Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը Հայաստանում կարող է քաղաքական տեռոր սկսել եւ հիմնավորել՝ բա ի՞նչ անեմ, եթե այս «ռեւանշիստներին» բանտերը չլցնեմ, Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել»

Օգոստոս 17,2025 10:23

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության միջոցով Արցախի հարցը փակվե՞լ է։ Մենք տեսանք, որ Փաշինյանն ու Ալիեւը խուսափեցին պատասխանել արցախցիների վերադարձի ու իրավունքների մասին հարցին։ Այդքան հեշտ հնարավո՞ր է փակել Արցախի հարցը։

-Սկսենք նրանից, որ ոչ բոլոր ձեռք բերված համաձայնություններն են հրապարակվել։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կամ «Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման ճանապարհի» կարգավիճակին։ Հայաստանի Հանրապետությունը վարձակալությամբ տարածք է տրամադրելու ԱՄՆ-ին, այդ տարածքում ինչ-որ ընկերություն երկաթուղի է կառուցելու եւ այլն։ Բայց ի՞նչ կարգավիճակ է ունենալու այն հողը, որը վարձակալությամբ հանձնվելու է։ Եվ ՀՀ Սահմանադրության ո՞ր կետն է թույլ տալիս կառավարության ղեկավարին, շրջանցելով Ազգային ժողովը, շրջանցելով ՀՀ օրենսդրությունը, Հայաստանի տարածքի մի հատված հանձնել որեւէ երրորդ կողմի տնօրինությանը։ Հայաստանի Հանրապետության տարածքը Նիկոլ Փաշինյանի պապենական տան մի սենյակը չէ, որ ինքը ուզենա վարձակալության հանձնել։

Ոչ, Արցախի հարցը փակված չէ, Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանը չի բարձրացրել։ Արցախի ժողովուրդը, Արցախի Հանրապետության կառավարությունն իրենց իրավունքները չեն զիջել Նիկոլ Փաշինյանին եւ չեն ասել՝ տնօրինիր մեր ճակատագիրը, ինչ որոշես, մենք դրա հետ համաձայն ենք։ Ոչ, Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, եւ բոլոր փաստաթղթերը, որոնք ընդունվել են Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության շրջանակներում, ընդունում են, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը այն հիմնարար սկզբունքներից մեկն է, որոնց հիման վրա պետք է կարգավորվեր Արցախյան հակամարտությունը։ Երկրորդ սկզբունքը դա ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարումն է, երրորդը՝ տարածքային ամբողջականության սկզբունքն էլ։ Ի դեպ, ես խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ ԵԱՀԽ Հելսինկիի 1975 թվականին ընդունված եզրափակիչ ակտում տարածքային ամբողջականության սկզբունքն է որպես հիմք կամ հիմքերից մեկը ընդունվել, այլ ոչ թե սահմանների անձեռնմխելիության սկզբունքը։ Սկսած ԵԱՀԿ-ից, մինչ այդ՝ ԵԱՀԽ-ից, մինչեւ Եվրոպական միության հետ ընդլայնված եւ համապարփակ գործընկերության պայմանագիր, նաեւ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերում արձանագրված է, որ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք։

Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքի մեջ հստակ նշել են, որ տարածքային ամբողջականության սկզբունքը, որը թե Նիկոլ Փաշինյանը, թե Ադրբեջանը համարում էին գերակա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի նկատմամբ, չի կարող արգելել որեւէ ժողովրդի միակողմանի անկախություն հռչակել։ Այսինքն՝ Հայաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Պապուա Նոր Գվինեան, Միացյալ Թագավորությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Շվեյցարիայի Համադաշնությունը կարող են ճանաչել մեկ մեկու տարածքային ամբողջականությունը եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն արգելում է Արցախի ժողովրդին միակողմանի անկախություն հռչակել։ Հետեւաբար, քանի դեռ Արցախի ժողովուրդը միակամ է եւ պատրաստ է առաջ մղել իր ինքնորոշման իրավունքի իրացման հարցը, ուզում է Նիկոլ Փաշինյանը լինի, ով ուզում է լինի, չի կարող Արցախի ժողովրդին զրկել այդ իրավունքից։

Պրահայում եւ Բրյուսելում 2022 թվականի հոկտեմբերին եւ 2023 թվականի գարնանը Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ապօրինի էին, նա չուներ այդ իրավունքը։ Եվ կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի չճակատագիրը վճռել եւ դրանով իսկ Ադրբեջանին քարտ բլանշ տրամադրել՝ Արցախի ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելու, Արցախի ժողովրդին Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանելու եւ Արցախը Ադրբեջանին բռնակցելու համար։

-Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթի 8-րդ հոդվածի համաձայն՝ «կողմերը դատապարտում են եւ կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության եւ խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ՝ դրանց բոլոր դրսեւորումներով՝ յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում և կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը»։ Սա ի՞նչ է ենթադրում, բռնաճնշումնե՞ր են սկսվելու Հայաստանում, եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին Ալիեւը խոսում է Հայաստանում «ռեւանշիստական ուժերի չեզոքացման» մասին։

-Այո, ճիշտ նկատեցիք, դա շատ վտանգավոր կետ է՝ Ադրբեջանի պարտադրանքով գրված։ Ընդհանրապես ամբողջ տեքստն է Ադրբեջանի պարտադրանքով գրվել, այդ տեքստն Ադրբեջանում է գրվել, դեմ են տվել Հայաստանի իշխանություններին, ասել են՝ սա է, ուզում եք, ուզեք, չեք ուզում, մի ուզեք։ Եվ այս կետով Ադրբեջանը հնարավորություն է ունենալու միջամտել Հայաստանի ներքին գործերին, ավելին ասեմ՝ հետագայում Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսել։ Ցանկացած արտահայտություն, ցանկացած կարծիք, անկախ նրանից, թե ով է դա հնչեցնում, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ինքնորոշվելու, որ Արցախի հարցը փակված չէ, Ադրբեջանը կարող է դիտարկել որպես իր տարածքային ամբողջականության դեմ նկրտում։ Ադրբեջանը հղում կկատարի Փաշինյանի վրա, որովհետեւ Փաշինյանը նույնպես համարում է, որ Արցախն Ադրբեջանի տարածքի մի հատված է, եւ կարող է ՀՀ դեմ ագրեսիա սկսել։

