Ահաբեկչության նախապատրաստման գործով Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր չէր ներկայացել մեղադրյալներից մեկի պաշտպան Հովսեփ Սարգսյանը: Մնացած պաշտպանները դատարանին միջնորդեցին հետաձգել նիստը, քանի որ պաշտպանի բացակայությունը հարգելի է:
Պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը պնդեց, որ եթե այսօր հանդուրժեն մեղադրյալի իրավունքի խախտումը՝ առանց պաշտպանի մասնակցությամբ դատական նիստի շարունակումը, ապա ստիպված են լինելու հաջորդիվ այլ խախտումներ եւս հանդուրժել: Այլ պատշպաններ եւս միացան այս միջնորդությանը:
Պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը նկատեց. «Մենք մոտ ենք այն իրավիճակին, որ մեր ներկայությամբ կարող ենք լեգիտիմացնել ապօրինությունները: Մեր գործընկերոջ բացակայության դեպքում այլ բան քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, քան հետաձգելը»:
Կարդացեք նաև
Պաշտպանները նաեւ ներկայացրին բացարկի միջնորդություն հանրային մեղադրողներին:
– Այսպիսի մեղադրական եզրակացություն իմ երկարատեւ աշխատանքային գործունեության ընթացքում չեմ տեսել: Ինձ էլեկտրոնային ձեւով է ներկայացվել մեղադրական եզրակացությունը, բայց ցանկանում եմ՝ դատարանն արձանագրի, որ ես համաձայնություն չեմ տվել դրան: Այս ամենը ուղիղ հետեւանք է 2025 թվականի հուլիսի 3-ի խորհրդարանում հայտնի հայտարարության, որի պայմաններում ո՛չ դատախազական համակարգը, ո՛չ դատական համակարգը ի վիճակի չեն իրենց գործառույթներն իրականացնել Սահմանադրությամբ սահմանված ձեւաչափով,- հանրային մեղադրողների բացարկի միջնորդության վերաբերյալ իր պնդումներն արեց Մելիքյանը:
– Պարոն Հովհաննիսյանի կողմից հաստատվել է մի մեղադրական եզրակացություն, որը գոյություն չի կարող ունենալ: Չեմ պատկերացնում, թե ՀՀ նորագույն պատմության մեջ 2025 թվականին կենցաղային բնույթի խոսակցությունները վերածվեին ահաբեկչության նախապատրաստության ու գար հասներ դատարան: Բայց պարոն Հովհաննիսյանն այդ կարծիքին է,- շարունակեց պաշտպաններից Արամ Վարդեւանյանը:
Նա նաեւ պնդեց, որ մեղադրական եզրակացությունը անհիմն է, իրավական հենք չունի, հետեւաբար, իրենք չեն կարող իրավական վեճ ունենալ մեղադրանքի շուրջ:
Դատարանը որոշեց քննել մեղադրող դատախազներին հայտնած պաշտպանների բացարկի միջնորդությունը, հետո նոր քննարկել դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը, ինչին առարկեց պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը. «Ես հարգելով բոլորին՝ չեմ կարող մասնակցել մի նիստի, որի ընթացքում խախտվում է հենց մեղադրյալի իրավունքը: Ստիպված եմ լքել նիստերի դահլիճը»:
Դատարանը որոշեց մի քանի րոպեով հետաձգել նիստը: Երբ դատարանը վերադարձավ ընդմիջումից, դատարանում չէին պաշտպանները, որի պատճառով կրկին ընդմիջում հայտարարվեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