«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը։
-Պարոն Բալայան, Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության միջոցով փորձ է արվում փակել Արցախի ու Արցախի ժողովրդի իրավունքների հարցը։ Փաշինյանն ու Ալիեւը խուսափեցին պատասխանել արցախցիների վերադարձի ու իրավունքների մասին հարցին։ Ինչպե՞ս եք սա գնահատում, եւ արդյոք այսպիսով Արցախի հարցը փակվո՞ւմ է։
-ՀՀ վարչապետը ժամանակին հայտարարեց, որ «մենք ոչ թե կորցրել ենք Ղարաբաղը, այլ ձեռք ենք բերել Հայաստանի Հանրապետությունը»։ Հետեւաբար, այս խոսույթի շրջանակներում անհնար էր, որ Արցախի հարցի քննարկում լիներ։ Կարծես թե Ղարաբաղը բեռ է, եւ պետք է դրանից ազատվել, որպեսզի Հայաստանը հանգիստ լինի։ Իհարկե, առանձնապես սպասելիք չկար, որ Արցախի հարցը Վաշինգտոնում կքննարկվեր։ Ըստ էության, սա 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության շարունակությունը կարելի է դիտարկել, երբ արդեն հասկանալի էր, թե ինչ զարգացումներ պետք է լինեին։ Այո, սրանք քայլեր են՝ Արցախի հարցն ընդհանրապես փակելու, մասնավորապես, եթե հաշվի առնենք նաեւ այն, որ անմիջապես Ադրբեջանի պահանջով ձեռնամուխ եղան նաեւ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելուն։ Ճիշտ է, Մինսկի խումբը Արցախի հարցին վերջնական լուծում չապահովեց, բայց, այնուամենայնիվ, որոշակի սկզբունքներ մշակվեցին, որոնցով կարելի էր առաջնորդվել եւ հարցը կարգավորել։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է հարցի խաղաղ կարգավորմանը, այսինքն՝ ուժի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնորոշման իրավունքին։ Դրա շրջանակներում հնարավոր էր պաշտպանել արցախահայության շահերը։ Եվ այդ կառույցը հիմա շարքից հանել նշանակում է ընդհանրապես չանդրադառնալ այս հարցերին։
Ես կարծում եմ, որ հարցը միայն պայմանավորված չէ նրանով, թե այսօր, այս պահին ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարություններն ինչպես են նայում այդ ամենին։ Կարծում եմ, որ աշխարհում որոշակի ընկալում կա՝ Արցախի հարցին անդրադառնալու, ինչո՞ւ, որովհետեւ Արցախի էջը փակելով կամ տարածաշրջանում հայկական Արցախ չունենալով՝ տեսանելի են այն սրացումներն ու զարգացումները, նկատի ունեմ ռազմական գործողությունները, որոնք տեղի ունեցան տարածաշրջանում։ Խոսքը վերաբերում է թե՛ ռուս-ուկրաինական հակամարտությանը, թե՛ Սիրիայում տեղի ունեցած զարգացումներին, թե՛ Իրանի հետ կապված վերջին զարգացումներին։ Այսինքն՝ սա փաստում է, որ հենց Արցախով տարածաշրջանում սկսվեց այդ ամենը։ Եվ հենց ուժերի բալանսի փոփոխությունը հանգեցրեց այս ամենին։ Կարծում եմ, որ սա նաեւ գերտերություններն են ընկալում։ Եվ պատահական չէ, որ, օրինակ, Շվեյցարիայի խորհրդարանի եւ ստորին, եւ վերին պալատներն անդրադարձան այդ հարցին՝ կոչ անելով Շվեյցարիայի կառավարությանը՝ Արցախի հարցով կազմակերպել խաղաղության կոնֆերանս` Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կամ, օրինակ, ԱՄՆ կոնգրեսականների հայտարարությունը, շարքը այսպես կարելի է շարունակել։ Կարծում եմ՝ այս տեսանկյունից Արցախի հարցը փակված չէ, Արցախի ԱԺ կողմից ստեղծված հանձնաժողովն աշխատանքներ է կատարում այդ ուղղությամբ՝ թե Հայ դատի գրասենյակների միջոցով, թե ընդհանրապես Սփյուռքում։ Նաեւ բարի կամք ունեցող քաղաքական գործիչների միջոցով փորձում ենք անընդհատ օրակարգում պահել այդ հարցը։
