Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում այսօր շարունակվում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավարությունը։
Միքայել սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արմինե Մելիքսեթյանին։
Երեմ Սարգսյանն ասաց, որ դատավորը խիստ բացասական վերաբերմունք ունի Միքայել սրբազանի նկատմամբ, հետեւաբար, իրավունք չունի քննել այս գործը։ «Դուք իրավունք չունեք քննելու այս գործը, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ ամեն ինչ անում եք, որ հենց անձամբ դուք քննեք այս գործը։ Էդ ո՞նց եք քննում գործը, որ կողմերին չեք հարցնում։ Դուք ոչինչ չեք ուզում պարզել, դուք ուղղակի արագ ու կաշկանդված ինչ-որ ձայներ եք հանում, գնում եք։ Ձեր խոսքերը մենք չենք լսում։ Ես ձեր խոսքերը գնացել փորձել եմ տեսագրությունները հետ տալով լսել, վստահ եմ՝ մյուս գործերով այսպես չէ, ինչի՞ց եք կաշկանդվում, չեմ հասկանում»,- դատավորին դիմեց Երեմ Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նախորդ դատական նիստում դատավոր Արմինե Մելիքսեթյանը հայտարարել էր, որ այս գործով հաջորդ նախնական դատալսումները նշանակվում են օգոստոսի 18-ին, 19-ին, 21-ին եւ 25-ին։ Այս շտապողականությունը զարմացրել էր փաստաբաններին։ Միքայել սրբազանի պաշտպանական թիմն այսօր դատարանում փաստեր ներկայացրեց, որ տարբեր գործերով դատավոր Մելիքսեթյանն այսպիսի շտապողականություն չի ցուցաբերում, իրար հետեւից նիստեր չի նշանակում։ Փաստաբանական թիմի կարծիքն այն է, որ դատավորը հատուկ վերաբերմունք ունի Միքայել սրբազանի գործի նկատմամբ։
Դատավորին հարց ուղղվեց՝ հատուկ վերաբերմո՞ւնք ունի այս գործի նկատմամբ։
«Դատարանը չունի պարտականություն՝ արձագանքելու ձեր այս վերաբերմունքին»,- ասաց դատավորը։
Պաշտպանական թիմը պնդում է, որ այս գործով դատավարությունը պետք է անցկացվի Շիրակի մարզի դատարանում։ Նախորդ նիստում այս մասին միջնորդությունը մերժվել էր։
Մանրամասները՝ տեսանյութում
Փաստաբան Մարինե Ֆարմանյանն էլ հարցրեց դատավորին․ «Ասում եք՝ մեր հարցերը պարզաբանելու պարտավորություն չունեք, բա ինչ պարտականություն ունեք, հարգարժան դատարան։ Պարտականություն ունե՞ք ակնհայտ ապօրինի կալանք ներկայացնելու մեր վստահորդին։ Մենք հասկացել ենք ձեր պարտականությունների շրջանակը։ Ես գիտեմ, որ դուք մասնագիտական կաշկանդվածություն չունեք, դուք լավ իրավաբան եք, բայց դուք ենթադրաբար ունեք քաղաքական կաշկանդվածություն։ Դեռ ժամանակ կա, խնդրում եմ, դուրս եկեք էս ուղեծրից, իրական արդարադատություն իրականացրեք, հակառակ պարագայում՝ թողեք այս գործը։ Թողեք թող այս գործը քննի մի օբյեկտիվ դատավոր»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հանրային մեղադրողը ներկայացված միջնորդությունն անհիմն որակեց։
Դատավորը մերժեց բացարկի միջնորդությունը։
Ըստ հրապարակված մեղադրական եզրակացության՝ «Գևորգ /Միքայել/ Արտաշեսի Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան եւ հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետեւորդներ եւ հետեւաբար նաեւ՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաեւ՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