Հայաստանի ճանապարհն Ադրբեջանին տրամադրելով, ըստ տնտեսագետ Հայկ Ֆարմանյանի, մեր պետությունը կշահի ընդամենը մեկ պարագայում, եթե հստակ տան երկու հարցի պատասխան՝ մեր սահմանապահ ծառայությունների եւ մաքսային մարմինների կողմից համապատասխան հսկողություն իրականացվելո՞ւ է, թե՞ ոչ։
«Եթե պատասխանը «ոչ» է, դա ունի միջանցքային տրամաբանություն, եւ Հայաստանը որեւէ տնտեսական օգուտ չի կարող ունենալ, դա բացառված է։ Միայն այդ պարագայում Հայաստանը հնարավորություն կունենա զարգացնելու ենթակառուցվածքներ, ռեստորանային բիզնես, սպասարկող ծառայություններ, այս դեպքում գուցե որոշակի օգուտներ լինեին։ Բայց նույնիսկ եթե Ալիեւի թվերով նայում ենք 15 միլիոն տոննա ապրանքի շրջանառություն` տարեկան կտրվածքով, ապա տարեկան Հայաստանի օգուտը կլինի մաքսիմում 80-100 միլիոն դոլար։ Ամեն դեպքում, դա այն բազմամիլիարդանոց ներդրումները չեն, ոչ էլ բազմամիլիարդանոց օգուտներն են, որ իշխանությունն ասում է»,- նշեց տնտեսագետը։
Ըստ տնտեսագետի՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է, եւ ՀՀ տարածքը համարվում է Եվրասիական Միության եւ մաքսային ընդհանուր տարածքի մաս, ուստի ՀՀ իշխանություններն իրավունք չունեն այդ ճանապարհը միակողմանիորեն հանձնելու որեւէ այլ պետության։ «Մենք խնդիր կունենանք առաջիկայում ԵԱՏՄ-ի հետ, վստահ եմ, որովհետեւ չի բացառվում, որ հարց առաջ քաշեն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու, մեր տնտեսությունը փլուզման վտանգի առաջ կկանգնի, որովհետեւ այդ ընդհանուր մաքսատուրքերից մենք ունենք 1.22% մասնաբաժին։ Առանց մեր գործընկերների կարծիքը հաշվի առնելու, միակողմանի բացում են դարպաս։ Այս նուրբ հարցը Ռուսաստանի արտգործնախարարությունում էլ է քննարկվում, որքանով ես տեղյակ եմ»,- ընդգծեց նա։
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: