Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանն իր հոբելյանի օրը տոն նվիրեց փոքրիկներին

Օգոստոս 18,2025 20:30

Օգոստոսի 18-ին «Տաշիր Արենայում» ՝ Երեւանի կրկեսի նորացված շենքում կայացավ բարեգործական համերգ՝ «Երեխաները՝ երեխաների համար» խորագրով: Համերգը տեղի ունեցավ կրկեսի ոչ պաշտոնական բացման շրջանակում՝ որպես հատուկ միջոցառում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ:

Իր ծննդյան 60-ամյակի օրը նա որոշել էր տոն պարգեւել երեխաներին: Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր Արենայի» հարկի ներքո հյուրընկալվեցին 1200 երեխաներ եւ երիտասարդներ՝ Վանաձորից, Շիրակից, Հրազդանից, Արտաշատից, Արարատից եւ այլ մարզերից ու քաղաքներից:

Սամվել Կարապետյանը դստերը՝ «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ եւ նախագծի հեղինակ Տաթեւիկ Կարապետյանին հղած կարճ ուղերձում նշել էր, որ շատ է ցանկանում նոր Արենան լցվի երեխաների ծիծաղով, եւ այդ օրը հնարավորինս ուրախ լինի:

«Երեխաները՝ երեխաների համար» միջոցառմանը հատուկ տեղ զբաղեցրին Գեւորգ Գինոսյանի եւ Սոս Պետրոսյանի անվան կրկեսային դպրոցների սաների ելույթները: Համերգի մասնակիցներից էին «Նեպոսեդի» թատերական ստուդիան, «Արցախի ձայներ» երաժշտական համույթը, «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախումբը:

Տաթեւիկ Կարապետյանի ձեւակերպմամբ, շատ խորհրդանշական է, որ հենց երեխաներն են առաջինը լցնում այդ տարածքը լույսով, ուրախությամբ եւ իմաստով, ու այդ համատեքստում նաեւ հանդիպումը կարեւոր նշանակություն ունի. «Սա մեզ համար սովորական համերգ չէ, այլ նորացված Արենայի նոր կյանքի սկիզբը»: Նա կոչ արեց գնալ երազների հետեւից եւ ոչ մի դեպքում չհանձնվել:

«Բոլորս հավաքվել ենք «Երեխաները՝ երեխաների համար» միջոցառման շրջանակներում: Թե մեծահասակները, թե փոքրիկները շատ ուրախ են, սպասել ենք այս օրվան՝ հատկապես երեխաների մոտ երազանքների կատարման ակնկալիքների հետ կապված լինելու առումով: Սա շատ մեծ մոտիվացիա է եւ մեծ իրադարձություն՝ քաղաքի համար, որ շատ հաջող եւ կազմակերպված իրագործել է «Տաշիր Արենան»,-ասաց իր բալիկի հետ միջոցառման եկած մի հայրիկ:

«Այսօր ես թոռնիկներիս հետ եմ եկել, շատ շնորհակալ ենք Սամվել Կարապետյանին: Իր ծննդյան օր էլ շնորհավոր լինի, իրեն էլ շուտափույթ ազատություն»,-նշեց մի տատիկ:

«Գիտեմ, որ միջոցառումը երեխաների համար է կազմակերպված, սիրով եկել են: Էլի եմ մասնակցել նման միջոցառումների»,-ասաց մի աղջիկ:

Մեկ ուրիշ բալիկ էլ նշեց, որ հավատում է հրաշքների, դրա համար եկել է միջոցառման. «Ես կարդացել եմ «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթը, դիտել եմ ֆիլմը, շատ եմ հավատում հրաշքներին: Հույս ունեմ, որ մի օր բոլոր երազանքներս կիրականանան»:

 Մանրամասն՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031