Լրահոս
Օրվա լրահոսը

Անաստաս Իսրայելյան. «Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը ես անվանել եմ Հայաստանում Ադրբեջանի դեսպանի ուղերձ, որովհետեւ նա 20 թե 30 րոպե խոսեց միայն Ադրբեջանի, Թուրքիայի շահերի, նրանց ունեցած վաղեմի ծրագրերի իրականացման մասին»

Օգոստոս 19,2025 22:02

«Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը ես անվանել եմ Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի դեսպանի ուղերձ, որովհետեւ նա 20 թե 30 րոպե խոսեց միայն Ադրբեջանի, Թուրքիայի շահերի, նրանց ունեցած վաղեմի ծրագրերի իրականացման մասին՝ դա նա ներկայացնելով այնպես, որ մեզ համար խաղաղություն է»,- Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձի մասին «Հայելի» ակումբում այսպես խոսեց արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը:

«Արցախի հետ կապված հարցը ամեն ձեւի մեջբերելով՝ ինքը կրկնապատկեց ի սկզբանե իր դավաճանական մոտեցումները՝ հայտարարելով, որ իր համար Արցախի հարցը միշտ եղել է կռվի, թշնամանքի թեմա: Ու մենք այսօր ունենք շատ լուրջ խնդիրներ՝ կապված այս տարածաշրջանում հայ լինելու, հայ ապրելու հետ:

Արցախցիների իրավունքների հարցը ամեն կերպ, մեր պայքարների բոլոր ուղղություններով միշտ պահելու ենք առաջնային: Արցախի հարցը փակված չի: Արցախի հարցը փակել փորձում են, ցավոք սրտի, ներկա իշխանության մի խումբ ղեկավարները՝ ապահովելու համար իրենց անվտանգությունը, բարելավելու իրենց կյանքը: Եվ այդ նպատակով փորձում են մեր ժողովրդին, հանրությանը մանիպուլացնել՝ լավ ապրել, խաղաղ ապրել խոստանալով: Բայց մենք ունենք ցավալի իրականություն, ցավալի աղետներ, ինչին հասցրել է այս իշխանությունը՝ էլի ժողովրդի մեջ սուտ հույս ու հավատ մտցնելով:

Ես երեկվա նրա ելույթի մեջ վատ բաներ եմ նկատել: Ասում է. ժողովուրդ, դուք պարտված եք, քանի անգամ էլ հաղթեք, վերջում պարտվելու եք: Ասում է՝ բա եթե դուք դրան համաձայն չեք, ինչո՞ւ հեղափոխություն չարեցիք, եթե չարեցիք, ուրեմն համաձայն եք, որ մենք թույլ ազգ ենք, թասիբ, նամուս չունենք, թշնամուն դիմադրելու արժանապատվություն չունենք: Հետեւաբար, դուք արժանի եք նրան, ինչ ես ձեզ այսօր ներկայացնում եմ: Ես նրա ելույթի մեջ դա եմ տեսել:

Մարդն այդ աստիճանի ոտնահարի՞ իր ժողովրդի պատմությունը, այդ աստիճանի ոտնահարի՞ հերոսներին, հերոսների արյունով ազատագրված հողերը, որոնք ինքը դավաճանեց, վաճառեց թշնամուն: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ ղեկավարությունը այդ աստիճանի կնվաստացնի իր ազգին, ու վերջում արդարացնի պարտությունները, զոհերը հանուն ոչնչի, ցեղասպանությունից փրկված արցախահայությունը, Արցախը հայկական չլինելը ու այսպես շարունակական ոտնահարի, զրոյացնի պատմական բոլոր իրողությունները»,-ասաց Անաստաս Իսրայելյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031