Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Թեոդորոս սրբավայր․ չպետք է մոռացվի նաև մեր պատմության այս հատվածը

Օգոստոս 17,2025 11:23

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից մոտ 3 կմ հեռու՝ հյուսիսարևելյան կողմում՝ Զորավան գյուղի հյուսիսային հատվածում, ոչ բարձր սարալանջին փռված է հնադարյան մի բնակատեղի, որի սկզբնամասում կիսաքանդ վիճակում կանգուն է Զվարթնոց տաճարի մանրակերտը հիշեցնող եկեղեցին։

Սուրբ Թեոդորոս կամ Սուրբ Զորավար եկեղեցին ժամանակին այստեղ հիմնված վանական համալիրի գլխավոր եկեղեցին է եղել։ Դարչնագույն սրբատաշ տուֆով կառուցված, ճարտարապետական հորինվածքով կենտրոնագմբեթ, երկաստիճան ծավալով սրբատունն ունի 2 մուտք՝ հյուսիսարևմտյան կողմում։ Ներսի կողմից ութախորան է։ Արևելյան հիմնական խորանը մի փոքր ավելի լայն է։ Բոլոր խորաններն ունեն պատուհաններ, որոնք դրսի կողմից վերնամասում քանդակազարդ են։ Խորաններից 3-ի վրա պահպանվել են ժամանակին եղած որմնանկարների հետքերը։ Ստորին ծավալն արտաքուստ ունի 18 նիստ՝ ութ խոշոր, եռանկյունաձև կտրվածքով խորշերով։ Վերևում 12 նիստանի թմբուկով գմբեթն է, որի մի հատվածն է պահպանվել։

Եկեղեցու հյուսիսային կողմում՝ 2 մուտքերի մեջտեղում կա արձանագրություն, ըստ որի 1191 թվականին վանքը ոմն Արտաշիրից որպես նվիրատվություն ստացել է այգի։

Այս վանական համալիրի մասին տեղեկություն է տալիս Հայոց կաթողիկոս (898-929թթ․), պատմիչ և գրող Մաշտոց Ա Եղվարդեցի (897 – 898) կաթողիկոսի ազգական և աշակերտ Հովհաննես Ե Դրասխանակերտցին։ Իր «Հայոց պատմություն» գրքում գրում է․ «Այդ ժամանակներում Գրիգոր Մամիկոնյան բարեպաշտ իշխանը, աստվածային նախախնամությամբ հիմնադրելով չքնաղագեղ եկեղեցին, որը գտնվում է Արուճ դաստակերտում, շուտով կառուցում է այն՝ երկնային այդ մեծ տաճարը պատրաստելով երկրի վրա։ ․․․Կրոնական դասի համար շինում է նաև վանք, իսկ Եղիվարդ մեծ դաստակերտի արևելյան կողմում կառուցում է պայծառազարդ եկեղեցի և կուսակրոնների համար կացարաններ՝ աստվածային եկեղեցու պաշտամունքի և հյուրերի, անտունների, աղքատների հանգստի համար» (Հովհ․ Դրասխանակերտցի «Հայոց պատմություն» 1996թ․, էջ՝ 94-95)։

Գիտենք՝ Արուճի եկեղեցու կառուցումն սկսել է 661-ից Հայոց իշխան, Համազասպ Մամիկոնյանի եղբայր Գրիգոր Մամիկոնյանը (ծննդյան թ. անհայտ – 685), 662թ. մարտի 25-ին՝ իր իշխանության անցնելու հաջորդ տարում և ավարտին հասցրել 666թ.: Այսինքն՝ Սուրբ Թեոդորոս վանքի կառուցումը սկսվել է 666 թվականից հետո։ Իսկ անվանումը՝ Սուրբ Թեոդորոս, կարծում եմ՝ կապված է Թեոդորոս Ռշտունու ( 590 – 654 Դամասկոս) հետ։ Նա եղել է 639 թվականից միավորված Հայաստանի առաջին իշխանը։ Ամրացրել է մեր երկրի բերդերը, հզորացրել հայոց այրուձին և հաջողությամբ դիմակայել թշնամուն։ Եվ պատահական չէ՝ դարձել է հայկական «Սասնա ծռեր» հերոսապատումի կերպար՝ ի դեմս քեռի Թորոսի։

