Լրահոս
Օրվա լրահոսը

Մի անգամ Ալյասկայում… Պուտինի կարմիր գորգը, չեղարկված ճաշը

Օգոստոս 18,2025 10:10

Անընդհատ սաստկացող պատժամիջոցների պայմաններում, երեք ու կես տարի շարունակ Արեւմուտքի կողմից մեկուսացման մեջ գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջ քաղաքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիմավորեց կարմիր գորգի վրա, ու մինչեւ նրա ձեռքը սեղմելն անգամ ծափահարեց իրեն մոտեցող Պուտինին։

Շուրջ երեք ժամ բանակցելուց հետո Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հայտարարեցին՝ որոշ հարցերի շուրջ համաձայնել են, որոշները դեռ պետք է քննարկվեն, իսկ գլխավոր հարցի՝ Ուկրաինայում հրադադարի շուրջ փաստացի համաձայնության չեն եկել:

Բանակցություններին հաջորդած ասուլիսին Թրամփը նշեց՝ շատ արդյունավետ հանդիպում էր, շատ հարցերի շուրջ համաձայնեցին, իսկ որոշների դեպքում՝ ոչ, սակայն ընդհանուր առմամբ առաջընթաց են գրանցել:

«Բայց մենք չափազանց արդյունավետ հանդիպում ունեցանք, եւ շատ կետերի շուրջ համաձայնություն ձեռք բերվեց, մնացել են միայն շատ քիչ կետեր։ Դրանց մի մասն այդքան էլ կարեւոր չէ։ Մեկը, թերեւս, ամենակարեւորն է, բայց շատ լավ հնարավորություն ունենք դրա շուրջ համաձայնության հասնելու»,-ասաց Թրամփը։

Ռուսաստանի նախագահն էլ հույս հայտնեց, որ հանդիպումը կդառնա ելակետ ոչ միայն ուկրաինական խնդրի լուծման համար, այլեւ կնշանավորի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ գործնական հարաբերությունների վերականգնման սկիզբը։

Վլադիմիր Պուտինը նշեց՝ որքան էլ տարօրինակ թվա, ուկրաինացիները ռուսների համար եղբայրական ժողովուրդ են, եւ այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում ողբերգություն է եւ մեծ ցավ Ռուսաստանի համար, սակայն դա կշարունակվի, քանի դեռ Ռուսաստանի ազգային անվտանգությանը վտանգներ են սպառնում:

«Միեւնույն ժամանակ, համոզված ենք՝ որպեսզի ուկրաինական խնդրի կարգավորումը լինի կայուն եւ տեւական, պետք է վերացնել ճգնաժամի բոլոր հիմնապատճառները… հաշվի առնել Ռուսաստանի բոլոր օրինական մտահոգությունները, եւ Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում վերականգնել արդար հավասարակշռությունը անվտանգության ոլորտում», նշեց ՌԴ նախագահը։

Ապա Պուտինը Թրամփին հրավիրեց հաջորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, Սպիտակ տան ղեկավարը, սակայն չհստակեցրեց՝ ընդունո՞ւմ է հրավերը, թե՞ ոչ:

Ասուլիսից հետո առաջնորդները լրագրողների հարցերին չպատասխանեցին, լքեցին մամուլի սրահը: Միջազգային մամուլը հանդիպման ավարտին անմիջապես հայտնեց, որ չեղարկվել են նախօրոք օրակարգում տեղ գտած ընդլայնված պատվիրակություններով բանակցությունները եւ ճաշը:

Ըստ Սպիտակ տան՝ բանակցություններից հետո Թրամփը խոսել է Ուկրաինայի նախագահի, ապա նաեւ ՆԱՏՕ-ի ղեկավարի եւ եվրոպացի առաջնորդների հետ, ներկայացրել, թե ինչ են քննարկել Պուտինի հետ:

Ըստ Axios-ի՝ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Պուտինը չի ցանկանում հրադադար եւ նախընտրում է պատերազմն ավարտելու համապարփակ համաձայնագիր: Ավելի ուշ կարծիք է հայտնել, որ Ուկրաինան պետք է համաձայնության գա Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ, քանի որ «Ռուսաստանը շատ մեծ տերություն է, իսկ Ուկրաինան՝ ոչ»:

Ըստ Reuters-ի՝ Թրամփը եվրոպացիների հետ նաեւ քննարկել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալու հարցը ՆԱՏՕ-ի շրջանակից դուրս, սակայն ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի նման, այսինքն, երբ անդամներից մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում ողջ դաշինքի վրա:

Այնուհետեւ ԱՄՆ նախագահը սոցցանցում գրեց, որ Զելենսկիին երկուշաբթի հրավիրել է Վաշինգտոն ու եթե հանդիպումը լավ անցնի, հաջորդը կպլանավորեն Պուտինի հետ: «Ես պլանավորում եմ երկուշաբթի օրը Վաշինգտոնում նախագահ Թրամփի հետ քննարկել սպանությունների ավարտի, պատերազմի ավարտի բոլոր մանրամասները», նշել է նա։