Հիմա հարց՝ իսկ ինչո՞ւ Փաշինյանը ստորագրեց այդ փաստաթուղթը, որովհետեւ այդ կետը չի բխում ՀՀ շահերից, բայց բխում է Ադրբեջանի շահերից եւ անձամբ Փաշինյանի շահերից։ Փաշինյանը, վկայակոչելով այդ կետը, Հայաստանում կարող է քաղաքական տեռոր սկսել եւ կարող է հիմնավորել՝ բա ի՞նչ անեմ, եթե այս «ռեւանշիստներին» բանտերը չլցնեմ, Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել։ Կրկնում եմ՝ այդ իրավունքն Ադրբեջանին տվել է Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ինչո՞ւ է տվել, որովհետեւ թե Ալիեւը չի ցանկանա, որ Հայաստանում լինեն քաղաքական ուժեր, որոնք Արցախի էջը փակված չեն համարի, թե Նիկոլ Փաշինյանին է դա պետք, որպեսզի ինքը ներսում քաղաքական տեռոր սկսի։ Սա է իրականությունը։ Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանը լինի կառավարելի, խամաճիկային պետություն։ Փաշինյանը պատրաստ է լինել կառավարելի, խամաճիկային պետության կառավարիչը։ Այստեղ Ալիեւի եւ Փաշինյանի քաղաքական նպատակները, իղձերը, ցանկությունները 100 տոկոսով իրար հետ համընկնում են։

Ի դեպ, պատահական չէ, որ Ստամբուլում, Աբու Դաբիում կայացած հանդիպումներից հետո ադրբեջանական մամուլը սպառնալիքներ է հնչեցնում այն քաղաքական ուժերի հասցեին, ովքեր համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ։ Պարզ գրել են, որ իրենք թույլ չեն, որ Հայաստանում «ռեւանշիստական ուժերը» գլուխ բարձրացնեն։ Իսկ «ռեւանշիստական ուժեր» իրենք կոչում են, օրինակ, Դաշնակցությանը, «Հայաստան» դաշինքին, նույնիսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, այսինքն՝ բոլոր այն ուժերին, որոնք ասում են, որ Արցախի էջը փակված չէ։ Գովում են Նիկոլ Փաշինյանին, նայեք ադրբեջանական մամուլը եւ կտեսնեք, հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի լավագույն գործընկերը կարող է լինել։ Այնպես որ, կրկնում եմ, Ալիեւի եւ Փաշինյանի շահերն այս հարցերում համընկնում  են, Ադրբեջանն այդ ականը դրել է Հայաստանը տակը, Փաշինյանն այդ թուղթը ստորագրել է, Փաշինյանը դրանով իր իշխանության երաշխիքներն է Ադրբեջանից ստացել, իսկ Ադրբեջանն իր հեռու գնացող նպատակներն ունի։

Երբ այս տարվա հունվարի 7-ին Ալիեւը Հայաստանն անվանեց «ֆաշիստական պետություն», Փաշինյանը փոխանակ Հայաստանի շահերը պաշտպաներ, ասաց՝ հլա մի հատ փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է Ադրբեջանը մեզ կոչում «ֆաշիստական պետություն»։ Ցավոք սրտի, սա է իրականությունը։

Մինսկի խումբը լուծարելու մասին հայտարարեցին Փաշինյանն ու Ալիեւը, ի՞նչ եք կարծում՝ բոլոր անդամ երկրները կողմ կլինե՞ն լուծարմանը, այսպես մեկ հայտարարությամբ հնարավո՞ր է լուծարել Արցախյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար ստեղծված այդ կառույցը։ Եվ ի՞նչ կնշանակի, եթե իրոք լուծարվի Մինսկի խումբը։

-Հիշեցնեմ, որ 1992 թվականին որոշում կայացվեց հրավիրել Մինսկի խորհրդաժողով, որտեղ պետք է վճռվեր Արցախի ժողովրդի, այն ժամանակվա ԼՂ Ինքնավար մարզի իրավական կարգավիճակը՝ այն սկզբունքների վրա, որոնք նշել են, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքի հարգումը։ Այնպես որ, միայն Հայաստանի եւ Ադրբեջանի որոշումը՝ դուրս գալ այդ խմբից, դեռ չի նշանակում, որ ԵԱՀԿ-ն ավտոմատ պետք է լուծարի Մինսկի խումբը։ Իհարկե, երբ Հայաստանն ու Ադրբեջանը դիմել են այդ հարցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից երկուսը կարծիք են հայտնել, որ այդ կառույցն իրեն սպառել էր։ Բավականին դժվար է լինելու, բայց տեսնենք, թե ինչ կլինի։ Նույնիսկ եթե ԵԱՀԿ-ն ասի՝ դե լավ, չեք ուզում, մենք կլուծարենք այդ կառույցը, միեւնույն է, վերադառնալով ձեր առաջին հարցին, նշեմ, որ դրանից չի բխում, որ Արցախի հարցը փակված է։ Քանի դեռ Արցախի ժողովուրդը պայքարում է իրավունքների համար, Արցախի քաղաքական կարգավիճակի հարցը փակված չէ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031