Կարդացեք նաև
– Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո Մինսկի խումբը միանգամից կլուծարվի՞, բոլոր անդամ երկրները կհամաձայնե՞ն այդ որոշմանը։
-Ես էլ եմ մտածում, որ հնարավոր է այդպես հեշտությամբ դա չլինի, որովհետեւ վերջիվերջո հակամարտության հիմնական կողմը Արցախն է, արցախահայությունն է։ Եթե նրանց կարծիքը չկա կամ նրանց հետ որեւէ քննարկում չի եղել, ինչպե՞ս կարող է Մինսկի խումբը լուծարվել։ Գաղտնիք չէ, որ Մինսկի խումբը որպես հակամարտող կողմ ընդունում էր նաեւ Արցախը։ Եթե չընդուներ, ապա ամեն անգամ տարածաշրջան գալով՝ նրանք չէին հանդիպի Արցախի ղեկավարության հետ, համապատասխան քննարկումներ չէին ունենա։ Հույս ունեմ, որ նրանք նաեւ Արցախի ներկայացուցիչների կարծիքը հաշվի կառնեն այդ կարեւոր հարցին անդրադառնալու դեպքում։
-Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթի 15-րդ հոդվածն այն մասին է, որ «համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած և բոլոր միջպետական հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը, որոնք վերաբերում են մինչև սույն համաձայնագրի ստորագրումը կողմերի միջեւ առկա խնդիրներին, եւ չեն նախաձեռնի այդպիսի հայցեր, գանգատներ, բողոքներ, առարկություններ, վարույթներ եւ որեւէ կերպ չեն ներգրավվի որեւէ երրորդ կողմի կողմից մյուս կողմի դեմ ներկայացվող գանգատներում, բողոքներում, առարկություններում, վարույթներում»։ Միջազգային դատարաններից հայցերի հետ կանչումն ի՞նչ հետեւանք կարող է ունենալ Հայաստանի համար։
-Տեսանելի է, որ արցախահայության նկատմամբ ցեղասպանական գործողություններ է իրականացրել Ադրբեջանը։ Եվ որեւէ հայց ներկայացնելու պարագայում հասկանալի է, որ միջազգայի կառույցները համապատասխան գնահատական են տալու։ Այսինքն՝ սա բոլոր դեպքերում շահեկան է Ադրբեջանի համար։ Ադրբեջանի քայլերը՝ հարաբերություններ ձեւավորելու ՀՀ հետ, խաբուսիկ են, որովհետեւ անհնար է, որ ցեղասպանված ժողովուրդը գնա համաձայնության ցեղասպանություն գործած երկրի հետ։ Արցախի հայերը ո՞նց կարող են ներել Ադրբեջանին կամ Թուրքիային, ո՞նց կարելի է հաշտվել այդ մտքի հետ։ Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները չեն թաքցնում, որ այդ տարածքները գրավել են եւ բնիկ ժողովրդին իրենց տարածքից բռնի տեղահանել են։ Հետեւաբար, կարծում եմ, որ թե արցախահայությունը, թե ընդհանրապես ամբողջ հայ ժողովուրդը ժամանակի ընթացքում կընկալեն եւ կհասկանան այն կորուստը, որը կրել ենք։ Առանց Արցախի Հայաստանի Հանրապետությունն այլ երկիր էր, Արցախով այլ երկիր է։ Սրանք իմ խոսքերը չեն, ես կրկնում եմ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին ղեկավարի խոսքերը։ Իսկապես դա այդպես է՝ ՀՀ կշիռը տարիներ շարունակ պայմանավորած էր նաեւ Արցախի Հանրապետության գոյությամբ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