Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց այս «անխոչընդոտ» բառի հետ կապված հստակ բացատրության անհնարին է խոսել որևէ՝ նույնիսկ չնչին, հաջողության մասին. Վարդան Ոսկանյան

Օգոստոս 19,2025 13:41

Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հռչակագիրն էյֆորիկ «խաղաղության» լույսի ներքո ներկայացնողները պետք է հստակորեն մեկնաբանեն, թե ի՞նչ է նշանակում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի խոսույթից նույն այդ հռչակագիր սպրդած և Հայաստանի ինքնիշխան տարածքով արհեստածին Ադրբեջան-Նախիջևան ցամաքային կապն ապահովելիք ճանապարհի վերաբերյալ կիրառված «անխոչընդոտ» բառը։

Բանն այն է, որ Բաքվի բռնապետի խոսույթում «անխոչընդոտ» ձևակերպումը պարզապես չի նշանակում առանց արհեստական խոչընդոտների կամ խանգարումների հաղորդակցություն, այլ ունի ընդգծված աշխարհաքաղաքական և իրավական ենթատեքստ, որը ենթադրում է հայկական պետության վերահսկողության փաստացի բացակայություն Հայաստանի իսկ տարածքի մի հատվածի վրա։

 

Այսինքն, ըստ Բաքվի բռնապետի մինչ այժմ պաշտոնապես առաջ մղած խոսույթի՝ ձևականորեն այդ ուղին պետք է գտնվի Հայաստանի տարածքում, սակայն միևնույն ժամանակ մեր երկիրը չպետք է փաստացի իրավասություն ունենա մեր իսկ տարածքով անցնող հաղորդակցության վրա իրականացնելու սահմանային և մաքսային հսկում, գանձելու սահմանված վճարներ, կատարելու այլ գործողություններ, որոնք կարող են բխել Հայաստանի շահերից, բայց հակասել Բաքվի բռնապետի պատկերացրած «անխոչընդոտ» հաղորդակցության արատավոր տրամաբանությանը։

Առանց այս «անխոչընդոտ» բառի հետ կապված հստակ բացատրության և մեր հասարակական մտահոգության անվերապահ փարատման, անհնարին է խոսել որևէ՝ նույնիսկ չնչին, հաջողության մասին։

Հակառակ պարագայում պետք է անկեղծորեն խոստովանել, որ տարբեր հեղհեղուկ ձևակերպումների քողի տակ, այսուհանդերձ, փաստացիորեն իրագործվելու է տխրահռչակ միջանցքի տրամադրումը և բացատրել, թե ինչո՞ւ էր անհրաժեշտ «ինքնիշխանություն» բառի այդքան բաձրագոչ չարչրկումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031