Վլադիմիր Զելենսկին կողմ է արտահայտվել առաջարկին եւ ընդգծել՝ գլխավոր հարցերը կարող են քննարկվել միայն առաջնորդների մակարդակով: «Նախագահ Թրամփի հետ զրույցում ես ասացի, որ պետք է խստացվեն պատժամիջոցները, եթե եռակողմ հանդիպում չլինի կամ եթե Ռուսաստանը խուսափի պատերազմը արդարացիորեն ավարտելուց»,-նշել է Ուկրաինայի նախագահը։

Նկատենք, որ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է՝ ռուս-ամերիկյան շփումների ժամանակ եռակողմ հանդիպման հարցը չի բարձրացվել:

Եվրոպական երկրների առաջնորդները Թրամփի հետ զրույցից հետո խոստացել են շարունակել աջակցությունն Ուկրաինային՝ նշելով, որ հաջորդ քայլը պետք է լինի եռակողմ հանդիպումը: Ուկրաինան պետք է անվտանգության հուսալի երաշխիքներ ստանա եւ կարողանա արդյունավետ պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ իր տարածքների հետ կապված որոշումները պետք է հենց Ուկրաինան կայացնի, ասվում է համատեղ հայտարարությունում, նաեւ շեշտվում՝ Ռուսաստանը չի կարող խոչընդոտել ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը:

«Քանի դեռ Ուկրաինայում սպանությունները շարունակվում են, մենք պատրաստ ենք պահպանել Ռուսաստանի վրա ճնշումը։ Մենք կշարունակենք խստացնել պատժամիջոցները եւ ավելի լայն տնտեսական միջոցառումները… մինչեւ արդար եւ երկարատեւ խաղաղություն հաստատվի», – նշված է հայտարարությունում։

Նախագահ Թրամփի եւ նախագահ Պուտինի հանդիպումից հետո Ուկրաինայի խաղաղության վերաբերյալ նախագահի Մակրոնի, վարչապետ Մելոնիի, կանցլեր Մերցի, վարչապետ Ստարմերի, նախագահ Ստուբի, վարչապետ Տուսկի, նախագահ Կոշտայի եւ նախագահ ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարության մեջ նախ մատնանշել էին Թրամփի գնահատականները` «Չկա համաձայնություն, քանի դեռ համաձայնագիր չի կնքվել», եւ որ` «հաջորդ քայլերը պետք է հստակ համաձայնեցվեն նախագահ Զելենսկու հետ»։

Եվրոպացի առաջնորդները նշել էին, որ գոհունակությամբ են ընդունում նախագահ Թրամփի հայտարարությունը, որ Միացյալ Նահանգները պատրաստ է տրամադրել անվտանգության երաշխիքներ։ «Ուկրաինայի զինված ուժերը կամ նրանց համագործակցությունը երրորդ երկրների հետ չպետք է ենթարկվեն որեւէ սահմանափակման։ Միայն Ուկրաինան կարող է որոշումներ կայացնել իր տարածքի վերաբերյալ։ Միջազգային սահմանները չեն կարող փոփոխվել ուժի կիրառմամբ»։

Վստահեցնելով, որ պատրաստ են շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, քանի դեռ Ուկրաինայում չի դադարեցվել արյունահեղությունը, եվրոպացի առաջնորդները միաժամանակ ընդգծել էին, որ կշարունակեն ուժեղացնել պատժամիջոցները եւ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ՝ արդար եւ կայուն խաղաղության հասնելու նպատակով եւ հավելել էին. «Ուկրաինան կարող է ապավինել մեր անսասան համերաշխությանը եւ համատեղ քայլերին՝ արդար խաղաղություն հաստատելու գործում, որը կապահովի Ուկրաինայի եւ Եվրոպայի կենսական շահերի պաշտպանությունը անվտանգության ոլորտում»։

Ահա այսօր եվրոպացի առաջնորդները մեկնում են Վաշինգտոն՝ մասնակցելու Թրամփ-Զելենսկի հանդիպմանը:

«Նախագահ Զելենսկու խնդրանքով վաղը ես կմիանամ Սպիտակ տանը նախագահ Թրամփի եւ այլ եվրոպացի առաջնորդների հետ հանդիպմանը»,-նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Գերմանիայի կառավարության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եվրոպացի այլ առաջնորդների հետ կմեկնի Վաշինգտոն՝ միանալու Թրամփ-Զելենսկի բանակցություններին: «Ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն անվտանգության երաշխիքները, տարածքային հարցերը եւ Ուկրաինային շարունակական աջակցությունը՝ ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար։ Սա ներառում է պատժամիջոցների ճնշման պահպանումը»,-հայտարարել է Գերմանիայի կառավարությունը։

Ֆրանսիայի նախագահի գրասենյակը եւս հաղորդել է, որ նախագահ Էմանուել Մակրոնը Զելենսկիի հետ կմեկնի Վաշինգտոն: Վաշինգտոն կմեկնի նաեւ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, հայտնել է վարչապետի գրասենյակը:

Հարկ է նկատել, որ եվրոպացի առաջնորդների տարածած օգոստոս 16-ի հայտարարությունը մի քանի առումներով էապես տարբերվում է նախորդ դիրքորոշումներից.

