Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի հետ, ծայրահեղ անարդար է, նա քաղբանտարկյալ է»․ Լևոն Քոչարյան

Օգոստոս 19,2025 18:15

«Այս դատավարությունների ընթացքում նաև, այն մարդիկ, որոնք փոքր-ինչ կասկած ունեին, կհամոզվեն, որ այդ ամենը կեղծիք էր իշխանության կողմից կազմակերպված»,- Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի բակում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) առաջին դատական նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, թե «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Հարցին՝ կարծում եք ճնշումներ կա՞ն դատական համակարգի նկատմամբ և հարցին՝ ինչո՞ւ չկա հասարակական մեծ հակազդեցություն, պատգամավորը պատասխանեց․ «Ճնշումներ միանշանակ կան։ Տեսնում ենք օրինակներով, թե քիչ թե շատ անկախ դատավորների հետ ինչ է լինում, երբ իրապես արդարադատություն են իրականացնում․ նրանցից ազատվում են կամ քրեական գործեր են հարուցում»։ Ըստ Լևոն Քոչարյանի՝ հասարակական դժգոհություն կա, թե ինչ ձևով, թե երբ, չի կարող ասել, բայց վստահեցրեց՝ այն կարտահայտվի։

Լևոն Քոչարյանը վստահեցրեց՝ այնպես չէ, որ «ընդդիմությունը իր տեղը նստած մնացել է»․ «Իշխանություններն օգտագործում են՝ որպես գործիք վախն ու ճնշումները։ Սա, ցավոք, ինչ որ մարդկանց ինչ-որ գործողությունների մասնակցելուց, իրենց ձայնը բարձրացնելուց հետ է պահում»։

Ըստ Լևոն Քոչարյանի՝ որևէ բան անելը ուղղակի ինքնանպատակ չէ․ «Այնպես չէ, որ պիտի անենք ինչ-որ բան, էնքան որ անելու համար։ Մեծամասշտաբ նախաձեռնության համար պետք է հասկանալ, որ դրանում կհաջողես, հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել ավելի մեծ հիասթափության»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ պլաններ ունեն, պատրաստվո՞ւմ են 2026-ի ընտրություններին, թե կարծում են, որ փողոցային պայքարով պետք է առաջ շարժվել, Լևոն Քոչարյանը պատասխանեց․ «Մենք երբեք փակված չենք համարել փողոցային պայքարի էջը։ Դրա հետ զուգահեռ խոսել ենք նաև հնարավոր  ընտրությունների մասին։ Ընտրություններն այսպես, թե այնպես լինելու են, բայց երբեք չենք բացառել, որ հնարավորության դեպքում փողոցով հնարավոր է ինչ-որ բան անել»։

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը դեռ հավակնու՞մ է ՀՀ վարչապետի պաշտոնին, նույն ձևաչափո՞վ են մասնակցելու 2026-ի ընտրություններին, Լևոն Քոչարյանն այսպես արձագանքեց․ «Ես հիմա ընտրությունների մասով որևէ բան չեմ ասելու․ գրեթե մեկ տարի կա։ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի առաջնորդն է և շարունակում է մնալ»։

Հարցին՝ Սամվել Կարապետյանի հետ հավանական համարո՞ւմ է համագործակցությունը, Լևոն Քոչարյանը պատասխանեց․ «Այն, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի հետ, ծայրահեղ անարդար է, իրավունքի հետ որևէ առնչություն չունի։ Նա քաղբանտարկյալ է։ Մենք մենք ենք, իրենք՝ իրենք են»։

Հարցին՝ չեք խանգարի՞ իրար, Լևոն Քոչարյանը պատասխանեց․ «Հույս ունեմ, որ իրապես ընդդիմադիր հատվածը պետք է ամեն ինչ անի իրար չխանգարելու համար»։ Լրագրողների այն դիտարկմանը՝ կան տեղեկություններ, որ «Հայաստան» դաշինքի որոշ պատգամավորներ բանակցում են Սամվել Կարապետյանի թիմ տեղափոխվելու համար, Լևոն Քոչարյանն ի պատասխան ասաց՝ վստահաբար նման բան չկա։

Հարցին՝ ինչո՞ւ Միքայել սրբազանի դատական նիստերին իրեն չեն տեսնում, իսկ Բագրատ սրբազանի դատական նիստերին տեսնում են և հարցին՝ Միքայել սրբազանին չեք սատարո՞ւմ, Լևոն Քոչարյանը պատասխանեց․ «Ուղղակի ինձ մոտ անձնապես չի ստացվել։ Իհարկե, աջակցում ենք։ Միքայել սրբազանն այն մարդկանցից է, որը բոլորին քննադատել է՝ նաև Ռոբերտ Քոչարյանին։ Խոսքը բացարձակ անձնական հարաբերությունների մասին չէ։ Այն, ինչ կատարվում է իր հանդեպ, ծայրահեղ անարդար է, նա բանտարկված է իր քաղաքական հայացքների համար, այս իշխանությանը դեմ լինելու համար»։

Լրագրողները նկատեցին՝ շատերն ասում են, որ եթե 2026-ի ընտրություններին Ռոբերտ Քոչարյանն իր թիմով մասնակցի, Նիկոլ Փաշինյանը նորից վերընտրվելու է, քանի որ ասելու են՝ եթե մեզ չընտրեցիք, Քոչարյանն է հետ գալու, Լևոն Քոչարյանն արձագանքեց․ «Իշխանության օրակարգն եք կրկնում։ Ես համաձայն չեմ դրա հետ։ Դրանից տարիներ են անցել։ Բոլոր հարցումներով՝ հիմնական ընդդիմադիր ուժը «Հայաստան» դաշինքն է՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, բավարար է։ Այս պահին իշխանությունն էլ չունի բավարար վարկանիշ»։

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ մարդիկ համերգների գնո՞ւմ էին, նման մեգա աստղեր, ինչպես Ջենիֆեր Լոպեսն էր, գալի՞ս էին Հայաստան, Լևոն Քոչարյանն այսպես արձագանքեց․ «Ես հիշում եմ, երբ 1997-ին տեղափոխվեցի ՀՀ, մարզահամերգային համալիրում միշտ աստղեր էին հրավիրում՝ ռուսական աստղերին։  2000-ականներին էլ են եղել համերգներ։ Ուղղակի այս իշխանություններն ունեն քարոզչական հնարքները լավ օգտագործելու հմտություն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031