Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռումբերու պայթումէ ջախջախուած ծնոտները նորգուած են՝ իր մոգական մատներուն տակ». հայազգի բժիշկը՝ պլաստիկ վիրաբուժության հիմնադիր

Օգոստոս 19,2025 17:36

ԲԺԻՇԿ ՎԱՐԱԶԴԱՏ ԳԱԶԱՆՃՅԱՆԸ (1879-1974)՝ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ

Վարազդատ Գազանճյանը ծնվել է 1879 թ․ Երզնկա քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Սեբաստիայի ճիզվիտական քոլեջում, ապա տեղափոխվել է Տրապիզոն, որտեղ Համիդյան կոտորածներից փրկվելով՝ 1895 թ․ տեղափոխվում է Վուսթեր (ԱՄՆ)։

1900 թ․ ստանալով ԱՄՆ քաղաքացիություն՝ որոշում է բժշկական կրթություն ստանալ։ 1902 թ․ ընդունվում է Հարվարդի համալսարան, որն ավարտում է 1905 թ․՝ ատամնաբույժի որակավորմամբ, ապա մասնագիտական կրթությունը շարունակում է Բոստոնի բժշկական համալսարանում։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա կամավորագրվում է Հարվարդի բժշկական կորպուսին և, բրիտանական բանակում որպես ռազմական բժիշկ, անցնում է ծառայության Պաղեստինյան ռազմաճակատում: Այստեղ Գազանճյանը կարճ ժամանակահատվածում ստանում է մայորի կոչում և դաշտային հոսպիտալներում կատարում է լուրջ դիմածնոտային վիրահատություններ՝ ռազմաճակատում վիրավորված բազմաթիվ զինվորների խեղված դեմքերը հնարավորինս վերականգնելով։

«Ռումբերու պայթումէ բոլորովին ջախջախուած, փշրուած ու թափուած ծնոտները դարմանուած եւ նորգուած են՝ իր մոգական մատներուն տակ», – գրում է Վահէ Հայկը։ Որպես պրակտիկ բժիշկ՝ նա նաև այդ ընթացքում դիմածնոտային վիրաբուժության մեջ կիրառվող գյուտերի հեղինակ է դառնում, իսկ բժշկանան հոդվածները՝ վիրաբուժական գործիքների լուսանկարնեով, թագմանվում են տաբեր լեզուներով՝ ծառայելով իբրև ձեռնարկ։

Ռազմաճակատում ունեցած բացառիկ դերակատարության համար բժիշկ Գազանճյանին անձամբ Մեծ Բրիտանիայի Գևորգ 5-րդ թագավորի կողմից շնորհվել է «Սուրբ Միքայել և Գևորգ» ասպետական շքանշանը։

Որպես ԱՄՆ քաղաքացի՝ «վէթերաններու 500նոց գունդի մը գլւխ անցած՝ Ուաշինլթըն գնաց և յուժկու յիշատակագիր մը ներկայացնելով Արտաքին Գործոց նախարարութեան, Ծերակոյտին և Երեսփ․ ժողովին՝ յանուն իր հետեւորդներուն պահանջեց Հայկական հանրապետուտութիւնը ճանչընալ եւ հասնիլ Անոր ամէն կարգի օժանդակութիւններով։ Բարձր շրջանակներու մէջ ունեցած բարեկամները մեծապես նպաստեցին իր առաքելութեան, և՛ ահա այդ թուականէն հազիւ շաբաթ մը կ՛անցնէր՝ երբ Ամերիկեան կառավարութիւնը յայտարեց ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՆԱՉՈՒՄՆ՝ իբր «Քոյր Հանրապետութիւն», – նրա մասին գրում է Վահէ Հայկը 1920 թ․։

Գազանճյանը երկար տարիներ դասավանդել է Հարվարդի համալսարանում, 1941 թ․ դարձել է այդ համալսարանի առաջին դիմածնոտային վիրաբուժության պրոֆեսորը։ Եղել է Ամերիկյան պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի, Ամերիկյան դիմածնոտային- վիրաբուժության ընկերության պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ընկերության նախագահը։

1966 թ. նրան շնորհվել է Բրիտանական պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի պատվավոր անդամի կոչում, իսկ 1967 թ․–ին՝ Գլազգոյի Թագավորական բժիշկների և վիրաբույժների քոլեջի պատվավոր անդամի կոչում։ Նա նաև Մասաչուսեթսի ատամնաբուժական ընկերության, Ամերիկյան պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ընկերության պատվավոր անդամ է եղել։

Բժիշկն իր կարիերայի ընթացքում հեղինակել է ավելի քան 150 գիտական հոդված։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031