Լրահոս
Օրվա լրահոսը

Գալիս ենք ոչ թե բաժանելու, այլ միավորելու, ոչ թե վրեժխնդրության, այլ արդարության հաստատման. Իկոնոմով

Օգոստոս 19,2025 12:38

– Մեր այսօրվա հավաքի նպատակը ոչ թե հերթական քաղաքական հայտարարություն անելն է, այլ մեր խնդիրների խորքային ախտորոշումը եւ դրանց լուծման համակարգային տեսլականի ներկայացումը,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՆԺԱՐ Սահմանադրական շարժման հիմնադիրներից՝ ձեռնարկատեր Արտաշես Իկոնոմովը:

Նրա խոսքով, իրենք արձանագրում են, որ ՀՀ-ում ոչ միայն կառավարման, այլեւ իրավական, սահմանադրական կարգի համակարգային քայքայման գործընթաց է, ու այդ ճգնաժամի արմատներն ավելի խորն են, քան վերջին 30 տարին. «Դրանք պայմանավորված են պետականության հիմքում իսկական ազգային ինքնորոշման բացակայությամբ: Անկախությունից ի վեր իրավունքի գերակայությունը զոհաբերվել է քաղաքական նպատակահարմարությանը, իսկ սահմանադրությունները դիտարկվել են որպես գործիք իշխանության պահպանման համար»:

Նա նաեւ վստահեցրեց՝ գալիս են ոչ թե բաժանելու, այլ միավորելու, ոչ թե վրեժխնդրության, այլ արդարության հաստատման ու իրենց նպատակն է մարդու ազատության, պատասխանատվության եւ արժանապատվության վրա հիմնված պետություն կերտելը. «Մենք մշակել ենք կոնկրետ ինստիտուցիոնալ ճարտարապետություն, որը ներառում է պետական խորհուրդ, ինքնորոշման ինստիտուտ եւ այլ կառույցներ, որոնք կդառնան նոր պետության կմախքը»:

Մեր պետության խնդիրն, ըստ Իկոնոմովի, գալիս են դեռ «Միացում» շարժման հիմնադրումից. «Այնտեղ մարդիկ էին կանգնած, գաղափարներ կրող մարդիկ, ինտելիգենտ, բայց չէին կայացել որպես էլիտա: Ամենամեծ խնդիրը դա է, երբ քաղաքացին ինքնորոշված չէ՝ չի կարողանում համահունչ միանալ ու կազմել ինքնորոշված հասարակություն, միայն ինքնորոշված հասարակությունը կարող է ունենալ էլիտա»:

Իկոնոմովի պատմական ակնարկը հասավ նաեւ առաջին նախագահական ընտրություններին, ընտրակեղծիքներին. «Փաստորեն այդ ժամանակ սկսվեց Արցախի կորուստը, մենք ոչ թե կորցրինք հենց 2020-ին, երբ Նիկոլը վերջին մեխը խփեց դրա մեջ, այլ իրականում Արցախի կորուստը սկսվեց 1996 թվականից, որովհետեւ այն արժեքները, որոնք պետք է լինեին ժողովրդավարական պետության մեջ, սկսեցին խարխլվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031