Ըստ այս բավականին պարզունակ քարոզչական հնարքի՝ ընդդիմությունը պիտի կուլ տա խայծը, տարբեր հարթակներում լուսանկարներ տարածի, ասենք, որևէ պայմանական Ջենիֆեր Դումիկյանի ահավոր մարդաշատ ու «ցնծագին» համերգներից ու կշտամբի՝ «էս չե՞ք, արա՛, Ղարաբաղը կորցրեցինք՝ 3 հազար մարդ դուրս չեկավ փողոց, Նիկոլը միջանցքը տվեց՝ ոչ մեկի վեջը չէր, բայց 30-40 հազար մարդ համերգներում «տժժում» է»։ Արդյունքում՝ այդ 30-40 հազարը պիտի հայհոյի ընդդիմությանը, որ իր՝ մի քանի ժամով ամենօրյա հոգսերից կտրվելու իրավունքի վրա «վայիս է լինում», ու հակվի Նիկոլի կողմը։
Մինչդեռ որևէ համերգի կամ Վարդավառի տոնախմբություններին մասնակցել-չմասնակցելու հարցն ընդհանրապես կապ չունի քաղաքական համակրանքների կամ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունն» ընդունել-չընդունելու հետ։ Մասնակցել են՝ շատ էլ լավ են արել, ու հաստատ՝ այդ մասնակցողների մեջ Նիկոլից զզվողների տոկոսն ավելի քիչ չէ, քան չմասնակցածների մեջ։
Ավելին՝ եթե վաղը որևէ ընդդիմադիր ուժ հանրահավաք անի և այնպիսի ծրագիր ներկայացնի, որտեղ ապագայի հանդեպ իրական լավատեսությունն ավելի ուժեղ էմոցիաներ կառաջացնի, քան, ասենք, մի քանի ժամով դառը իրականությունից կտրվելը, այդ նույն 30-40 հազար մարդիկ, եռապատկված-քառապատկված, կմասնակցեն նաև այդ հանրահավաքին ու շարժմանը։ 1988-ին հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել էին Ազատության հրապարակում, 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանը 100-120 հազար մարդու առջև ելույթ էր ունենում, ու ճանճի տզզոց չէր լսվում, հիմա որպես ի՞նչ է Նիկոլ Փաշինյանը, օգտվելով ընդդիմության անբացատրելի պասիվությունից, ձևացնում, թե մի քանի տասնյակ հազար մարդիկ ոչ թե, օրինակ, Ջենիֆեր Լոպեսի բարեմասնություններով էին զմայլված, այլ իր «Իրական Հայաստանի կոնցեպտով» (դրանք, համաձայնվեք, ամեն դեպքում՝ տարբեր բաներ են)։
Իսկ եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես ուզում է տեսնել, թե ժողովուրդն ինչպես է ցնծում՝ թող հայտարարի, որ «Հրազդան» մարզադաշտում կարդալու է իր հրաժարականի տեքստը։ Այ դա կլինի իսկապես ինքնաբուխ տոնախմբություն։
Կարդացեք նաև
Մարկ Նշանյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում