Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան մեր դաշնակիցն է, դաշնակցի հետ պետք է շիտակ լինել.Ազատ Արշակյան

Օգոստոս 20,2025 15:50

Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը լուսանկար է հրապարակել կառավարության շենքի մոտ անցկացվող իրենց ցույցից՝ պաստառով, որի վրա գրված է «Պահանջում ենք կատարել ԵՄ անդամակցության ՀՀ օրենքը»:

Տիգրան Խզմալյանը նաեւ նշել է, որ առաջինն իրենց միացել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, խորհրդային տարիների այլախոհ Ազատ Արշակյանը:

«Համոզված եմ, որ շատ արագ եւ մեծ եռանդով պետք է Հայաստանի Հանրապետությունը ջանքեր թափի ԵՄ ուշադրությունը գրավելու համար, ես չեմ ասում միանալու համար, ուշադրությունը գրավելու, աջակցություն ստանալու համար: Ես համարում եմ, որ այսպես մեկուսացած լինելը Եվիրասիայից, Մաքսային Միությունից, ՀԱՊԿ-ից խռոված լինելը (իրականում խռովածություն է, կենցաղային մակարդակի՝ գալիս եմ, չեմ գալիս, ուզում եմ, չեմ ուզում) անթույլատրել է, իսկ կոմպլեմենտարիզմը՝ եւ այստեղ եւ այնտեղ, եւ սրանց հետ ,եւ նրանց հետ, շատ մեծ վտանգ է պարունակում իր մեջ, հետեւաբար հարկավոր է լինել յուրայինների հետ: Եվրոպան մեր դաշնակիցն է, դաշնակցի հետ պետք է շիտակ լինել եւ մեր դաշնակցի հակառակորդի հետ նույնպես շիտակ լինել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ազատ Արշակյանը:

Հարցին՝ իսկ իր կարծիքով ո՞վ պետք է ջանքեր թափի՝ իշխանությունները, քաղաքական ուժերը, քաղհասարակությունը, շարքային քաղաքացի՞ն, Ազատ Արշակյանն այսպես արձագանքեց. «Պետք է այդ ուղղությամբ եռանդով աշխատեն բոլորը. հասարակ քաղաքացիները պետք է պահանջեն որպես ընտրող՝ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերից որպես օրենք ընդունող, օրենք են ընդունել, ուրեմն կառավարությանը պարտադրում են, որպեսզի ակտիվ քայլեր կատարի դեպի Եվրոպա, արտախորհրդարանական ուժերը նույնպես պետք է հետեւողական լինեն: Եթե ընդունվել է օրենք, ուրեմն պետք է իրականացնել այն: Դա բոլորի գործն է:

Նաեւ ընդդիմության գործն է, ընդդիմությունն էլ թող չեղյալ համարի օրենքը: Ես անտարբերության դեմ եմ, դրա համար եմ միացել այս ակցիային: Ընդդիմությունը պետք է կողքը կանգնած լիներ եւ ասեր՝ կորչի Եվրոպան, կեցցե Եվրասիան: Մենք նույնիսկ կատակով քննարկում էինք դա, ասում էինք՝ ինչքան լավ կլիներ, որ իրենք էլ իրենց դրոշներով գային՝ Եվրասիայի, Մաքսային Միության դրոշներով, եթե կուզեք՝ Ոսկե հորդայի դրոշով: Ես կարծում եմ, որ երկու կողմն էլ քաղաքական ուժերի՝ եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը, պետք է ակտիվ լինեն, ու անտարբերությանը վերջ դրվի»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031