Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպե՞ս եք խաղաղություն կառուցում՝ մարդկանց ստերով կերակրելով, որ հետո կանգնեցնենք բարդ իրողությունների առջև. Տաթևիկ Հայրապետյան

Օգոստոս 20,2025 13:42

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ես նախորդիվ գրել ու խոսել եմ, որ ՀՀ իշխանությունները ու նրանց սպասարկող քարոզչական ապարատը փորձում են հայ հանրության աչքում Ադրբեջանի կեղծ խաղաղասիրական իմիջ ստեղծել՝ շատ հաճախ ուղղակի անտեսելով կամ չտեսնելու տալով Ադրբեջանի հնչող վտանգավոր ու զավթողական ծրագրերը։ Բայց Վաշինգտոնի հանդիպումից հետո իշխանական քարոզիչները կեղծիքի նոր մակարդակի են հասել՝ ուղղակի սուտ տեղեկություն տարածելով, թե իբր «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող համայնքը կամ դրան առնչվող կազմակերպությունները դադարեցրել են իրենց գործունեությունը։ Ես դրան իմ ալիքում մանրամասն անդրադարձել էի՝ բերելով հստակ փաստեր, որ այդ լուրը ԿԵՂԾ է։ Անգամ այդ զավթողական անունը կրող համայնքի ղեկավար, պատգամավոր Ազիզ Ալիքբերլին հերքեց այդ լուրը՝ ասելով, որ «Սա բացարձակ կեղծ լուր է։ Նման պնդումները գալիս են Հայաստանից․․․»։ Մի քանի այլ ադրբեջանցի պատգամավորներ ևս հերքել էին այդ լուրը։

Բացի այդ, ես գրել էի, որ վերոնշյալ անունով համայնքը անգամ նամակ էր հղել վաշինգթոնյան հանդիպումից հետո Ալիևին, որը դրվել էր Ադրբեջանի նախագահականի կայքում։ Այդ համայնքը շարունակում է լինել ակտիվ, անել հայտարարություններ ու միջոցառումներ։

Բացի համայնքի գործոնից, այդ թեման Ադրբեջանում նախադպրոցական, դպրոցական ու ԲՈՒՀ-ական կրթության մաս է։ Ես դա իմ ծավալուն հոդվածով փաստերով ցույց եմ տվել։ Այսինքն՝ Ադրբեջանում երեխան մեծանում է մտածելով, որ իր հարևանությամբ գտնվող Հայաստանը «իր պատմական հողն է»։

Եվ այս վտանգավոր իրականության պայմաններում Հ1-ի եթերում Ալիևի ընդդիմադիր համարվող Արիֆ Յունուսովը, որը վերջին շրջանում չգիտես ինչու դարձել է փաշինյանական քարոզիչ, բացահայտ ստում է ու ասում, թե իբր այդ կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը ու, իհարկե, որևէ փաստական հակադարձում չի ստանում, որ դա հերքվել է հենց նույն Ադրբեջանից։ Լավ, որքա՞ն կարելի է ստել, ի՞նչի եք մարդկանց հիմարի տեղ դնում, ձեր հռչակած «իրական» Հայաստանը ստի ու կեղծիքի Հայաստանն է էլի փաստորեն, ընդ որում՝ ստում եք ոչ միայն Հայաստանի հետ կապված ամեն ինչի, այլ արդեն Ադրբեջանի թեմաներով։

Այսպե՞ս եք խաղաղություն կառուցում՝ մարդկանց ստերով կերակրելով, որ հետո կանգնեցնենք բարդ իրողությունների առաջ։ Ինձ համար այս վտանգավոր ջայլամային քաղաքականությունը ընկալելի չէ ոչ մի առումով։ Ես բազմիցս ասել եմ, որ բոլորից շատ կուզեի տեսնել Ադրբեջանում քաղաքականության փոփոխություն, քանի որ ես եմ ամենօրյա ռեժիմով հետևում այդ թունավոր լրահոսին, բայց դա չկա այսօր, քանի որ ողջ ալիևյան վարչակարգն է հիմնված հայատյացության ու զավթողական ծրագրերի վրա։

Ստերով ու հանրությանը հիմարացնելով խաղաղություն չեն կառուցում, բայց այսօր Հայաստանում պետության ղեկավարի գլխավորությամբ սուտը ասվում է այնքան հաճախ ու այնքան բարձր, որ դառնա իրողություն՝ ևս մեկ անգամ հիշեցնելով «Պատերազմը խաղաղություն է։ Ազատությունը ստրկություն է։ Տգիտությունն ուժ է», Օրուել «1984»-ի հայտնի խոսքերը․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031