞ւ է, Արա Ղազարյանը պատասխանեց՝ ինչ-որ տեղ՝ այո․ «Ստացվում է՝ երկու պետություններն այս պայմանագիրը ստորագրելուց հետո պետք է ավելի մանրամասն մեխանիզմների վրա աշխատեն։ Քանի դա տեղի չի ունեցել, մինչև Ադրբեջանի ներսում չստեղծվի ռեպարացիոն մարմին արցախցիներին փոխհատուցելու համար, դա նշանակում է՝ այս մարդկանց իրավունքները շարունակվում են խախտված մնալ և′ ՀՀ-ի, և′ Ադրբեջանի կողմից»։

Մեր հստակեցմանը՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, եթե հետ են վերցնում միջպետական հայցերը, սա նշանակում է, որ այն անձանց իրավունքները, որոնց պաշտպանությունն իրականացվում էր այդ հայցի շրջանակներում, հնարավոր չի՞ լինելու պաշտպանել, Արա Ղազարյանը պատասխանեց՝ մասնավոր հայցերի շրջանակում միայն։ Իսկ եթե անգամ ՄԻԵԴ-ը որոշում կայացնի, ու մեխանիզմներ չլինեն այդ որոշումը կատարելու համար, ստացվում է, որ մնալու է անկատար»։

Արա Ղազարյանն ասաց, որ մասնավոր անհատական գանգատները կմնան ուժի մեջ, սակայն մի քանի հազարը կկարողանա ներկայացնել մասնավոր հայց, բայց ոչ 120 հազարը։ Դա մի քանի տասնամյակի աշխատանք է լինելու։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031