Ինչպես Հայոց բոլոր վանքերն ու եկեղեցիները, այնպես էլ Սուրբ Թեոդորոսը, ունեցել են վերելքի ու անկման ժամանակներ։ 1735 թվականին Եղվարդի մոտ թուրք-պարսկական զորքերի ճակատամարտի հետևանքով Սուրբ Թեոդորոս վանական համալիրն ավերվել է ու լքվել։ Այժմ կանգուն է վանքի եկեղեցին՝ կիսաքանդ վիճակում։ Վանական համալիրի տարածքում առկա են բազում կառույցների հետքեր ու հիմքեր, պարսպապատեր։ Հիմնական եկեղեցուց մոտ 100 մ վերև կանգուն է փոքր չափերով 13-րդ դարում կառուցված բազիլիկ մատուռ-եկեղեցու Սուրբ խորանը։ Մատուռի շրջակայքում եղել է գերեզմանատուն՝ հիմնականում խաչքար-շիրմաքարերով․ կան նաև տապանաքարեր։

Պահպանվել են խաչքարերի պատվանդանները՝ բավականին մեծ ու գրեթե անմշակ բազալտե քարերով։ Եկեղեցուն ավելի մոտ պատվանդանների վրա խաչեր են քանդակված։ Նման պատվանդաններից մեկը եռանկյունաձև է, ունի մոտ 150 սմ բարձրություն և նույնքան էլ լայնություն վերնամասում։ Արևմտյան երեսին 3 գեղեցիկ խաչեր են քանդակված։ Կանգուն վիճակում կա մի խաչքար՝ կողքին քարերի բեկորներ։

Ժամանակի ընթացքում կոտրվել ու տեղահան են արվել խաչքարերը, պահպանվել են դրանց բազում բեկորներ։ Սուրբ Թեոդորոս եկեղեցու հարևանությամբ նույնպես կան տապանաքարեր, որոնցից մեկը տուֆից է, ունի 165x85x40 սմ չափեր։ Եկեղեցու մոտակայքում շատ են նաև նախշազարդ քարերն ու դրանց բեկորները։ Հիմնականում կառույցի վերնամասի քարերն են։

1980-ական թվականներին Սուրբ Թեոդորոս վանքի եկեղեցին մասնակի նորոգվել է։ Այդ ավելի լավ ցուցում են դեռևս պատերից վեր երևացող երկաթյա ամրանները։ Ինչո՞ւ է դադարեցվել սրբատան հիմնանորոգումը, չգիտեմ, սակայն շարունակելը պարտադիր է։ Երևում է՝ նորոգումից առաջ պատերից ընկած քարերը հավաքվել են, որոշների տակ նույնիսկ ռետինե տակդիրներ կան, որ չվնասվեն։

Այսօր մի տեսակ լքված է երբեմնի մշակութային կենտրոնը։ Եկեղեցու անվանումով հարավային կողմում մի ցուցանակ կա բարակ ստվարաթղթով, որի կեսը կոտրված ընկած էր քիչ հեռու։ Մոտը դրեցինք ու մի քար վրան, որ քամին չտանի, իսկ մեր այցի ժամանակ ուժեղ քամի էր տարածքում։ Եղվարդ-Արագյուղ ճանապարհի ձախակողմում է սրբավայրը, սակայն այդ մասին հուշող որևէ ցուցանակ չկա, որ անծանոթները կարողանան մոտենալ։ Սրբատան մոտակայքում նոր տներ են կառուցված, կան նոր հիմնված այգիներ, որ շատ լավ է, սակայն չպետք է մոռացվի նաև մեր պատմության այս հատվածը։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031