Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն այդ պատճառով ընդառաջել եմ համալսարանի ղեկավարության խնդրանքին՝ ընդհատելու դասավանդումը ՀԱՀ-ում. Սամվել Ֆարմանյան

Օգոստոս 19,2025 10:10

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ի գիտություն ԶԼՄ-ների

Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից (ՀԱՀ) ինձ առաջարկվել էր ընդհատել դասավանդումը բուհում: Չնայած, համալսարանի առաջարկությամբ ես աշնանային կիսամյակի աշխատանքային պայմանագիրը դրանից օրեր առաջ արդեն ստորագրել էի:
Պատճառների մասին հավանաբար գիտեք շատերդ՝ կառավարությունն ու իշխող քաղաքական ուժն օրեր շարունակ կազմակերպված թիրախավորել էին համալսարանն ու պղտորել մթնոլորտը: Համալսարանի ղեկավարության մոտ կար մտահոգություն, որ իմ հետայսու դասավանդումը կարող է էլ ավելի սրել համալսարանի թիրախավորումն ու խաթարել մեկնարկող ուսումնական պրոցեսը:
Առերևույթ առիթն, ինչպես մատուցվեց, ՔՊ խմբակցության պատգամավորներից մեկի հետ աշխատանքային պայմանագիրը չերկարաձգելու ՀԱՀ-ի որոշումն էր եղել (ինչն, ի դեպ, կարծեմ, չեղարկվել է): Թիրախավորման պատրվակը՝ իմ ֆեյսբուքյան մի գրառումը, որով Նիկոլին ու Աննային ընդամենը հիշեցրել էի իրենց նախահեղափոխական անցյալն ու ասել այն, ինչ մեր ժողովրդի 80-85 տոկոսի շուրթերին է՝ ձեր կենցաղի ու արտաքին տեսքի հեղափոխական փոփոխությունը ամենացցուն ապացույցն է այն բանի, որ դուք խաբել եք հայ ժողովրդին. «հեղափոխությունը» դրական փոփոխություններ բերել է միայն ձեր ու ձեր թիմակիցների կենցաղում:

Ինձ համար ակնհայտ է սակայն, որ այս ամենի իրական հեղինակները, մայր պատճառներն ու նպատակները լրիվ այլ են: Կապրենք՝ կտեսնենք:

Ես այս ընթացքում կես բառով անգամ չեմ արձագանքել համալսարանի կամ իմ հանդեպ կազմակերպված վիրավորանքների, ստերի ու կեղծիքի հեղեղին, էժան շահարկումներին, անձնական թիրախավորմանը, շատերի երեսպաշտությանն ու ոմանց լռությանը: Անգամ ուրացմանը: Չեմ անի նաև հիմա: Կգա, հավանաբար, դրա ժամանակը:

Կբավարարվեմ միայն ֆիքսելով, որ իր քաղաքական հակառակորդներին «շինելով» ու «դոմփելով» սպառնացող, դատավորներին «վնգստացող» անվանող, իր «չթլպատված լինելը» առարկայորեն ապացուցելու կոչով հանդես եկած, քաղաքական բանավեճի մակարդակը զզվելի հայհոյախոսության վերածած, բայցև նույն ՀԱՀ-ում «բանախոսության» հրավիրված Նիկոլն ու մարդկանց «գեղցի», «գեղցու բարբառով խոսող», «ոջիլ» ու «մեռելի զդաչի» անվանող իր զուգընկերուհին, ածանցյալ ուսապարկերով հանդերձ, բարոյական ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ մտնել բարեպաշտության ու բարեվարքության պահապանի կեղծ դիմակի տակ: ՉՈՒՆԵՆ:

Համալսարանի ռեկտորի հրավերով հանդիպել ենք: Իմ մտահոգություններն ու տեսակետները նրան փոխանցել եմ: Ասել եմ, որ տեղի ունեցող քաղաքական ճնշումն ու միջամտությունը բուհի ներքին գործերին Սահմանադրության և օրենքների, նաև իմ իրավունքների կոպտագույն խախտում է: Լսել եմ նաև իր մտահոգություններն ու փաստարկները: Ես բավարարված եմ այդ զրույցով:

Ինչպես փոխանցել եմ ռեկտոր Բրյուս Պողոսյանին՝ համալսարանական ու ակադեմիական աշխարհն իմ սրտում է: Իմ ուսանողների շահն ինձ համար ամեն ինչից բարձր է: Ո՛չ համալսարանը ու ո՛չ էլ ՀԱՀ-ի լուսավոր ուսանողությունը չպետք է դառնան ոմանց մանր վրեժխնդրության կամ դավադիր գծագրերի կողմնակի զոհը:

Միայն այդ պատճառով ընդառաջել եմ համալսարանի ղեկավարության խնդրանքին՝ ընդհատելու դասավանդումը ՀԱՀ-ում: Շնորհակալություն եմ հայտնում բուհին նախորդ տարիների համագործակցության համար և լավագույնը մաղթում ուսանողներիս:
Նույն պատճառով չեմ պատրաստվում հանդես գալ լրացուցիչ պարզաբանումներով ու հարցազրույցներով կամ որևէ այլ քայլ ձեռնարկել:

Համալսարանական ու ակադեմիական աշխարհը, ուսանողական միջավայրն իր գույներն ու ռիթմն ունի. մեր իրականության ողբալի քամին թող ևս մեկ փոքրիկ պատուհանից այդ աշխարհ չներթափանցի:
Կհանդիպենք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031