1.Նախ ընդգծվում է Թրամփի դերը: Բանն այն է, որ նախկինում ԵՄ-ն ինքն էր հանդես գալիս որպես գլխավոր միջնորդ, իսկ այժմ առաջնորդները շեշտում են, որ հենց Թրամփին է պատկանում գլխավոր դերը Պուտինի եւ Զելենսկու հետ բանակցություններում: Եվրոպան առավելապես աջակցող, բավական ակտիվ եւ հաստատակամ կողմ է, քան գլխավոր նախաձեռնող։

2.Ընդգծվում է եռակողմ գագաթնաժողովի (ԱՄՆ-Ուկրաինա-ԵՄ) ուղղակի պատրաստակամությունը: Սա քայլ է դեպի Թրամփի հովանու ներքո գործընթացը ինստիտուցիոնալացնելու ուղղությամբ, մինչդեռ նախկինում հանդիպումները հիմնականում ընթանում էին ԵՄ-Ուկրաինա կամ «Ռամշտայն» ձեւաչափով։

3.Շեշտվեց Ուկրաինայի` ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին միանալու իրավունքը, ընդգծվեց, որ Ռուսաստանը վետոյի իրավունք չունի: Նախկինում եվրոպացի առաջնորդները ավելի զգուշավոր էին խոսում՝ ավելի շատ կենտրոնանալով անդամակցության «հեռանկարների» վրա։

4.Հաջորդ կարեւոր ձեւակերպումը` «անվտանգության հուսալի երաշխիքների» ուղղակի խոստումն է: Այս ձեւակերպումն ավելի կոշտ է, քան երբեւէ նախկինում, երբ խոսք էր գնում ռազմական օգնության եւ աջակցության մասին: Այսինքն, կոլեկտիվ պաշտպանության պարտավորությունների հարցը մնում էր անորոշ։

5.Մյուս կարեւոր խոստումը` Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հետագա խստացումն էր: Չնայած Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սահմանվել էին ավելի վաղ, այժմ մինչեւ պատերազմի ամբողական դադարեցումը եւ «արդար խաղաղության» հաստատումը առկա է պատրաստականություն մեծացնելու ճնշումները:

6.Կարելի է բխեցնել, որ Թրամփը եւ նրա թիմն անմիջապես գնահատել են Եվրոպական առաջնորդների հայտարարության լրջությունը եւ այն հրապարակվելուց անմիջապես հետո Թրամփը հրավիրել է եվրոպացի առաջնորդներին միանալ Զելենսկու հետ այսօր Վաշինգտոնում ծրագրված հանդիպմանը։

7.Փաստացի, սա Եվրոպական առաջնորդների կոշտ արձագանքն է Թրամփի համաձայնությանը Անքորիջում Պուտինի հնչեցրած առաջարկին, որի համաձայն՝ հիմա պետք է աշխատել «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու ուղղությամբ` հրաժարվելով հրադադար հաստատելու նպատակից, ինչը Թրամփի նպատակն էր։ Իսկ դա նշանակում է` «անվերջ» բանակցել այդ պայմանագրի շուրջ շարունակվող պատերազմի պայմաններում։ Եվրոպական առաջնորդների իրենց հայտարարությամբ, մինչդեռ, մատնանշել են այդ պայմանագրի «կարմիր գծերը», որոնք անգամ քննարկումը Մոսկվան բացառում է, որն էլ հերթական անգամ ակնհայտ դարձավ Ալյասկայում օգոստոս 15-ին Թրամփի հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Պուտինի ելույթով։

8.Այլ կերպ ասած, Եվրոպան ճանաչում է Միացյալ Նահանգների՝ Թրամփի կողմից ներկայացված առաջնորդությունը կարգավորման գործում, սակայն միեւնույն ժամանակ օգտագործում է այս պահը հիմնարար դիրքորոշումները ամրագրելու համար՝ երաշխավորելով Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային զիջումների անթույլատրելիությունը եւ ապահովելով նրա ուղին դեպի ԵՄ եւ ՆԱՏՕ։

Այսպիսով, Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է Վաշինգտոն: Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի եւ եվրոպացիների հետ համատեղ ուժը կստիպի Ռուսաստանին իրական խաղաղության:

Իսկ ԱՄՆ նախագահը Զելենսկիի հետ հանդիպումից ժամեր առաջ հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահը կարող է գրեթե անմիջապես ավարտել պատերազմը Ռուսաստանի դեմ, եթե նա դա ցանկանում է, կամ կարող է շարունակել կռվել: Թրամփը կրկին համոզմունք է հայտել, որ ցանկացած խաղաղության պայմանավորվածության դեպքում Ուկրաինան պետք է զիջի իր ինքնիշխան տարածքը Ռուսաստանին, մի գաղափար, որը Կիեւն ու նրա եվրոպացի դաշնակիցները մշտապես մերժում են:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031