Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կենդանիների կծելու դեպքերը նույնպես հազվադեպ չեն և ակնկալում ենք մեր ազգաբնակչության զգոնությունը. անհապաղ դիմել բուժօգնության. Արմեն Մուրադյան

Օգոստոս 19,2025 15:35

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Կատաղությունը հանրային առողջության լուրջ խնդիր է աշխարհի ավելի քան 150 երկրներում և տարածքներում, հիմնականում` Ասիայում և Աֆրիկայում: Այն վիրուսային, զոոնոզ հիվանդություն է, որից տարեկան մահանում է շուրջ 60.000 մարդ, որի 40%-ը 15 տարեկանից ցածր երեխաներն են:

Շների կողմից մարդկանց կծելու դեպքերը պատասխանատու են մարդկանց մոտ կատաղության դեպքերի 99%-ի համար և կարող են կանխվել շների պատվաստումների և կծած դեպքերի հետազդակային կանխարգելման միջոցով: Ամենից հաճախ կատաղության զոհ են դառնում 5-14 տարեկան երեխաները։
Երբ վիրուսը ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը և ի հայտ են գալիս կլինիկական ախտանիշներ, կատաղությունը դեպքերի 100%-ում մահացու ելք է ունենում:

Այնուամենայնիվ, կատաղությունից մահերը կարող են կանխվել ժամանակին հետազդակային կանխարգելման (PEP) միջոցով, որը կանխում է վիրուսի մուտքը կենտրոնական նյարդային համակարգ: PEP-ն բաղկացած է վերքերի մանրակրկիտ օճառով լվացումից /առնվազն 15 րոպեի ընթացքում/, մարդու` կատաղության դեմ պատվաստանյութի ներարկման ընթացքից և, անհրաժեշտության դեպքում, կատաղության դեմ իմունոգլոբուլինների ընդունումից (RIG):

Ամեն տարի աշխարհում ավելի քան 29 միլիոն մարդ ստանում է կատաղության դեմ պատվաստանյութ:
ԵՄ/ԵՏՏ-ում 2023 թվականին գրանցվել է մարդու կատաղության միայն 1 դեպք։ Սա առաջին դեպքն էր 2019 թվականից հետո։

Կենդանիների կատաղության դեպքերի վիճակագրությունը հետևյալն է` Ռումինիա՝ 49 դեպք (28 խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, 16 աղվես, 4 շուն, 1 շնագայլ)
Հունգարիա՝ 15 դեպք (9 աղվես, 3 շուն, 2 խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, 1 կատու), Լեհաստան՝ 7 դեպք (6 աղվես, 1 շուն):

Չնայած լայնածավալ պատվաստումային ծրագրերին, որոնք գրեթե վերացրել էին կատաղությունը վայրի բնությունից, այս դեպքերը ցույց են տալիս շարունակական վերահսկողության անհրաժեշտությունը։ Չղջիկների հետ կապված կատաղության դեպքեր Եվրոպայում շարունակվում են գրանցվել։
1977-2014 թթ․ ընթացքում գրանցվել է ավելի քան 1000 դեպք՝ հատկապես Դանիայում, Նիդերլանդներում, Գերմանիայում և Լեհաստանում։

Մարդկանց շրջանում վարակը հազվադեպ է, բայց հնարավոր, եթե կծելուց հետո չի իրականացվում հետազդակային կանխարգելում։ 2025 թվականին Ռումինիայում գրանցվել է տեղական մահ՝ կապված թափառող շան կծելու հետ։ Սա առաջին դեպքն էր 2012 թվականից հետո։
Հայաստանում կենդանիների կծելու դեպքերը նույնպես հազվադեպ չեն և ակնկալում ենք մեր ազգաբնակչության զգոնությունն ու իրազեկվածությունը անհապաղ դիմել բուժօգնության և կանխել մահացու ելքով հիվանդությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031