Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաստորագրություններով խաղաղություն չի լինում. Իկոնոմովը հակադարձում է Փաշինյանին

Օգոստոս 19,2025 13:45

-Ամեն ասուլիսից կամ ամեն հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ապրում ենք նոր միջավայրում, բայց չեմ կարծում՝ մեր հայրենակիցները դրական, շոշափելի կամ իրենց առնվազն արժանապատվությունը նվաստացած չեն զգում,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նորաստեղծ ՆԺԱՐ շարժման հիմնադիրներից Նինա Կարապետյանցը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձին, որում պնդում էր, թե խաղաղություն չէր կարող լինել առանց Ղարաբաղի հարցի փակման, տիկին Կարապետյանցը շարունակեց. «Արցախի հետ կապված հարցը մեր համաձայնելու կամ չհամաձայնելու հետ չի կապված: Արցախցիներն ունեն միջազգայնորեն ճանաչված իրավունքներ եւ այդ իրավունքների հետ կապված որոշումները կայացնելու են արցախցիները: Չենք կարող ասել՝ այն բոլոր միջազգային կոնվենցիաները, այն բոլոր լուծումները, կարգավորումներն ու սկզբունքները, օրինակ` բնիկ ժողովուրդների իրենց հայրենիքում ապրելու իրավունքը վերաբերում է բոլորին, բացի արցախցիներից, ցեղասպանության չենթարկվելու կոնվենցիան վերաբերում է բոլորին, բացի արցախցիներից: Չգիտեմ այդպիսի կոնվենցիա, որ այդպիսի կարգավորումներ ունի: Արցախցիների հարցը մի հոգի չէ, որ կարող է բացել կամ փակել»:

ՆԺԱՐ-ի մյուս հիմնադիրներից Արտաշես Իկոնոմովն էլ Փաշինյանի ուղերձին անդրադառնալով՝ շարունակեց տիկին Կարապետյանցին. «Ինչ ասում է, իր հերթական ստերից է: Նախաստորագրություններով խաղաղություն չի լինում: Մենք առաջիններից ենք կողմ խաղաղությանը ու մեր հարեւանների հետ ներդաշնակ լինելուն, բայց դա չի կարող լինել արժանապատվության հաշվին: Պետք է դիվանագիտական ճիշտ աշխատանք կատարվի, ոչ թե թաքուն պայմանավորվեն, ու չհասկանանք՝ ինչ է լինելու… մինչեւ ընտրությունները պարոն Փաշինյանը շատ արհավիրքներ կարող է բերել մեր գլխին՝ ըստ իր ապրելակերպի ու ըստ իր բնավորության: Բայց մենք պատրաստ ենք ամեն ինչին »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031